«Barometer.am». Աշոտ Մելիքյան. «Հեռուստատեսության թվայնացման արդյունքում որևէ ընտանիք չպետք է ազդանշանից զրկվի»

Ըստ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական խմբի կողմից Երևանում անցկացրած հարցումների տվյալների` մեր համաքաղաքացիների 41%-ն, ընդհանրապես, տեղյակ չէ, որ առաջիկայում սպասվում է հեռուստատեսության թվայնացում: Այս գործընթացի և առհասարակ “հեռուստատեսություն” ֆենոմենի մասին է ԲԱՐՈՄԵՏՐԻ երկխոսությունը ոլորտի փորձագետներից մեկի` Աշոտ Մելիքյանի հետ:

Մի քանի ամսից հնարավոր է անալոգային հեռուստատեսությունը ամբողջությամբ իր տեղը զիջի թվայինին, բայց մեր հասարակության մեծ մասը բացարձակ պատկերացում չունի դրա մասին: Ի՞նչ չի տեսնում հեռուստադիտողը այսօրվա հեռուստատեսությամբ, որ կտեսնի թվայինով:

Իսկապես տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է: Այդ բացը, որոշ չափով փորձում են լրացնել լրագրողական հասարակական կազմակերպությունները: Մեր ծրագիրը, որը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ նպատակաուղղված է դրան: Արդեն մարզային հեռուստաընկերություններում հաղորդումներ ենք պատրաստում, որոնց հիմնական նպատակը բնակչությանը իրազեկելն է: Բնականաբար, իրազեկման ամբողջ գործընթացը կառուցված է թվային հեռուստատեսության և թվային հեռարձակման վերաբերյալ համապարփակ և մատչելի տեղեկատվության մատուցման վրա: Միանշանակ է, որ թվային հեռարձակումը շատ ավելի պրոգրեսիվ տեխնոլոգիա է, շատ ավելի որակյալ պատկեր է ապահովում, հեռուստադիտողի ընտրության հնարավորությունն է ընդլայնում` մասնավորապես, հեռուստածրագրերի ընտրության առումով: Օրինակ, որևէ ֆիլմ նայելու համար տեխնիկական հնարավորություն է ընձեռում լեզուն ընտրելու` ուզում եք բնօրինակը նայել, խնդիր չէ, իսկ եթե թարգմանությամբ եք ուզում հետևել` նորից որևէ դժվարություն չկա: Եվ, ամենակարևորը, պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն մինչ այժմ ցանկացած մալուխային ընկերության առաջարկած փաթեթի, այս փաթեթն անվճար է: Եվ, որ ավելի կարևոր է, դա մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում է: Եթե մենք չանցնենք թվային հեռարձակման, ապա առնվազն երկու լուրջ խնդիր կունենանք` նախ մեզ տրված հաճախականությունների մի մասը կարող է անցնել հարևան երկրներին, բացի դա, կարող ենք խանգարել հարևան երկրներին և հակառակը: Օրինակ, Թուրքիայի սահմանին մոտ գտնվելով տեսնում ենք, որ մեր մեքենայի ռադիոալիքը հաճախ խառնվում է թուրքականի հետ կամ շատ ժամանակ, երբ մենք փնտրում ենք որևէ հեռուստաալիք, ընկնում ենք թուրքականի վրա: Թվայնացումը լուծում է այս խնդիրը` ավելի հստակեցնելով ու տարանջատելով դրանք:

Եվ, եթե դա ավելի պրոգրեսիվ տեխնոլոգիա է` ինչու չանցնել դրան: “Սև ու սպիտակ” հեռարձակումը, եթե համեմատենք անալոգայինի հետ, սարեր-ձորերի տարբերություն է: Ես համոզված եմ, որ այսօրվա հեռուստադիտողը չէր ցանկանա վերադառնալ “սև ու սպիտակի” դարաշրջան: Անալոգայինից էլ թվայինին անցնելով շատ ավելի առավելություններ ենք ունենալու` եթերի որակի առումով:

Սակայն, ինչպես ասում են, կա նաև մեդալի հակառակ կողմը: Հաշվի առնելով թվային ընդունիչի միջին շուկայական գինը, որը տատանվում է 30-50 ԱՄՆ դոլարի շրջակայքում, անշուշտ, բնակչության մի ստվար զանգվածի համար մատչելի չէ: Ի՞նչ պետք է անեն նրանք…

