«Առավոտ». Իրավապաշտպան. «ԶԼՄ-ները պետք է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու ճակատ կազմեն» (Տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 28-ին, «Կոնգրես» հյուրանոցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմակերպել էր «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը Հայաստանում. օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով «կլոր սեղան»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ սկսում են «կլոր սեղանների» մի շարք ու այդպիսով ցանկանում են մասնագիտական մթնոլորտում քննարկել մի շարք կարեւորագույն խնդիրներ, որոնք հուզում են լրագրողական հանրությանը: Նրա խոսքով, նախատեսվում է նաեւ ի թիվս այլ հարցերի, վիրավորանքի եւ զրպարտության թեման քննարկել, դատական նախադեպերը, նոր մեդիաների զարգացումը եւ հեղինակային իրավունքները: Ամեն ամսվա ընթացքում հավաքվելու են մտածելու տեղիք տվող բոլոր նյութերը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փորձելու է լրագրողական հանրության հետ համատեղ լուծումներ գտնել:

«Կլոր սեղանի» ժամանակ անդրադարձ եղավ «Հետքի» հետ կապված մի պատմության, երբ լրատվամիջոցը ստիպված դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին ստանալու համար հանրային նշանակության տեղեկատվություն, որը իրավունք չունեին չտրամադրել, «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am-ի նախադեպին, երբ դատարանը պարտադրել էր բացահայտել աղբյուրը, նաեւ «Առավոտի» որոշ հրապարակումների:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը նշեց, որ այս տարի կանցկացվի յոթ կլոր սեղան եւ մեկ կոնֆերանս՝ խոսքի ազատության խնդիրների թեմայով:

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Արտակ Զեյնալյանը խոսեց Հայաստանում տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածության, օրենսդրական երաշխիքների եւ վտանգավոր նախադեպերի մասին: «Լրագրողի աշխատանքը միայն վաստակելու միջոց չէ, լրագրողն առաջին հերթին իրականացնում է հանրային նշանակության գործառույթ, իրավունքի պաշտպանություն, լրագրողն ինքնին իրավապաշտպան է»,-նշեց նա:

Իրավապաշտպանի ձեւակերպմամբ, խոսքի ազատության իրավունքին միջամտությունը կարող է լինել բացառապես օրենքով սահմանված դեպքում:

Արտակ Զեյնալյանը հիշեցրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Իրավապաշտպանը գտնում է, որ պետք է բոլոր ԶԼՄ-ները ճակատ կազմեն ու չբացահայտեն աղբյուրը:

Նա հայտարարեց, որ իրենց հ/կ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պատրաստվում է պաշտպանել լրագրողների իրավունքները՝ այդ համատեքստում:

Ըստ Արտակ Զեյնալյանի, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խորհուրդ չի տալիս դատարանին աղբյուրը բացահայտելու վճիռ կայացնել, մանավանդ, որ դրա կատարումը անհնարին է. «Ենթադրենք ես եմ հրապարակման հեղինակը, հարկադիր կատարողին ուղարկելու են՝ շաղափը մտցնի գլխիս մեջ, հանի՞ տեղեկատվության աղբյուրը»: Նրա համոզմամբ, մասնավորապես «Հրապարակի» եւ ilur.am-ի գործը հստակ միտում ուներ՝ ԶԼՄ-ներին վախեցնելու նպատակով էր:

Արտակ Զեյնալյանը հայտարարում է. «Քաղաքացիները ազատ են կատարելու այն ամենը , ինչը արգելված չէ օրենքով, ու բոլորս պաշտպանված ենք Սահմանադրությամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

http://www.aravot.am/2015/04/28/566122/

Share

, , , ,