«Առավոտ». Ո՞ւմ բիզնեսն է ծաղկեցնում անցումը թվային հեռարձակման

2015 թվականի հուլիսի 10-ից Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից անցում կկատարվի թվայինի: Առաջին հայացքից առաջընթացային համարվող այս գործընթացն ունի բազմաթիվ կնճռոտ կողմեր: Օրինակ՝ այն, որ քաղաքացիներն իրենց ոչ վերջին մոդելի հեռուստացույցներով հնարավորություն կունենան դիտել միայն երեք- չորս հեռուստաալիքներ: Դրա համար նրանք ստիպված են ձեռք բերել ապակոդավորող սարքեր, որոնք կցվում են հեռուստացույցին: Բայց այդ սարքերն, ինչպես ասում են, ջրի գին չեն: Նվազագույն արժողությամբ ապակոդավորողները 8000 դրամից ոչ պակաս են շուկայում:

Ու ստացվում է, որ ամեն ինչ արվում է ապակոդավորողները ամեն գնով վաճառելու համար: Իսկ դաշտը կարգավորված չէ: Տենդեր չի հայտարարվել, որ այս սարքերի ներկրմամբ զբաղվեն կոնկրետ կազմակերպություններ, ուստի շուկայում քաոս է. անհատ ձեռներեցներից մինչև խոշոր բիզնեսով զբաղվող անձինք ներկրում են ապակոդավորողներ:

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ գործընթացը այսպես հապճեպ առաջ են ընթանում, որպեսզի նպաստեն մի քանի անձի բիզնեսի՞ն, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Երբ մի քանի ամիս առաջ քննարկվում էր այդ ամենը պետական ատյաններում, մասնավորապես տրանսպորտի և կապի նախարարությունում, պետական մարմինները ձեռնպահ էին մնում նման տենդեր անցկացնելուց և կոնկրետ կազմակերպությունների այդ գործը վստահելուց, քանի որ կարծում էին, որ նորից կսկսեն խոսակցությունները, թե իրենց կառույցներից որևէ մեկին են ուզում տալ: Արդյունքում նրանք ուղղակի դրանով չզբաղվեցին»: Մեր այն դիտարկմանը, թե հանրության մեծ մասը դեռ տեղյակ չէ, որ թվային համակարգի է անցում կատարվելու հուլիսից, մինչդեռ որոշ անհատներ շտապել են արդեն մեծ խմբաքանակ ապակոդավորողներ բերել, Աշոտ Մելիքյանն արձագանքեց. «Ձեռնարկություններ կան, որ ավելի ճկուն են և արագ կողմնորոշվում ու տեղեկություններ են ստանում»:

Աշոտ Մելիքյանը մտահոգություն հայտնեց, որ դաշտը կարգավորված չէ, պետությունը ընդհանրապես չի զբաղվել դրանով. թողել են անհատ ձեռներեցներին, որոնք տարբեր ծագման և շատ էժան անորակ ապակոդավորողներ էլ կարող են բերել: Մինչդեռ այլ երկրներում այդ գործընթացը կարգավորում է պետությունը: Աշոտ Մելիքյանը նկատեց. «Պետությունը ոչ միայն այդ տենդերով պիտի զբաղվեր, այլ բնակչությանը ակտիվորեն իրազեկեր, թե ինչ փոփոխություններ են իրեն սպասվում և ինչպես պետք է պատրաստվի այդ փոփոխություններին և ինչ քայլեր ձեռնարկի:

Տեխնիկական սոցիալական և օրենսդրական ուղղությունները պետք է զուգահեռ գնային: Այնինչ այդ խայտառակ օրենքն ընդունվեց 2010-ին. Բայց սկզբում ոչինչ չարվեց, այլ ամեն ինչ թողեցին վերջին օրվան»: Նշենք նաև, որ չնայած պետական մարմինների ներկայացուցիչները հայտարարում են, թե սոցիալապես անապահով խմբերին ապակոդավորողները տրամադրվելու են անվճար, բայց հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են ընտրվելու այդ խմբերն ու որ պետական մարմինն է զբաղվելու այդ սարքերի բաշխմամբ:

http://www.aravot.am/2015/03/09/549626/

Share