«News.am». Ինչպիսի՞ն էր 2014 թվականը մեդիայի համար. Աշոտ Մելիքյան

2014թ բավականին լարված էր լրատվամիջոցների եւ լրագրողների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ հենց տարվա սկզբից տարբեր օրենսդրական նախաձեռնություներ բավականին վտանգավոր էին, խոսքը մասնավորապես տխրահռչակ ֆեյքերի մասին օրինագծին է վերաբերում, որը լրատվամիջոցների համախմբված ջանքերի շնորհիվ չընդունվեց: ԽԱՊԿ ղեկավարի փոխանցմամբ՝ վտանգավոր էր միտումը, որ արդի պայմաններում մեր խորհրդարանաը կարող էր նման օրինագիծ առաջ քաշել այն էլ բոլոր խմբակցությունների ստորագրությամբ:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցների եւ լրագրողների համար մյուս վտանգավոր ահազանգը Դատախազության հաղորդագրությունն էր, որ առանց թույլտվության նախաքննական գաղտնիքի հրապարակելով քրեական պատասխանատվության ես ենթարկվում, «դրանով կանաչ լույս վառվեց ՀՔԾ-ի գործողությունների համար, որը փորձեց «Զանգվածային լրատվության միջոցների» մասին օրենքը շրջանցելով՝ ինքնուրույն պահանջել տեղեկատվության աղբյուրի բացահայտում ilur կայքից եւ «Հրապարակ» թերթից»:

Արդյունքում դատարանն առանց այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների քննել էր հարցը, բավարարել էր ՀՔԾ-ի պահանջը, Վերաքննիչը եւս չէր բավարարել լրատվամիջոցների  բողոքը, Վճռաբեկ դատարանն էլ մերժել էր քննել այն, «սա լուրջ խնդիր է, պատմությունը դեռ կշարունակվի, այն կարող է հասնել ՄԻԵԴ, քանի որ խախտվել են լրատվամիջոցների իրավունքները»: Դրանից բացի՝ 2014թ ոստիկանության տարբեր բաժիններ դիմել են տարբեր լրատվամիջոցների՝ պահանջելով բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Աշոտ Մելիքյանը շեշտում է, որ եթե սա շարունակվի, հետաքննական լրագրությամբ զբաղվողների ձեռքները կապված կլինեն: Այս տարվա օրենսդրական կարեւոր փոփոխություններից էր նաեւ Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի արգելումը:

ԽԱՊԿ ղեկավարի խոսքով՝ թեեւ 2014թ ընտրական տարի չէր, քաղաքական հասարակական մթնոլորտը այդքան լարված չէր, բայց արձանագրել են լրագրողների նկատմամբ մոտ մեկ տասնյակ ֆիզիկական բռնությունների դեպքեր, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ մոտ 4 տասնյակ ճնշումների դեպքեր, այդ թվում՝ սպառնալիքներ, խոչընդոտներ, տնտեսական, քաղաքական բնույթի ճնշումներ, իրավական մեխանիզմները կիրառելու ճնշումներ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման մոտ մեկ տասնյակից ավելի դեպքեր: ԽԱՊԿ-ն 2014թ ամփոփ տվյալները կներկայացնի հունվարի կեսերին:

Նախորդ տարի արձանագրվել են նաեւ բազմաթիվ դատական գործեր՝ ընդդեմ լրատվամիջոցների, որոնց մի մասի հիմքում վիրավորանքի եւ զրպարտության մասին հոդվածն է: 2014թ «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություն մտցնելուց հետո առաջին դատական նախադեպը արձանագրվեց, որը բավականին հետաքրքիր եւ կարեւոր էր, Աշոտ Մելիքյանի խոսքով՝ լրագրողական հանրությունը պետք է հետեւողական լինի:

«Չնայած ճնշումներին, ֆիզիկական բռնություններին եւ խոչընդոտներին՝  լրագրողները  կարողացան հաղթահարել եւ կատարել իրենց հիմնական առաքելությունը ՝ հանրությանը տեղեկացնել հայաստանյան իրադարձությունների մասին»,-ամփոփեց Աշոտ Մելիքյանը:

http://news.am/arm/news/246563.html

Share