«Tert.am». Ահաբեկչություն, խոսքի ազատության դեմ ոտնձգություն. հայ փորձագետները՝ ֆրանսիական պարբերականի վրա հարձակման մասին

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արաբագետ Հայկ Քոչարյանը և իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը քննադատելով տեղի ունեցածը՝ այն որակեցին ոտնձգություն խոսքի ազատության դեմ:

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է և ահաբեկիչների այդ քայլը վրդովմունք է առաջացնում: «Իհարկե՛, սա խոսքի ազատության դեմ ոտնձգություն է, և ո՛չ միայն խոսքի ազատության, այլ նաև՝ ժողովրդավարական արժեքների:  Շատ կարևոր է, որ Ֆրանսիայի իշխանությունները կարողանան հայտնաբերել այդ նողկալի գործողությունը կատարողներին և պատժեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի՝ եթե Մուհամմեդի ծաղրանկարներն ինչ-որ տեղ վիճելի են համարվում, ապա երբ ուղղակի որևէ անձի նկատմամբ ծաղրանկար է հրապարակվում, դա խոսքի ազատության նորմալ երևույթ է և լրագրության ժանր, դա չէր կարող գնահատվել որպես վիրավորանք:

«Ահաբեկիչները, փաստորեն, իրենց քաղաքակիրթ աշխարհից դուրս են համարում այս քայլերով: Քաղաքակիրթ աշխարհում ամենամեծ արժեքը մարդկային կյանքն է, նրանք այդ գործողությունը կատարել են ոչինչ հաշվի չառնելով: Ամբողջ լրագրողական հանրությունը և մարդկությունը պետք է դատապարտի այդ քայլը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Արաբագետ Հայկ Քոչարյանի համոզմամբ՝ թեև ֆրանսիական թերթի գրասենյակի վրա հարձակումը կատարվել է ԻՊ-ի ղեկավարի ծաղրանկարի հրապարակումից հետո, այդուհանդերձ, եվրոպացի մուսուլմանները փորձում են ցույց տալ, որ սա իսլամի հետ կապված չի:

«Իսլամի ծայրահեղ դրսևորումները Եվրոպայում այդքան էլ մեծ տոկոս չեն կազմում՝ եթե վերցնենք Եվրոպայում ապրող մուսուլման բնակչության թվաքանակը: Տարբեր գնահատականներով նրանք Եվրոպայի մուսուլման բնակչության 10-20% են կազմում»,- ասաց Հայկ Քոչարյանը՝ շարունակելով, թե մեդիայում շրջանառվելիս այնպես է ստացվում, թե ամեն ինչ ծայրահեղ վիճակում է, բայց, ընդհանուր առմամբ ինքն այն չի կապում միայն կրոնական գործոնի հետ:

«Սա ահաբեկչություն է: Սակայն խնդիրը մնում է բաց, քանի որ այստեղ սկզբունքային տարբերություն կա՝ տարբեր լեզուներով խոսելու և տարբեր մեթոդներ ունենալու, դրա համար հետևանքներն էլ այսպես են լինում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ պայթում են: Charlie Hebdo պարբերականում տեղի ունեցածն էլ հենց դրա դրսևորումն է, երբ կողմերը չեն կարողանում իրար հետ լեզու գտնել»,-ասաց արաբագետը:

Հայկ Քոչարյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է իր դրսևորմամբ. «Թե հետևում ովքեր են կանգնած՝ քննությունը պետք է պարզի: Կարող է՝ մուսուլմաններ լինեն, կարող է՝ ծայրահեղ մուսուլմանական կառույցներ լինեն, կարող է և պարզվի, որ մուսուլմաններ չեն, որովհետև դեռ քննությունն ընթանում է: Փաստն այն է, որ ահաբեկչությունը կազմակերպված է պրոֆեսիոնալների կողմից: Իհարկե՛, առաջին կասկածը ծայրահեղ իսլամիստների վրա է, բայց չի բացառվում, որ լինեն նաև այլ խմբավորումներ»:

Արաբագետը նշեց, որ եվրոպական հասարակության համար սա ոտնձգություն է խոսքի ազատության, ազատ արտահայտման նկատմամբ:

«Ես ակնկալում եմ, որ տարբեր պարբերականներ տարբեր ակցիաներ կիրականացնեն՝ ծաղրանկարներ կհրապարակեն, կդատապարտեն և ինչ-որ միասնական ակցիա տեղի կունենա: Քանի որ ահաբեկչությունը նպատակ ունի վախեցնելու ազատ խոսքին, հակաքայլը, հավանաբար, լինելու է ակցիաների տեսքով»,- ասաց արաբագետը:

Հնարավոր զարգացումների մասին խոսելով՝ Հայկ Քոչարյանը նշեց, թե մուսուլման տարբեր կառույցները հանդես են գալու դատապարտելով տեղի ունեցածը և փորձելու են ցույց տալ, որ սա եղել է ահաբեկչություն և կրոնական երանգն և այն իրականացնողների կրոնական պատկանելությունն այստեղ կարևոր չէ:

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ևս անդրադառնալով ահաբեկչությանը նշեց երեք հիմնական գործոն, որոնք իրար հետ կապված են:

«Առաջինը` կրոնական ֆունդամենտալիզմն է, որից էլ բխում են մնացած երկու բաղադրիչները, որովհետև ցանկացած ֆունդամենտալիզմ` դա լինի մարքսիստական, գաղափարական, բերում է և խոսքի ազատության սահմանափակման, բռնությունների և տեռորի»,-ասաց նա:

Նա նշեց, որ սա, ըստ էության, այլ կարծիք չհանդուրժելու երևույթն է, որն արտահայտվում է նման ձևերով: «Եթե վերցնենք նույն Եվրոպան, ապա պետք է հիշենք, որ միջնադարում նույն քրիստոնեությունն է եղել անհանդուրժող և քրիստոնեական դոգմաները չընդունելու համար մարդիկ շատ տանջանքների կարող էին ենթարկվել»,- ասաց նա և նշեց, որ քրիստոնեության մեջ տեղի ունեցած բողոքական շարժումը բերեց հանդուրժողականության:

«Այսօրվա եվրոպական արժեքների, խոսքի ազատության  մասին խոսելիս, պետք է հասկանալ, որ դա նշանակում է պետությունը դարձնել աշխարհիկ, և դրա մեջ մտնում են նաև ծաղրանքը, հումորը: Իսկ այն երկրներում, որտեղ չի եղել բողոքական շարժում` ինչպես Եվրոպայում, նրանք շարունակում են խարխափել խավարի մեջ: Այդպես է նաև ուղղափառ եկեղեցին, իսլամական երկրները և, ցավոք, նաև մեր եկեղեցում»,-ասաց նա:

Բացի իրավական ճանապարհով մեղավորներին պատժելուց, Ավետիք Իշխանյանը կարծում է նաև, որ սա փորձություն է քաղաքակիրթ աշխարհի համար, որ ոչ մի դեպքում չընկրկեն ահաբեկչությունների դեմ:

Նա նշեց, որ թեև 21-րդ դարն է, սակայն  տարբեր երկրներում քաղաքակրթությունները տարբեր են:

http://www.tert.am/am/news/2015/01/08/Paris-terror-opinions/1553961

Share