«Новости Армения». Անցնող տարին բավականին լարված էր հայ լրագրողների համար. փորձագետ

Անցնող տարին հայկական մամուլի և լրագրողների համար բավականին լարված էր, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Կարծում եմ, որ 2014թ.–ը բավականին լարված էր լրագրողների և մամուլի համար, թեև ի տարբերություն նախորդ տարվա` այն ընտրովի չէր», – նշեց Մելիքյանը։

2013թ.–ին Հայաստանում նախագահի ընտրություն անցկացվեց, որի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց։

Մելիքյանը նշեց, որ 2014թ.–ի առաջին երեք եռամսյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության յոթ դեպք, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` իրավիճակն այդ հարցում չի փոխվել։

Կոմիտեի նախագահի խոսքով` 2014թ.–ի ինը ամսում բացահայտվել է մամուլի վրա իրականացված տարբեր տեսակի ճնշման 37 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 49 դեպքի համեմատ), տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքների խախտման 11 դեպք (2013 թ.–ին գրանցվել է վեց դեպք)։

«Եթե խոսենք հայկական մամուլին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների մասին, ապա հարկավոր է հիշել 2014թ.–ի սկզբում քննարկվող «ֆեյքերի» դեմ տխրահռչակ օրինագիծը, որի օգնությամբ փորձ էր արվում սահմանափակել կամ, ինչպես նշում էին օրինագծի հեղինակները, կարգավորել հարաբերությունները օգտատերերի և մամուլի միջև», – ավելացրեց Մելիքյանը։

Նրա խոսքով` այդ օրինագծի դեմ համախմբվեցին հասարակությունն ու լրագրողական հանրությունը։ «Սա այն դրական օրինակներից է, երբ ռեգրեսիվ օրինագիծը չընդունվեց հասարակության և մամուլի ճնշման պատճառով», – ասաց Մելիքյանը։

«Իմ տվյալներով` այդ օրինագծի քննարկումը հետաձգվեց սկզբում մեկ ամսով, հետո անորոշ ժամկետով, մինչև հեղինակները չգիտակցեցին օրինագծի անիմաստ լինելն ու չհասկացան, որ այն խոչընդոտում է խոսքի ազատությանը», – ավելացրեց նա։

Տարեսկզբին ներկայացված օրինագիծը, հեղինակների կարծիքով, ուղղված էր մամուլում զրպարտող հրապարակումների դեմ պայքարին` վկայակոչելով սոցցանցերի կեղծ հաշիվները։ Փաստաթուղթը պատասխանատվություն է նախատեսում «ֆեյքերի» հրապարակումների և մեկնաբանությունների տարածման համար։

http://www.newsarmenia.am/society/20141219/43141751.html

Share