«Armenpress.am». 16.10.2014 թ.

Թվային հեռարձակման անցնելու գործում հաշվի չի առնվել անապահով ընտանիքների հարցը. զեկույց

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի մասին զեկույցում նշվում է, որ թեև տեխնիկական աշպատանքներն ընդունված ժամանակացույցով են ընթանում, բավարար ջանքեր չեն գործադրվել բարձրացնելու հեռարձակման թվայնացման վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը, և որ անապահով ընտանիքներին թվային կցուրդներ տրամադրելու կարգն անհստակ է: Զեկույցը հոկտեմբերի 16-ին ներկայացվեց հանրությանը: Այն պատրաստել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ուսումնասիրությունը վերաբերում է թվայնացման երեք բաղադրիչների՝ օրենսդրական, տեխնիկական և սոցիալական: Զեկույցը վերհանում է նաև հեռարձակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա հարցեր:

Զեկույցի ներկայացմանը և քննարկմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ պետական գերատեսչություններից:

«Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել մինչև թվայնացումը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշեց դիտարկում անցկացնել և տեսնել, թե ինչպես է ընթանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը: Մի շարք լուրջ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել՝ մասնավորապես օրենսդրական: Պետք է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լուրջ փոփոխություններ մտցնել, որպեսզի թվայնացման գործընթացն, իսկապես, օրինական հիմքերի վրա լինի: Բացի այդ, շատ լուրջ խնդիր կա սոցիալական առումով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շատ անապահով մարդիկ կան, և նրանց համար լուրջ խնդիր կլինի այս անցումը: «Այդ խավին անհրաժեշտ է աջակցություն: Դա մի հարց է, որի շուրջ դեռևս տեղաշարժ չկա»,-նշեց նա: Մելիքյանը հավելեց, որ ինքը զեկույցը ներկայացրել է Ազգային ժողով, և հույս ունի, որ այն կդառնա օրակարգային:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն կարևորեց, որ աշխատել է Աշոտ Մելիքյանի և անկախ փորձագետների հետ: «ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել թվային հեռարձակմանն առնչվող կարգավորման դաշտի բարեփոխումներին»,-նշեց նա:

Զեկույցը վերլուծում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ տարածում վերգետնյա թվային հեռարձակման համակարգի ներդրման ծրագրի» իրականացումը, ըստ որի՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել հեռարձակման ոլորտի թվայնացումն ավարտել մինչև 2015 թվականի հուլիսը:

http://armenpress.am/arm/news/780369/tvayin-herardzakman-ancnelu-gortsum-hashvi-chi-arnvel-anapahov.html

Share