«Ա1+». Կառավարությունը սխալ է հաշվել անապահով ընտանիքներին (տեսանյութ)

Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելուց առաջ տեխնիկականից եւ օրենսդրականից բացի, պետք է սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծվեն։ Առանց ապակոդավորող սարքերի, մարդիկ չեն կարող թվային հեռարձակում դիտել։

«Պետք է ճշտել քանի անապահով ընտանիք կա, կառավարությունը որոշել է 1000 հազար ապակոդավորող սարք տալ, իսկ սոցապ նախարարության տվյալներով՝ այս տարվա մայիսի դրությամբ գրանցված է 130,000 անապահով ընտանիք»,- նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կազմակերպած քննարկմանն այսօր մի շարք փորձագետներ ու հեռուստաընկերությունների տնօրեններ վերլուծում էին այս հարցը։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղյակ են համակարգի բոլոր խնդիրներից։ Վստահեցնում են՝ դրանք բաց չեն մնա։

Հեռուստատեսության թվայնացման պրոցեսը Հայաստանում սկսվել է 2009 թվականից։ Այն նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2015 թվականի կեսը։ Գործընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո մի շարք մարզային հեռուստաընկերություններ կկանգնեն խնդրի առաջ։

Հրազդան հեռուստաընկերության տնօրենը հիշում է՝ երբ նոր էին սկսել թվայնացման մասին խոսել, միայն դրական կողմերն էին նշում, իսկ այսօր իրական պատկերն այլ է. «Հետզհետե կրճատվում ու սահմանափակվում էին հեռուստատեսությունների հնարավորությունները, հատկապես մարզերում։ Էդ ամբողջ գործում, միայն մի TV-ի են նախատեսում, եթե բազմակարծություն է, ինչու՞ են մյուսները զրկվում դրանից,- ասում է «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը։- Ինչո՞ւ պետք է մյուսները դադարեցնեն աշխատանքը, սա հակասահմանադրական է, հակաժողովրդավարական է»։

Հիշեցնենք, որ Երեւանում ու Աշտարակում փորձնական թվային հեռարձակումը նոյեմբերից արդեն գործում է:

http://www.a1plus.am/1356180.html

Share