«Newsline.am». Դիտորդ մարմինը կկարգավորի լրատվամիջոցների վեճերը

Այսօր Խոսքի պաշտպանության կոմիտեի կողմից կազմակերպված կլոր սեղանի շրջանակներում խոսվեց ԶԼՄ-ների ինքնակարգավորման մասին: 

Անկախ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը, նախքան ԶԼՄ-ների ինքնակարգավորման խնդրին անդրադառնալը, առաջ քաշեց մի շարք կարևոր հարցադրումներ. արդյոք Հայաստանին պե՞տք է ԶԼՄ-ների ինքնակարգավորման միասնական համակարգ, թե՞ մեդիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ ինքը պետք է իր ներսում ինքնակարգավորվի, որքանո՞վ է ադյունավետ ինքնակարգավորումը Հայաստանում, արդյոք մեդիան ցանկանո՞ւմ է ինքնակարգավորվել և վերջապես մեդիայի սպառողը պատրա՞ստ է արդյոք խնդիր առաջանալու դեպքում այն լուծել  ոչ թե դատական, այլ ինքնակարգավորման մարմնի միջոցով:

Մեսրոպ Հարությունյանը ինքնակարգավորման զարգացման պատմությունը հետխորհրդային տարածքում  բաժանեց մի քանի  փուլերի: Ըստ նրա` ազատության փուլին հաջորդել է անհրաժեշտության գիտակցման շրջանը, այնուհետև նախապատրաստական շրջանին հաջորդեց ներկայիս՝ կայացման փուլը. «1990-1994 թվականները անվանում եմ «ազատության» շրջան, քանի որ չկար որևէ զսպիչ բան, որևէ մեկը չէր մտածում էթիկական կանոնագրի մասին, չկար ոչ մի մեխանիզմ: 1995-2000 թվականներն անհրաժեշտության գիտակցման շրջանն էր, երբ  կազմավորվեցին մի քանի լրագրողական կազմակերպություններ, իսկ 2000-2007 թվականները նախապատրաստական շրջանն էր: Լրագրողական կազմակերպությունները մշակեցին էթիկական կանոնագրեր:  Այժմ էլ ընթանում է կայացման շրջանը»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը:

Նա նշեց, որ ներկա պահին 39  լրատվամիջոցներ ստորագրել են միասնական վարքականոն և ընտրել Դիտորդ մարմին, որի միջոցով պետք է փորձեն հարթել, օրինակ, երկու լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակության և մեդիայի միջև առաջացած խնդիրները. «Դիտորդ մարմինը, որին ընտրում են լրատվամիջոցները, կազմված է 14 ներկայացուցիչներից: Այս մարմնի կազմում ընդգրկված են լրատվամիջոցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ և երկու իրավաբան: Եթե լինում է բողոք, հարուցում է վարույթ և սկսում  քննել գործը: Այնուհետև լրատվամիջոցները պարտավորվում են իրենց մասին կայացած որոշումները հրապարակել իրենց իսկ լրատվամիջոցի էջերում: Նա կարող է քննել միայն մի բան՝ գործողությունենրի համապատասխանությունը էթիկայի վարքականոնին, որի տակ ստորագրել են լրատվամիջոցները»,- նշեց մեդիա փորձագետը՝ հավելելով, որ ստեղծված օրվանից սկսած  Դիտորդ մարմինը քննել է  35 գործ:

http://newsline.am/am/news/view/8180.html

Share

, , , ,