«Առավոտ». Թվային հեռուստաընկերության անցումը՝ պատուհաս քաղաքացիների համար

«Թվայնացումը վերաբերում է ոչ միայն հեռուստաալիքներին, այլ թվայնացվում է ամբողջ եթերը: Մինչև հուլիս ամեն ինչ կկարգավորվի, և օրենքով նախատեսված կարգով հանրապետության ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ թվայնացման գործընթացը երեք բաղադրիչ ունի`տեխնիկական, օրենսդրական և սոցիալական: Ըստ նրա՝ ոչինչ չի արվել բացի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Մեդիա կենտրոնի համատեղ պատրաստած օրենսդրական փաթեթից, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Նշենք, որ 14 հեռուստաընկերություն թվայնացման ընթացքում կկանգնեն փակման եզրին, լուծված չէ նաև սոցիալապես անապահով խավի հարցը, որպեսզի վերջիններս կարողանան անվճար ստանալ ապակոդավորող սարք:

Այս առիթով պարոն Մկրտչյանն ասաց. «Ցավում ենք, որ հարցը շատ ուշ է բարձրացվում նույն մարզային հեռուստաընկերությունների կողմից: Օրենքը որևէ խոչընդոտ չէր ներկայացնում, որ նրանք գային, բանակցեին, մինչդեռ առաջարկներ չէինք ստացել ոչ մի մարզային հեռուստաընկերությունից»: Աշոտ Մելիքյանը հակադարձեց. «Իմաստ չկար, որ մարզային հեռուստաընկերությունները դիմեին ՀՌԱՀ, քանի որ 2010-ին ընդունվեց խայտառակ օրենք Հեռուստատեսության և ռադիոյի մասին, փաստորեն հնարավորություն չստեղծվեց, որ որևէ մարզում մեկից ավելի հեռուստաընկերություն լիներ»:

Մյուս խնդիրն այն է, որ քաղաքացիները ստիպված են ապակոդավորող սարքեր գնել, որպեսզի կարողանան օգտվել հեռուստաընկերությունից: Այդ սարքերը ութ հազար դրամից սկսած մինչև 60 դոլար արժողությամբ են: Aravot.am-իր հարցին՝ արդյոք չի ստացվում, որ քաղաքացիներին փաստի առաջ են կանգնեցնում, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն կարող ձեռք բերել այդ սարքերը, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Չի լինի մեկ սոցիալապես անապահով ընտանիք, որ չստանա այդ սարքը, պետության կողմից դա անվճար է տրամադրվելու: Իսկ սարքերը վաճառվում են ամենատարբեր գներով՝ սկսած ութ հազար դրամից: Ձեր նշած բարձր գների սարքերը այլ լրացուցիչ նշանակության սարքեր են նոութբուքերի նման: Բացի այդ անալոգային եթերը չի փակվելու»:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ քաղաքակիրթ երկրներում ապակոդավորող սարքերի տրամադրման գործընթացը պետությունն է կարգավորում: Սովորաբար տենդեր է հայտարարվում: Սակայն Հայաստանում նման բան չի եղել»:

http://www.aravot.am/2015/03/09/549401/

Share