Ինքնակարգավորումը բխում է լրատվամիջոցի շահերից

IMG_3439Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ մայիսի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան» «ԶԼՄ-ների ինքնակարգավորում. գործընթացները Հայաստանում և միջազգային փորձը» թեմայով։ Մասնակցում էին լրագրողներ, մեդիա փորձագետներ և իրավապաշտպաններ։

Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործընթացը մեկնարկել է 2007 թվականից։ «Սկզբում 18, այնուհետև ևս 30 լրատվամիջոցների ղեկավարներ ստորագրեցին լրագրողական էթիկայի Վարքականոնը, ընտրվել և գործում է Դիտորդ մարմին՝ Վարքականոնի խախտումներին արձագանքելու համար»։ Աշոտ Մելիքյանը Դիտորդ մարմինն անհրաժեշտություն համարեց մեդիա դաշտի համար՝ միաժամանակ ընդգծելով, որ մեծ առաջընթաց, ցավոք, առայժմ չի նկատում։

 Մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ այս տարվա մայիսի 16-ին տեղի է ունեցել ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների ընդհանուր ժողով, որի ընթացքում փոփոխություն է կատարվել վարքականոնում եւ ճշտվել է այն ստորագրած լրատվամիջոցների ցուցակը։ «Այս պահին 39 լրատվամիջոց միացել է էթիկական սկզբունքների կանոնագրին: Այս գործընթացին աջակցում է նաև ութ լրագրողական կազմակերպություն», – տեղեկացրեց Մեսրոպ Հարությունյանը:

Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմինը կազմված է 14 անդամից։ Այն ստացված դիմումներն է քննում։ Վարքականոնին չմիացած լրատվամիջոցների դեմ բողոքները չեն քննվում. «Եթե դիմում է լինում որեւէ լրատվամիջոցի դեմ, որը չի ստորագրել կանոնագիրը, մենք նամակ ենք ուղարկում դրա ղեկավարին՝ առաջարկելով արտադատական կարգով լուծել խնդիրը», – նշեց Մեսրոպ Հարությունյանը։ Մեդիա փորձագետն ընդգծեց, որ Դիտորդ մարմինը որոշել է այսուհետ ակտիվացնել գործունեությունը, ժամանակ առ ժամանակ իր իսկ նախաձեռնությամբ վերհանելով այն հրապարակումները, որոնք հակասում են կանոնագրին:  

Արդյունավե՞տ է, արդյոք, այս համակարգը, թե ոչ՝ Մեսրոպ Հարությունյանը դժվարացավ միանշանակ պատասխանել, բայց նշեց, որ լրատվամիջոցների դեմ եղած բողոքները այս միջոցով լուծելը զերծ է պահում նրանց դատական քաշքշուկներից։

2007 թվականից մինչեւ այսօր մարմինը քննել է 35 գործ։ Եղել են լրատվամիջոցներ, որոնք խախտել են ստորագրած վարքականոնը ու դրանց վերաբերյալ եզրակացություններ են ընդունվել։

Արդյո՞ք Դիտորդ մարմնի եզրակացություններն ազդել են լրատվամիջոցների հետագա գործունեության վրա՝ մեդիա փորձագետը նշեց, որ համենայնդեպս բողոքներ այդ լրատվամիջոցների դեմ այլեւս չեն եղել։

Քննարկման ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը նշեց, որ լրատվամիջոցի ինքնակարգավորումը բխում է հանրության ու հենց իր՝ լրատվամիջոցի շահից. «Այդ գործընթացում ընդգրկված լրատվամիջոցին լսարանն ավելի լուրջ կընկալի, քանի որ գիտի՝ թե ինչ կարելի է սպասել»:

Կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին նաև ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կատարելագործման, նոր մասնակիցների ընդգրկման հնարավորություններն ու գործընթացին առնչվող այլ խնդիրներ։

IMG_3471

Share

, , , ,