«Tert.am». Առանց թվային ազդանշանի չպետք է մնա նույնիսկ մեկ ընտանիք. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով եթերը թվայնացնելու շուրջ առաջացած խնդիրներին, մասնավորապես սոցիալապես անապահով խավի՝ որոշակիորեն եթերից զրկվելու հավանականությանը, ասաց, որ եթե նույնիսկ մեկ ընտանիք Հայաստանում չկարողանա օգտվել թվային ազդանշանից, դա, իհարկե, ինֆորմացիա ստանալու և տարածելու  իրավունքի խախտում է:

«Դա բոլոր միջազգային կառույցներն անընդունելի են համարում, և դա առաջին հերթին պետք է անընդունելի համարի Հայաստանը»,-ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով սակայն, որ այդ օրինագիծն առաջ տանելու հարցով իրենց շփումների ընթացքում հանդիպել են բազմաթիվ պաշտոնյաների, ովքեր ասել են, որ գոյություն ունի քաղաքական որոշում, ըստ որի՝ թվայնացման գործընթացի ընթացքում չպետք է փակվի որևէ մարզային հեռուստաընկերություն, և առանց թվային ազդանշանի չպետք է մնա նույնիսկ մեկ ընտանիք:

«Եվ այդ հետաձգումները, որ հիմա նախատեսվում են, սկզբից ասում էին մինչև 2016 թվականի  հունվարի 1-ը, հետո նաև խոսակցություններ կան, որ մինչև 2017 թվականի հունվարը 1-ը, բայց դա օրենսդրական, սոցիալական, ինչպես նաև տեխնիկական հարցերի լուծման համար է, և ես կարծում եմ, որ 2016 թվականի հունվարի 1-ով կեզրափակվեն: Այդ ամեն ինչն արվում է նրա համար, որ այդ ապակոդավորող սարքերը ներկրվեն և տրամադրվեն  անապահով ընտանիքներին»,-նշեց Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրը հենց այդ անապահով խավի ընտանիքների ցանկը կազմելն է:

«Այդ սարքերը բաշխելու հարցում էլ երկու մոտեցում կա, կամ պետք է հենց սարքը տրամադրեն այդ ընտանիքներին, կամ պետք է գումարի տեսքով փոխհատուցում լինի, որպեսզի բնակիչները ձեռք բերեն»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացվել է, նախատեսված է, որ 2015 թվականի հուլիսի 1-ից հանրապետության ողջ տարածքում հեռուստաալիքները պետք է արդեն թվայնացված լինեն:

http://www.tert.am/am/news/2015/03/09/ashotmelikyan/1612340

Share