«1in.am». Մտավախություններ կան, որ ԵՏՄ երկրներում առկա բարքերը կարող են տեղափոխվել այստեղ. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Freedom House-ի հրապարակած «Համացանցի ազատությունը 2014 թվականին» զեկույցին, որտեղ Հայաստանը դասվել է համացանցի ազատություն ապահոված երկրների շարքը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայաստանյան լրատվամիջոցներից եթե առանձնացնենք հեռարձակվող լրատվամիջոցներին, տպագիրը և առցանցը, ապա, այո՛, առցանցը մեզանում շատ ավելի ազատ է, քան ավանդական լրատվամիջոցները:

«Կարծում եմ՝ առանձին վերցրած առցանց լրատվամիջոցները մեզանում շատ ավելի ազատ են: Արդեն երկրորդ տարին է՝ Freedom House-ը նշում է, որ առցանց լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան մնացածները: Հենց առցանց լրատվամիջոցների ազատության մակարդակի շնորհիվ է, որ Հայաստանի լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ 62 միավորով մի քիչ ավելի բարձր են, Ադրբեջանի կամ ԵՏՄ երկրների հետ համեմատած»,- հավելեց Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալու դեպքում մտավախություններ կան, որ այն բարքերը, որ առկա են ԵՏՄ երկրներում, կարող են տեղափոխվել այստեղ: Նրա խոսքով՝ մենք պետք է դրան պատրաստ լինենք, բայց պատրաստ լինենք ոչ թե ընդունելով այդ բարքերը, այլ հակազդելով և չհամակերպվելով դրանց, որովհետև նույն Ռուսաստանի Ղազախստանի և Բելառուսի մոտեցումները լրատվամիջոցներին և ՀԿ-ներին միանգամայն այլ են, և Հայաստանի հասարակությունը, բոլոր բացթողումներով հանդերձ, այնուամենայնիվ, շատ ավելի լիբերալ պայմաններում է ապրում, քան ԵՏՄ անդամ մյուս երկրներինը:

«Այդ ազատության շունչն արդեն զգացել է մեր հասարակությունը և պետք է պայքարի այդ ազատությունների համար»,- հավելեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

http://www.1in.am/1503636.html

 

Share