«Life.panorama.am». 03.10.2014 թ.

Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները միմյանց հակասում են. Մելիքյան

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն օրերս հրապարկել է մամուլի ազատության մասին իր ամենամյա զեկույցը: Ըստ զեկույցի՝ Հայաստանի մամուլը ամենաազատն է տարածաշրջանում: Մեր երկիրը զբաղեցնում է 78-րդ տեղը, չնայած նախորդ ցուցանիշի համեմատ դիրքերը զիջել է 4 հորիզոնականով: Զեկույցի տվյալների, Հայաստանում խոսքի ազատության խնդիրների մասին life.panorama.am-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, ըստ զեկույցի տվյալների, Հայաստանն առաջատար է տարածաշրջանում, չնայած նախորդ զեկույցի ցուցանիշների համեմատ 4 տեղով զիջել է դիրքերը: Այդ ցուցանիշներն ինչի՞ մասին է խոսում:

-Նախ ես այնքան էլ համաձայն չեմ, որ մենք տարածաշրջանում առաջ ենք: Ձեր ներկայացրածը Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տեսակետն է: Ես ի հակադրումն դրան, կարող եմ այլ միջազգային կազմակերպության գնահատականը մեջ բերել: Դա «Freedom House»-ն է, ըստ որի, հետխորհրդային երկրներից մեր տարածաշրջանում միայն Վրաստանն է, որի մամուլը դասվում է կիասաազատների շարքում: Մյուս երկիրը Մոլդովան է: Ինչ վերաբերում է Հայաստանին և հետ խորհրդային մյուս երկրներին, ապա դրանք ոչ ազատ մամուլ ունեն: Այդ տեսանկյունից  այս երկու կազմակերպությունների գնահատականները միմյանց հակասում են: Շատ հաճախ առաջարկում եմ, որ այդ կազմակերպությունների փորձագետները նստեն մեկ սեղանի շուրջ, բերեն փաստարկներ և հիմանվորեն, թե ինչով է պայմանավորված, որ մեկի գնահատականով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է, իսկ մյուսը համարում է, որ Վրաստանում է առավել բարվոք իրավիճակ:

-Եթե միջազգային կազմակերպությունների գնահատականները դնենք մի կողմ, ձեր դիտարկումներով, խոսքի ազատության տեսանկյունից ներկայում ի՞նչ իրավիճակ է մեր երկրում:

-Մեր հետազոտությունները, զեկույցները, հավաքած փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանում խոսքի ազատության առումով վիճակը վատթարացել է: Խոսքը գնում  է  լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների և ճնշումներ գործադրելու մասին: Մենք արձանագրել ենք նաև ինֆորմացիա ստանալու և տարածելու խախտումներ: Այս առումով համամիտ եմ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետ, որ 4 տեղով մեր դիրքերը զիջել ենք: Սովորաբար այն տարիներին, երբ ընտրություններ են, շարժումները մեծ թափ են հավաքում, հասարակական քաղաքական մթնոլորտը շիկանում է, ավելանում է լրագրողների վրա ճնշումը: Նկատենք, որ 2013 թվականն ընտրական տարի էր: Այդ ժամանակ մենք ֆիզիկական 10 բռնության դեպք արձանագրեցինք: Այս տարի, ոչ մի ընտրություն չկա, բայց արդեն արձանագրել ենք 7 ֆիզիկական բռնության դեպք: Իրավիճակն այնպիսին է, որ պետք չէ զարմանալ, երբ միջազգային կառույցները նման գնահատականներ են տալիս: Պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման համար:

-Եթե նախընտրական տարի չէ, այդ դեպքում լրագրողների նկատմամբ նման դեպքերի ավելացումն ինչո՞վ է պայմանավորած, պատճառը ո՞րն է:

-Խորքային պատճառներ եմ տեսնում: Հասարակության մեջ արժեհամակարգն է փոխվել: Օրինակ, ճանապարհային ոստիկանին քաղաքացին կոպտում է, ահաբեկում է, ու դա «լավ տղայի» նշան է դիտվում: Ես կարծում եմ այդ շրջանակն ընդլայնվել է և այսօր լրագրողին կոպտելը, վատ վերաբերմունք ցուցաբերելը նույնպես սկսել է մտնել «լավ տղայական» հասակցությունների մեջ: Այդպիսի «տղաներ» մեր խորհրդարանում կան, ու կարծես, հեղինակության հարց է դարձել, այս կամ այն լրագրողին կոպիտ պատասխանելը, չանեն տալ ջարդելը և այլն: Բացի այդ, տեսնում ենք, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը պատասխանատվության չի ենթարկվում: Վերջին թարմ օրինակը Ա1+-ի լրագրողի դեպքն է, երբ Հատուկ քննչական ծառայությունը մերժեց քրեական գործ հարուցել:

– Իսկ միգուցե լրագրողական դաշտի միասնականության խնդիր կա: Նման դեպքերում լրագրողական դաշտը որքանո՞վ է միասնական:

-Իհարկե, պետք է միասնական լինել, որովհետև ծեծվածի կարգավիճակում յուրաքանչյուր լրագրող կարող է լինել: Իհարկե, խիստ իշխանամետ լրատվամիջոցների պարագայում փոքր-ինչ քիչ, ընդդիմադիրների դեպքում մի քիչ ավելի շատ: Ամեն դեպքում ոչ մի լրագրող երաշխավորված չէ, որ կարող է խուսափել նման իրավիճակից: Բայց այստեղ ուզում եմ ասել, որ մենք ինքներս պետք  մեր գործընկերների հանդեպ քննադատական վերաբերմունք ունենանք, երբ լրագրողները նույնպես իրենց վարքով, գործելակերպով ոչ պրոֆեսիոնալ նյութերով շատ ժամանակ հրահրում են այդ ամենը: Շատ հաճախ ի ցույց է դրվում, թե լրագրողներն ինչ են անում: Չնայած այդ հրահրելու սահմանը շատ նուրբ է և դժվար է միանշանակ տարանջատելը:

-Այսինքն, կարող ենք ասել, որ երկու կողմից էլ խնդիր կա:

-Այո: Կա խնդիր օրենքի հետ, տարրական մարդկային դաստիարակության հետ: Սևով սպիտակի վրա գրված է, որ լրագրողական աշխատանքի խոչընդոտումը քրեական պատասխանատվություն է նախատեսում: Լրագրողը կատարում է հասարակական նշանակության գործունեություն և այդ իմաստով պաշտպանված է օրենքով: Բայց մենք չենք տեսնում, որ լրագրողը պաշտպանված է օրենքով, որովհետև նրա հանդեպ ոտնձգությունների ժամանակ ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

-Մենք հիմնականում խոսեցինք խնդիրներից: Եթե դիտարկենք սոցիալական ցանցերն ու ինտերնետային լրատվամիջոցները, արդյո՞ք այստեղ խոսքի ազատության տեսանկյունից առաջընթաց  չունենք:

-Իհարկե ունենք, այո, դա ազատություն է, ձեռքբերում է, որից չի կարելի հրաժարվել: Այս առումով բավական ազատ երկիր ենք և դա լավ է: Ասեմ, որ դա նույնիսկ միջազգային կազմակերպություններն են նկատում: Նույն «Freedom House», երբ առանձին դիտարկում է ինտերնետային լրատվամիջոցները, մեզ ազատ երկիր է համարում: Բայց պետք է նկատել, որ ազատ խոսքն ամենաթողությունը չէ, դա պրֆեսիոնալ պատասխանատու խոսքն է: Պրոֆեսիոնալ, երբ խոսքը գնում է լրագրողական աշխատանքի մասին, պատասխանատու, երբ խոսքը գնում է քաղաքացու մասին: Կան հազար ու մի սանձարձակ մարդիկ, որոնք հայհոյախոսությունից հաճույք են ստանում: Դրա համար կամաց-կամաց Արևմուտքում սկսկում են մտածել ինչ-որ ողջամիտ սահմանափակումներ կիրառելու մասին: Բայց ինչ սահամանափակում էլ մտցնեն, դա խոսքի ազատությանն ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ: Ամեն դեպքում անհիմն սահմանափակումից պետք է զերծ մնալ:

http://life.panorama.am/hy/news/2014/10/03/meliqyan-freedom-of-speech/231175

Share