Դատական ատյանները հաստատեցին, որ ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության անգործությունը ոչ իրավաչափ է

Մայիսի 27-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության բողոքը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայցով վարչական դատարանի որոշման առնչությամբ։

Հիշեցնենք, որ ԽԱՊԿ-ը 2013 թվականի  հունիսի 4-ին ԽԱՊԿ-ը գրավոր հարցում էր ուղղել ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ՀՀ տարածքում հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման վերաբերյալ: ԽԱՊԿ-ին հետաքրքրող հարցերն էին՝ 2012 թ. նոյեմբերի 23-ից հետո արդյո՞ք հայտարարվել է ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման եւ կառավարման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. եթե այն հայտարարվել է, ապա ովքե՞ր են մասնակիցները, եւ ի՞նչ պայմաններ են սահմանված. եթե մրցույթ չի հայտարարվել, ապա ինչպիսի՞ սցենար է ընտրվել եւ հաստատվել`թվային հեռարձակման ցանցի կառուցման եւ կառավարման համար: Օրենքով սահմանված ժամկետում ԽԱՊԿ-ը չստացավ պահանջվող տեղեկությունները, ուստի հունիսի 28-ին հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական  դատարան՝ ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջներով։

Նախարարությունը հայցադիմումի պատճենը ստանալուց հետո միայն ԽԱՊԿ-ին տրամադրեց պահանջվող տեղեկությունները, ուստի ԽԱՊԿ-ը հրաժարվեց հայցապահանջի՝ տեղեկություններ տրամադրելու մասից։ Նոյեմբերի 22-ին հրապարակված վճռով ԽԱՊԿ-ի հայցը բավարարվեց։ Ըստ այդմ՝ ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարության գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչվեցին։ 2014 թ. հունվարի 13-ին պատասխանող կողմն այս վճիռը բողոքարկեց վերադաս ատյան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը կայացավ ապրիլի 25-ին։

Փաստորեն, դատական այս ատյանը պատասխանող կողմի բողոքը համարեց անհիմն։

Share