«Երկիր Մեդիա». 16.10.2014թ.

Անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացում դեռ շատ անելիքներ եւ բացեր կան

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացին վերաբերող զեկույց է պատրաստել “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն”՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Զեկույցը վերլուծում է, թե որքանո՞վ է իրականացվել Հայաստանի տարածքում վերգետնյա թվային հեռարձակման համակարգի ներդրման ծրագիրը: Օրենսդրական որոշ բացեր մատնացույց անելու հետ մեկտեղ, զեկույցի հեղինակները նշում են, որ թեեւ կառավարությունը նախկինում խոստացել էր անպահով ընտանիքներին թվային կցորդներ տրամադրել, այսօր այդ գործընթացը դեռեւս հստակեցված չէ: “Հայաստանում բնակչության մոտ 1/3-րդը անապահով է, եւ նրանց համար լուրջ խնդիր կլինի այդ թվային ազդանշանն ընդունելը։ Ըստ հայեցակարգի նշված է, որ անհրաժեշտ է պետական աջակցություն այդ խավին, մասնավորապես` անվճար ապակոդավորող սարքեր պետք է տրամադրվեն այդ ընտանիքներին, որի առումով առայժմ ոչ մի տեղաշարժ դեռ չկա, մինչդեռ 8 ու կես ամիս է մնացել։ Ըստ օրենքի, 2015 թվականի հուլիսին Հայաստանը պետք է անցնի թվային հեռարձակման: Այդքան քիչ ժամանակ է մնացել, բայց այդ խնդիրը դեռ լուծված չէ: Պետական մարմինները պետք է շատ լուրջ զբաղվեն դրանով, որպիսի մեր երկիրը ժամանակին կարողանա անցնել թվային հեռարձակման”,- ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

“Կխնդրեի ուշադրություն դարձնել Վրաստանի փորձի վրա, որտեղ թեեւ ուշացումով սկսվեց գործընթացը, բայց ռազմավարությունն ու հայեցակարգը բավական հստակ էին”,- նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն՝ ավելացնելով, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում գործող հեռուստաընկերությունները չտուժեցին թվային հեռարձակումից, շարունակաբար աշխատեցին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյի խոսքով, ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել թվային հեռարձակման կարգավորման դաշտի բարեփոխումներին: Հեռարձակման մասին օրենքի նոր նախագիծը, ասաց, ընդգրկում է ԵԱՀԿ փորձագետների առաջարկությունների հիմնական մասը: Իսկ թե մեր երկրում առկա տեխնիրկական եւ սոցիալական գործոնները որքանով հաշվի կառնվեն, դեռեւս հայտնի չէ:

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=22606

Share