Աբսուրդի թատրոն` ՀՀ դատախազության կատարմամբ

hakaharvac_2«Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի վրա հարձակման եւ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով հարուցված քրեական գործը, չնայած բոլոր լավատեսական կանխատեսումներին, ավաղ, դեռ ոչ մի արդյունք չի տվել: Ասում ենք «դեռ», քանի որ հնարավոր չէ համակերպվել ՀՀ Հատուկ քննչական ծառայության` հանցակազմի բացակայության վերաբերյալ, մեղմ ասած, տարօրինակ որոշումների և ՀՀ դատախազության՝ էլ ավելի տարօրինակ «խաղի» հետ. վերջինս մի քանի անգամ վերացրեց այդ որոշումները և գործն ուղարկեց նոր քննության, բայց ի վերջո համաձայնեց Հատուկ քննչական ծառայության դիրքորոշման հետ` մերժելով տուժող լրագրողի ներկայացուցչի բողոքը:

Հիմա, թերեւս, ճիշտ կլինի դիմել դատական ատյանների: Եվ եթե դա նույնպես ոչինչ չտա, հարկավոր կլինի նյութեր պատրաստել Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Մարինե Խաչատրյանի հետ միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարի սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ և հասարակական մեծ աղմուկ է բարձրացրել: ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվել էր «Հակահարված» խմբի ակտիվիստների ակցիան լուսաբանելու նպատակով այստեղ գտնվող լրագրողի վրա, հարվածել նրա ձեռքին եւ գետնին գցել նկարահանող սարքը: Այս միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարություններով հանդես եկան եւ՛ հայաստանյան մի շարք լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ, եւ միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ։

Տասնյակ ԶԼՄ-ներ լուսաբանեցին լրագրողի նկատմամբ բռնարարքի փաստը` իրենց կայքերում տեղադրելով միջադեպի տեսագրությունը, որում ակնհայտ երեւում է տեղի ունեցածը:

Սկզբում դատախազությունը բավական ադեկվատ արձագանքեց տեղի ունեցածին. միջադեպի հետ կապված հրապարակումներն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն, և երբ այդ ծառայությունը որոշում կայացրեց քրեական գործ հարուցելը մերժել՝ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով, դատախազությունը վերացրեց ՀՔԾ վերոհիշյալ որոշումը և պարտավորեցրեց ՀՔԾ-ին քրեական գործ հարուցել ՀՀ քր. օր. 164 հոդվածի առաջին մասով («Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը»):

Հույս կար, որ մեղավորը կպատժվի: Բայց հետագայում այս գործը, ֆուտբոլի գնդակի պես, հայտնվում էր մեկ ՀՀ դատախազության, մեկ ՀՔԾ-ի «խաղադաշտում»։ Այսպես, 2014 թվականի նոյեմբերի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց կարճել քրեական գործով վարույթը նույն՝ հանցակազմի բացակայության հիմքով, բայց արդեն նոյեմբերի 28-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ վերացրել է այդ որոշումը, քանի որ ՀՔԾ-ն նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով: Մասնավորապես, «Ա1+»-ի լրագրողը այդպես էլ տուժող չի ճանաչվել, չնայած բավարար հիմքերին:

Գործը կրկին ուղարկելով ՀՔԾ՝ ՀՀ դատախազությունը պահանջեց տուժող ճանաչել Մարինե Խաչատրյանին: Եվ չնայած դեկտեմբերի 1-ին ՀՔԾ-ն կատարեց այդ պահանջը, սակայն դեկտեմբերի 26-ին դարձյալ կարճեց քրեական գործը՝ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նույն պատմությունը շարունակվեց նաեւ 2015-ին. հունվարին ՀՀ դատախազությունը վերացնելով Հատուկ քննչական ծառայության վերոհիշյալ որոշումը՝ կրկին գործը ուղարկեց նույն մարմին՝ նոր քննության, բայց ապրիլի 22-ին ՀՔԾ-ն կրկին, արդեն երրորդ անգամ, որոշում ընդունեց քրեական գործը կարճելու մասին:

