«Ա1+». ԶԼՄ-ների ինքնակարգավորումը անհրաժեշտություն է (տեսանյութ)

Հայաստանում  ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործընթացը մեկնարկել է 2007 թվականից, երբ մինչ այդ որևէ կերպ ինքնակարգավորման չենթարկվող լրատվական դաշտում սկսեց գործել Դիտորդ մարմինը։

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ նման մարմինն ուղղակիորեն անհրաժեշտություն է հայաստանյան մեդիա դաշտի համար։ Ըստ նրա՝ լրատվական դաշտի համար ինքնակարգավորման գործընթացը և էթիկայի կանոնագրին հետևելը կարող է շատ ավելի էֆեկտիվ լինել, քան օրենքի պարտադրանքը։

«Օրենքը բոլոր հարցերը չի կարող կարգավորել և կան որոշ խնդիրներ, որոնք հենց պրոֆեսիոնալ դաշտում պետք է կարգավորվեն՝ համատեղ պայմանավորվածություններով, համատեղ վարքականոնի մշակմամբ և այդ պայմանավորվածությունները պաշտպանելով։ Օրենքը և ինքնակարգավորման գործընթացները փոխլրացնող մեխանիզմներ են»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելիքյանը։

Անդրադառնալով առանձին լրատվամիջոցների կողմից սեփական լրագրողների համար ներքին կանոնների մշակման հնարավորությանը, Մելիքյանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքը կարող է սահմանել իր վարքականոնը։ «Լրագրողը կարող է լրատվամիջոցի հիմնադրի հետ պայմանավորվածություններ ունենալ խաղի կանոնների վերաբերյալ և հետևել այդ խաղի կանոններին։ Կարող են լինել լրատվամիջոցներ, որոնք, օրինակ, թույլ կտան սոցցանցում լրիվ ազատորեն գրել իրենց մտածածը, և կան լրատվամիջոցներ էլ, որոնք ցանկանում են, որ իրենց լրագրողը երբեք չմոռանա, որ այդ լրատվամիջոցն է ներկայացնում ու սոցցանցում իրենց գրառումը կարող է ընթերցողի մոտ տպավորություն առաջացնել, որ լրատվամիջոցն էլ է նման կերպ մտածում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմինը վարույթներ չի հարուցում լրատվամիջոցների նկատմամբ, այլ միայն ստացված դիմումներն է քննում։ Այս մասին «ԶԼՄ-ների ինքնակարգավորում. Գործընթացները Հայաստանում և միջազգային փորձը» կլոր սեղան քննարկման ժամանակ նշեց Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը։

«Մարմնին անդամակցումը լրատվամիջոցների համար կամավոր է և չկա որևէ պարտադրող հանգամանք, մարմնին այժմ անդամակցում է 39 լրատվամիջոց։

2007 թվականին ստեղծված Դիտորդ մարմինը մինչ այժմ քննել է 35 գործ։ Լրատվամիջոցների միջև առկա խնդիրները այս միջոցով լուծելը զերծ է պահում նրանց դատական  քաշքշուկներից»,- նշում է Հարությունյանը։

http://www.a1plus.am/1385970.html

Share

, , , , , , ,