«Newsbook.am». 2014 թվականին արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք

2014 թվականը ԶԼՄ-ների գործունեության համար բավական լարված և բարդ ժամանակահատված էր: Այսօր՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2014 թվականի տարեկան զեկույցի ամփոփման ժամանակ այս մասին ասաց ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով` Հայաստանում շարունակվում են արձանագրվել լրագրողների և լրատվամիջոցների դեմ տարատեսակ բռնություններ ու ճնշումներ, տեղեկատվություն ստանալու և տարածալու հետ կապված բարդություններ, ինչը խիստ բացասական է, սակայն դրականն այն է, որ լրատվամիջոցները կարողանում են հաղթահարել առկա խոչընդոտները: «Մասնավորապես, 2014 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք՝ 1-ով պակաս, քան 2013 ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ, ճնշումների 43 փաստ՝ 14-ով պակաս 2013-ի համեմատ, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 13 դեպք՝ 3-ով ավելի, քան 2013 թվականին: Բացի այդ, անցած տարի տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 22 նոր հայց: Դրանցից 17-ը վերաբերում են վիրավորանքին և զրպարտությանը, 3-ը՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը, 1-ը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն, 1-ը՝ այլ բնույթի»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

ԽԱՊԿ ղեկավարը, որպես լրատվամիջոցնորի ու լրագրողների գործունեության սահմանափակման վառ օրինակ, բերեց անցած տարվա մարտին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «ֆեյքերի» մասին օրինագիծը, որով նախատեսվում է լրատվամիջոցին պատասխանատվության ենթարկել անանուն կամ կեղծանունով հանդես եկող հրապարակումների ու մեկնաբանությունների համար: «Պակաս մտահոգիչ չէ նաև ԶԼՄ-ների տեղեկատվության աղբյուրների բացահայտման պարտադրանքը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

ԽԱՊԿ տարեկան զեկույցի ներկայացման մյուս բանախոս, ԽԱՊԿ իրավաբան Օլգա Սաֆարյանը նշեց, որ վերջին տարիներին լրագրողների և լրատվամիջոցների մասնակցությամբ դատական գործերը շատացել են: «Սա մտահոգության տեղիք է տալիս, հատկանշական է նաև այն, որ դատարանները միատեսակ մոտեցում են ցուցանբերում այդ գործերին՝ սկսած փոխհատուցման չափերից: Շատ քիչ է պատահում, որ հայցվորը խորհրդանշական փոխհատուցում պահանջի, կամ առհասարակ չպահանջի»,- ասաց նա:

http://newsbook.am/?48849&l=am/

Share