«Newsbook». 2015 թվականից սկսած` հայկական հեռուստատեսությունը սկսում է թվայնացման գործընթացը

Ինչպես ցանկացած գործընթաց, այս մեկը ևս բավական բուռն քննարկումների առիթ դարձավ հասարակության մեջ: Հատկապես մարզային հեռուստաընկերությունների պարագայում, կարծես թե, խնդիրները շատ ավելի են: ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի հավաստմամբ` բոլոր հեռուստաընկերությունները պետք է շահագրգռված լինեն թվայնացման գործընթացը կիրառելու համար: Նրա պնդմամբ` թվայնացման գործընթացը պետք է հետաքրքիր նախադեպ համարել այն առումով, որ թե՛ պետական կառույցները, և թե՛ հասարակական կազմակերպությունները շատ լավ են աշխատել այս գործընթացի մասին իրազեկման առումով: «Գործընթացն այլևս կանխել հնարավոր չէ, ուղղակի պետք է ամեն ինչ անել կորուստները և գործընթացում առկա խնդիրները մինիմալի հասցնելու համար»,- ասաց նա:

Արմեն Մկրտչյանը փաստում է, որ թվայնացման գործընթացը կարող է հետաձգվել միայն սոցիալական խնդիրների պատճառով: Այս առումով արդեն պետությունը կլինի նախաձեռնող, և սոցիալապես անապահով ընտանիքներն անվճար կստանան ապակոդավորող սարքերը. «Գործընթացը հետաձգել ասելով` մենք ի նկատի չունենք, որ կհետաձգվի թվայնացման գործընթացը: Կլինի անալոգային և թվային հեռուստատեսություն: Հետո արդեն, երբ յուրաքանչյուր ընտանիք կունենա ապակոդավորող սարք, կունենանք լրիվ թվային հեռուստատեսություն»,- ընդգծեց նա:

Արմեն Մկրտչյանը սա կապում է այն հանգամանքի հետ, որ եթե, գոնե, մեկ ընտանիք զրկվի տեղեկատվություն ստանալու իրավունքից, ապա սա կլինի նախ նրա իրավունքների խախտում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստում է, որ թվայնացումն ուղղակի անհրաժեշտություն էր, ուղղակի պետք էր նախապես հաշվի առնել ռիսկերը: Նա նշեց, որ տեխնիկական առումով կարելի է համարել, որ գործընթացը մոտենում է իր ավարտին: Նա խորհուրդ տվեց ապակոդավորող սարքեր գնելու դեպքում նախապատվությունը տալ ոչ թե թանկարժեք սարքերին, այլ նրանց, որոնք կհամապատասխանեն «Dvb t2» ստանդարտին:

«Եթե մարդիկ գնում են հեռուստացույց և ցանկանում են օգտվել թվային հեռուստատեսությունից, պետք է վաճառողից պարտադիր հարցնեն` արդյո՞ք հեռուստացույցը համապատասխանում է այս ստանդարտներին, թե` ոչ: Ես խորհուրդ չէի տալ շատ թանկի հետևից ընկնել, պարտադիր այն պետք է փորձարկեն, հետո նոր գնեն:

Վերջում նա հավելեց, որ սարքերի գինը սկսում է 8000 դրամից և կարող է հասնել մինչև 40 հազարի, այստեղ արդեն ուղղակի որակի խնդիր է»,- եզրափակեց նա:

http://news-book.org/?51679&l=am/

Share