«Tert.am». Այս տարի պետք է բացառվի լրագրողի նկատմամբ բռնությունը. Աշոտ Մելիքյան

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի` հայաստանյան լրատվամիջոցները 2014թ-ին գործել են բավական լարված պայմաններում, ընդ որում, իշխանական տարբեր ատյաններ հաճախ տարբեր տեսակի ճնշումներ են գործադրել ու բարդություններ են առաջացրել:

«Մասնավորապես պետք է հիշեցնեմ, երբ տարեսկզբին նախաձեռնվեց տխրահռչակ ֆեյքերի մասին օրենքի նախագիծը, որը լրագրողական համայնքի մեծ ջանքների շնորհիվ էր, որ դրվեց մի կողմ, բայց այդ վտանգը բավականին լուրջ էր: ՀՀ դատախազությունը հաղորդագրություններով հիշեցնում էր, որ առանց թույլտվության նախաքննության գաղտնիք հրապարակելը քրեորեն պատժելի է, ինչին հետևեցին հատուկ քննչական ծառայության պահանջները որոշ լրատվամիջոցներին՝ բացահայտելու իրենց տեղեկատվության աղբյուրը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ ի վերջո Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել լրատվամիջոցներին պարտավորեցնել բացահայտել աղբյուրը:

«Նրանք հաշվի չեն առել ԶԼՄ-ների մասին այն օրենքը, համաձայն որի՝ դատարանը լրատվամիջոցից կարող է պահանջել բացահայտել աղբյուր միայն ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում, այն էլ երբ հասարակական շահ է առկա»,-ասաց նա:

Աշոտ Մելիքյանը նաև նշեց, որ 2014թ-ը աչքի ընկավ լրագրողների դեմ իրականացված բռնությունների քանակով:

«Այս տարի կուզենամ, որ շեշտակիորեն բացառվի ֆիզիկական բռնությունը լրագրողի նկատմամբ: Քաղաքական գործիչները, գործարարները և առհասարակ հայ հասարակությունը շատ ավելի հանդուրժող պետք է լինեն քննդատող խոսքի նկատմամբ: Իսկ ԶԼՄ-ին կցանկանայի պրոֆեսիոնալիզմի բարձրացում, էթիկայի կանոնների պահպանում»,-ասաց նա:

Սակայն ամենագլխավորը, որ Աշոտ Մելիքյանը մաղթեց հայկական ԶԼՄ-ին, իրական անկախության հասնելն է, քանի որ, ըստ նրա, ներկայումս ԶԼՄ-ների մեծ մասը բաժանված է տարբեր քաղաքական ու տնտեսական ճամբարների և, որպես կանոն, սպասարկում է նրանց շահերը:

http://www.tert.am/am/news/2015/01/06/ashot-meliqian/1553031

Share