Այս հարցում պետության դերը շատ կարևոր է: Մեր երկրում կա անապահով խավ, մարդկանց կենսամակարդակը բավականին ցածր է: Բնակչության մոտ մեկ/երրորդը աղքատ է, որը լուրջ թիվ է: Այս պայմաններում պետությունը պարտավոր է նրանց ապահովել անվճար ապակոդավորող սարքերով, որը թույլ կտա ընդունել թվային ազդանշանը: Առհասարակ, այդ թվային ազդանշանից օգտվելու համար անհրաժեշտ է կամ նոր հեռուստացույց գնել, որը իր մեջ կունենա DVB-T2 ստանդարտը կամ, եթե, նոր հեռուստացույց չի գնվում, ապա հին հեռուստացույցին պետք է ապակոդավորող սարք կցել: Մյուս կողմից, որքան էլ ժամանակակից հեռուստացույց ունենաք, այսօրվա օրենսդրության պահանջներից ելնելով` հուլիսի 1-ին, անալոգային ազդանշանը անջատվելու է, և եթե այդ սաքը չլինի, միացնելով հեռուստացույցը, կարող եք ականատես լինել առանց պատկերի խշշոցի:

Հարկ է նշել, որ երբ 2009թ.-ին ընդունվեց թվայնացման գործընթացի հայեցակարգը, այդ փաստաթղթում նշված էր, որ անապահով խավերը պետք է սուբսիդավորվեն, այսինքն` կամ գումարը պետք է նրանց տրվեր կամ հենց այդ սարքերը պետությունը պետք է գներ ու տրամադրեր անապահով խավին: Հայեցակարգում հստակ նշված էր, որ 150.000 ընտանիքների կտրվեն անվճար սարքեր: Ամենապարզ սարքերը արդեն վաճառքում կան, ընդ որում` 8000 դրամով: Ճիշտ է, դա չինական է, բայց գործում է և հնարավոր է օգտագործել:

Իսկ արդյոք սարքերի անորակությունից հեռուստացույցը չի՞ տուժի կամ ինչքա՞ն երկար կծառայեն այդ էժանագին սարքերը: Եվ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում բիզնես միջավայրում, արդյոք ոլորտը չի՞ վերահսկվելու:

Շատ տեղին հարց եք տալիս: Այն երկրներում, որտեղ պետական կառույցները շատ պատասխանատու մոտեցում են ցուցաբերել այդ հարցում, այսինքն` հետևել են, որ ներկրվող հեռուստացույցները և ապակոդավորող սարքերը նոր ստանդարտով և որակյալ լինեն, բնականաբար, քիչ խնդիրներ են ունեցել: Մյուս կողմից, պետությունը տենդեր է հայտարարում և հաղթող կազմակերպություն ընտրում, որը պետք է այդ սարքերը ներկրի, իրացնի և պատասխանատվություն կրի որակի, գնի և այլնի համար: Մեր երկրում այդ մրցույթը չի հայտարարվել և թողնվել է անհատ ձեռներեցների քմահաճույքին: Այնպես է ստացվում, որ ամեն ոք, ով այդտեղ կարող է բիզնես շահ տեսնել կարող է զբաղվել այդ սարքերի ներկրումով: Անշուշտ  վտանգ կա, որ դրանք կարող են այնքան էլ որակով չլինել կամ դրանց գնի առումով լինի մեծ տատանում:  Այս պարագայում քաղաքացին շատ ուշադիր պետք է լինի, սարքը գնելուց առաջ նա պետք է պահանջի փորձարկում:

Կա միջազգային կարևոր պահանջ` այս գործընթացի արդյունքում որևէ ընտանիք չպետք է զրկվի ազդանշանից: Նշեմ, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր գործընկեր կազամակերպությունների հետ համատեղ “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մի օրինագիծ է պատրաստել, որը հանձնվել է Ազգային ժողով: Իշխանությունները հավաստիացնում են, որ անալոգային հեռուստատեսությունը չի անջատվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանում բոլոր ընտանիքները կկարողանան որսալ նոր ազդանշանը: Այս գործընթացի հետևանքով մեկ այլ, շատ ռեալ վտանգ էլ կա: Գործող օրենքին համաձայն, ամեն մի մարզում պետք է մնա մեկ հեռուստաընկերություն: Մենք մեր օրենսդրական առաջարկություններում նոր մեխանիզմ ենք առաջ քաշում: Այն նախատեսում է իրենց սպառած լիցենզավորման մրցույթները դադարեցնել, և հեռուստանընկերությունների լիցենզավորումը անցկացնել պարզ ընթացակարգով: Այսինքն` ՍՊԸ-ն դիմում է հեռուստատասության և ռադիոյի ազգային հանձնաժողով, ներկայացնում օրենքով նախատեսված փաստաթղթեր և նրան գրանցում են որպես հեռուստաընկերություն: Մեր նպատակն է` նպաստել ոլորտի ազատականացմանը: Դրանից հետո հեռուստաընկերությունը ինքը կորոշի` ինչպես հեռարձակվի: Կարող է լինել կաբելային, արբանյակային կամ բջջային կապի միջոցով, որը նույնպես զարգացած երկրներում բավականին տարածված է և հետաքրքրքիր տարբերակ է:

