«Առավոտ». Մեսրոպ Հարությունյան. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը որոշել է ակտիվ գործունեություն սկսել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մայիսի 26-ին «ԶԼՄ-ների ինքնակարգավորում. Գործընթացները Հայաստանում եւ միջազգային փորձը» կլոր սեղան էր կազմակերպել:

Կլոր սեղանի ընթացքում մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդական մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ մայիսի 16-ին տեղի է ունեցել ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների ընդհանուր ժողով, որի ընթացքում փոփոխություն է կատարվել վարքականոնում եւ ճշտվել է վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների ցուցակը. «Այս պահին զանգվածային լրատվության 39 միջոցներ ստորագրել են այս վարքականոնը եւ համաձայնել են դրան: Բացի այդ՝ այդ գործընթացին աջակցում է ութ լրագրողական կազմակերպություն, նախկինում ինն էր, բայց մեկն արդեն գոյություն չունի»:

Լրատվամիջոցների ընտրած ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը բաղկացած է 14 անդամից՝ ԶԼՄ-ների ղեկավարից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ իրավաբաններից. «14 հոգանոց կազմը որեւէ խնդիր քննելու համար ամբողջությամբ չի հավաքվում. Յոթը բավարար է հարցը քննելու համար: Ներկա յոթ հոգու ձայների մեծամասնությամբ է դիմումը քննվում: Դիտորդ մարմինը առայժմ ոչ ակտիվ սկզբունքով է աշխատում, այսինքն՝ ինքը վարույթներ չի հարուցում, ինքը սպասում է բողոքների, երբ որ լինում է բողոք, ինքը վարույթ է հարուցում եւ սկսում է քննել եւ կարող է քննել միայն մի բան՝ համապատասխանությունը էթիկայի վարքականոնին, որը ստորագրել են տվյալ լրատվամիջոցները»:

Նա հավելեց, որ դիտորդ մարմինը որոշել է ակտիվ գործունեություն սկսել, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ իր իսկ նախաձեռնությամբ վերհանել վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների այն հոդվածները, որոնք հակասում են կանոնագրին: Մարմինը նախաձեռնելու է վարույթ եւ դրա վերաբերյալ եզրակացություններ է տալու:

Մեսրոպ Հարությունյանը դժվարացավ ասել՝ արդյունավետ է արդյոք այդ համակարգը, թե ոչ, բայց նա ընդգծեց, որ 2007 թվականից մինչեւ այսօր մարմինը քննել է 35 գործ: Մեդիա փորձագետի կարծիքով՝ լրատվամիջոցների ստորագրած առաջին կանոնագիրը որոշակի դրական դեր է խաղացել. «Այսինքն՝ այն նպաստեց, որպեսզի այս դաշտում խաղացողները գան միասնական կանոններով. Ֆուտբոլ ենք խաղում, ռեգբի չենք խաղում, ով որ ռեգբի է խաղում, թո՛ղ իր կանոնները մշակի եւ խաղա ռեգբիի կանոններով: Ամեն դեպքում՝ եթե ռեգբիի կանոններով խաղալու դեպքում իրենց ինչ-որ մեկը նեղացնում է, պատրաստ ենք պաշտպանել իրենց՝ նույն այդ կանոններով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

http://www.aravot.am/2015/05/26/575686/

Share

, ,