«Չորրորդ իշխանություն». Արդյոք մեզանում ԶԼՄ-ներն ու լրագրողները ազատ ու անկաշկա՞նդ են գործում

Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքին իրավապահները դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել, ինչպես եւ չէին արձագանքել հենց միջադեպի ժամանակ՝ ականատես լինելով դրան։

Ինչպես հայտնել էինք, միջադեպը տեղի էր ունեցել, երբ լրագրողները «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանում նկարահանել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, լրագրողներին էին մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ չի կարելի այդ անձանց նկարել։ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը եւ «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը ի պատասխան ասել էին, որ այդ անձինք հանրային դեմքեր են, եւ օրենքով թույլատրված է հանրային տարածքում գտնվող անձանց նկարահանել, ինչից հետո  անվտանգության երկու աշխատակիցները խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, նրանցից մեկը երկու անգամ հարվածել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել նրան, մյուս անվտանգության աշխատողը հարվածել էր «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանի ձեռքին եւ տեսախցիկին՝ պահանջելով չնկարահանել լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակված անվտանգության աշխատակիցների գործողությունները։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ մեզ հայտնեց, որ ապրիլի 22-ի միջադեպի վերաբերյալ Քննչական կոմիտեն քննություն չի իրականացնում, քանի որ Քննչական կոմիտեն հաղորդում չի ստացել։

Լրագրող Ռոբերտ Անանյանի խոսքով, նշված դեպքի վերաբերյալ քննություն կատարելու համար ինքը իսկապես չի դիմել իրավապահներին.«Չեմ դիմել, քանի որ վստահություն չունեմ, որ որեւէ մեկը կպատժվի։ Անցած տարվա ընթացքում արձանագրված 9 նմանատիպ դեպքերից ոչ մեկով պատժված անձ չկա ու վստահությունս անհիմն չէ, չեմ ուզում ավելորդ ժամանակ կորցնել»։

Նշենք, որ միջադեպից հետո Խոսքի ազատության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը» եւ «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ-ն հայտարարություն տարածեցին։ «Մենք՝ ներքոստորագրյալներս, ստիպված ենք մեկ անգամ եւս արձանագրել, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառողները, որպես կանոն, պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ անպատժելիության մթնոլորտը նոր հանցագործություններ է ծնում։ Այսպես, անցած տարի արձանագրված 9 այդպիսի միջադեպերից եւ ոչ մեկի մեղավորը չբացահայտվեց եւ չպատժվեց։ Այս պայմաններում առնվազն զավեշտալի է, երբ ՀՀ իշխանությունները փորձում են համոզել մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը, որ մեզանում ԶԼՄ-ները եւ լրագրողներն ազատ ու անկաշկանդ են գործում։ Ցավալի է, որ այսպիսի միջադեպ տեղի է ունենում հենց այս օրերին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը»,- մասնավորապես նշված էր հայտարարության մեջ։

Արտահայտելով իրենց վրդովմունքը, նշված կազմակերպությունները  ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի առիթով պահանջել էին ՀՀ դատախազությունից՝ ընդունել սույն հայտարարությունն ու ԶԼՄ-ների հրապարակումները որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատշաճ վերահսկողություն սահմանել այս գործի վերաբերյալ, ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառած եւ նրանց գործունեությունը խոչընդոտած անձանց եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել, «Մարիոթ» ընկերության տնօրինությունից՝ խստորեն պատժել հյուրանոցի անվտանգության այն աշխատակիցներին, ովքեր, չարաշահելով իրենց լիազորությունները, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել, եւ միջոցներ ձեռնարկել ապագայում նման միջադեպերը բացառելու համար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը` գնահատելով իրավապահների անտարբերությունը, մեզ ասաց. «Ես համոզված եմ, որ այդ միջադեպը պետք է արժանանար իրավապահների ուշադրությանը նույնիսկ այն պարագայում, երբ լրագրողները հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել։ Դեպքի մասին հրապարակումներ են եղել, նաեւ մեր հայտարարությունն է եղել։ Մենք իրավապահների ուշադրությունն ենք հրավիրել այդ միջադեպի վրա։ Այս ամենը բավարար է գործ հարուցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց, անկեղծ ասած, ես նաեւ հաշվի եմ առնում, որ այդ օրերին  100-ամյակի միջոցառումներն էին ընթանում, նաեւ տարբեր տեսակի ընդունելություններ էին տեղի ունենում, ինչը հանրության ուշադրությունը մի քիչ շեղեց մեր խնդիրներից, այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բռնության դեպքից»։

Մելիքյանը նշեց, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտման մեջ միտում է տեսնում, քանի որ ստացվում է, որ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը ՀՀ-ում չի պատժվում.«Դա վտանգավոր է։ Լրագրողական հանրությունը պետք է ընդդիմանա դրան։ Քաղաքական իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին, քանի որ միջազգային կազմակերպությունները նշում են, որ եթե իրավապահ մարմինները չեն բացահայտում նման դեպքերը, դրա տակ քաղաքական պատճառներ կան։ Կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք պահել»։ Մելիքյանը նշեց նաեւ, որ ինքը համաձայն չէ այն երեւույթի հետ, երբ տուժող լրագրողները ձեռնպահ են մնում դիմել իրավապահներին.«Եթե մեղավորները գոնե այդ քաշքշուկի մեջ չլինեն, չգնան եւ բացատրություն չտան իրավապահ մարմիններին, անպատիժ մնան եւ որեւէ արձագանք չլինի, էլ ավելի կլկտիանան, եւ հետո դրա որեւէ հետեւանքի մասին խոսելը արդեն ավելորդ կդառնա»։

http://chi.am/index.cfm?objectid=620517B0-EF5F-11E4-AF080EB7C0D21663

Share

, , , ,