Տեխնիկական փոփոխությունից բացի, թվայինին անցումը հնարավո՞ր է ստեղծագործական նոր հորիզոններ բացի հեռուստատեսության համար:

Սա, իհարկե, առաջին հերթին տեխնիկական միջոցառում է, բայց այն փոփոխությունները, որ մենք ենք առաջարկում, նախատեսում են նաև բովանդակային բարելավումներ:

Քանի որ խոսք գնաց բովանդակային բարելավման մասին. որքան էլ, որ խոսենք “օճառե օպերաների” դեգրադացնող հատկանիշի մասին, միևնույն է` մարդիկ դրանք ավելի շատ են նայում: Մի տեսակ շատերի համար “հաճելի” է նայել այն մարդկանց, ովքեր ավելի շատ հոգսեր ունեն, քան իրենք: Ինչու՞ են մեր եթերում գերակշռում խղճահարություն առաջացնող սյուժեները:

Միայն խղճահարությունը չէ, գռեհկաբանությունը, անիմաստ կրքերը: Այդ բովանդակությունը հասցեագրված է մարդու ամենաստորին բնազդներին: Ես չեմ պնդում, որ եթերում իսպառ պետք է բացակայի դա, որովհետև տարբեր լսարան կա, բայց չի կարելի ամբողջ եթերը մարդկային ստորին բնազդները սպասարկող սյուժեներով լցնել: Անշուշտ, պետք է այս խնդիրը լուծել, սակայն առանց գրաքննության: Ես կարծում եմ այստեղ մրցակցությունը զարգացնելով կամաց-կամաց որակն էլ ի հայտ կգա:

Ամերիկացի լրագրող Էռլ Ուիլսոնն ասել է. “Բամբասանքն այն է, երբ դուք լսում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս, նրանց մասին, ովքեր ձեզ դուր չեն գալիս”, և հեռուստադիտողին էլ դուր են գալիս բամբասանք ու ասեկոսեները: Ի՞նչ կասեք պահանջարկ-առաջարկի մասին:

Միայն պահանջարկի ետևից պետք չէ գնալ: Թմրամոլը միշտ թմրադեղ է ուզում: Երկու ճանապարհ կա` կամ իրեն միշտ դա տալ և դրանից գումար վաստակել կամ բուժել իրեն: Հասարակության մի ստվար զանգված միշտ արյուն է ուզում, գռեհիկ բաներ է ուզում, սեքս, սենսացիա: Դա էլ թող տան, բայց դրա հետ մեկտեղ այլընտրանք առաջարկեն, որ հեռուստադիտողը ընտրության հնարավորություն ունենա: Որպես կանոն, ցածրորակը քիչ աշխատանք է պահանջում: Սկսում են արդարանալ, ասելով` հասարակությունը սա է ուզում, ռեյտինգը դա է ապահովում: Ամենևին: Հեռուստանընկերությունների ղեկավարներից ոմանք փորձում են մինիմալ աշխատանքով` մաքսիմալ գումար վաստակել: Չի կարելի ոչինչ չանել` ձմռանը ամառային թոք-շոուի կրկնություն ցուցադրել, ինչ է թե Նոր տարին գնան Կանարյան կղզիներում անցկացնեն: Դա ազնիվ չէ հեռուստադիտողի նկատմամբ, արհամարական է: Դրանով իջեցնում են հեռուստադիտողի և՛ ճաշակը և՛ պահանջը: Իհարկե, պետք է գումար աշխատել, դա բիզնես է և ես հասկանում եմ հեռուստաընկերությունների առջև ծառացած բոլոր դժվարությունները, բայց նաև տեսնում եմ, որ մարդկային և պրոֆեսիոնալ առումով համապատասխան ջանքեր չեն դրվում: Հացը հնարավոր չէ ուտել, երբ փուռ ես մտնում և տեսնում, որ փռի տերը փնթի է: Նույնն էլ հեռուստատեսությունն է: Ինտելեկտուալ, դաստիարակված մարդկանց մի կողմ են դնում, համարում են, որ դա իրենց լսարանը չէ, եթե նրանք այդպես են վարվում, կմնան այդ լսարանից արհամարված: Բիզնեսը` բիզնես, բայց այստեղ պրոֆեսիոնալ, բարեկիրթ ու ազնիվ մոտեցում է պետք ցուցաբերել:

http://barometer.am/news/dialogue/20150316/642/

Share