Կարծես ձեւավորվել էր միջգերատեսչական ու իրավական փակուղի. ՀՔԾ-ն, արհամարհելով ակնհայտ փաստերը, անում էր ամեն ինչ՝ գործը կոծկելու եւ Կարեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար, իսկ ՀՀ դատախազությունը, տեսնելով դա, փորձում էր իր իրավասությունների շրջանակում հակազդել, բայց ստեղծված փակուղուց իրավական ելքեր չէր գտնում, ինչն արդեն լրջորեն սպառնում էր նրա հեղինակությանը: Տպավորություն էր ստեղծվում, որ լրագրողի իրավունքի պաշտպանությունն անհնարին է դառնում երկու կառույցների եւ դրանց ղեկավարների առճակատման պատճառով, ինչի մասին բազմիցս գրել են ԶԼՄ-ները:

Այս պայմաններում լրագրողական յոթ կազմակերպություններ բաց նամակ էին պատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ կոչ էին անում միջամտել եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել միջգերատեսչական հակասությունները հաղթահարելու և «Ա1+»-ի թղթակցի նկատմամբ ուժ գործադրած անձին պատասխանատվության ենթարկելու համար:

Ենթադրվում էր, որ նամակը կհրապարակվի հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն դրա անհրաժեշտությունը միանգամից վերացավ. Մարինե Խաչատրյանի շահերը ներկայացնող իրավաբան Օլգա Սաֆարյանը ՀՀ դատախազությունից հունիսի 6-ին նամակ ստացավ, որում հաղորդվում էր, որ Հատուկ քննչական ծառայության վերջին որոշման վերաբերյալ նրա բողոքը մերժվել է, որ ներկայացված մի շարք մեղադրանքներից որեւէ մեկով հանցակազմ չկա եւ, հետեւաբար, ՀՔԾ-ի ապրիլի 22-ի որոշումը վերացնելու որեւէ հիմք չկա։

Այսպիսով, ՀՀ դատախազությունը, անսկզբունքայնություն դրսեւորելով և անհեթեթ դիրք գրավելով, հայտնվեց շատ ծիծաղելի իրավիճակում: Չէ՞ որ այն բանից հետո, երբ դատախազությունը մի քանի անգամ վերացրել է Հատուկ քննչական ծառայության որոշումները, մատնանշել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում Կարեն Հայրապետյանի գործողությունները, և պարտավորեցրել, որ Մարինե Խաչատրյանը ճանաչվի տուժող, ըստ էության ոչինչ չի փոխվել: Սակայն դատախազությունը հանկարծ համաձայնում է ՀՔԾ-ի՝ պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության, օրինականության և արդարամտության հետ ոչ մի ընդհանրություն չունեցող փաստարկներին՝ ցուցադրելով քննչական ծառայության քմահաճույքներին ու աչառու մոտեցումներին դիմագրավելու և հետաքննության անկողմնակալությունը ապահովելու սեփական անկարողությունը։

Այս պատմությունը ծիծաղելի կլիներ, եթե չհանգեցներ մի քանի տխուր եզրահանգումների: Դրանցից առաջինը՝ երկրի իրավապահ համակարգը պատրաստ չէ պաշտպանել լրագրողներին, եթե վերջիններիս իրավունքները խախտել են ուժային կառույցների ներկայացուցիչները. նրանց համար համազգեստի պատիվը օրենքից կարեւոր է: Այդ մասին են վկայում մի շարք այլ միջադեպեր եւս (օրինակ, երբ ոստիկանները բռնություն էին գործադրել «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Անի Գեւորգյանի և այլ լրագրողների նկատմամբ):

Եզրակացություն երկրորդ` երկրի իշխանությունները, ընդհանուր առմամբ, մատների արանքով են նայում լրագրողների իրավունքների խախտումներին և իրենց արդարացնելու համար հաճախ քինախնդրորեն հայտարարում են, որ ԶԼՄ ներկայացուցիչներն իրենք են հրահրում իրենց նկատմամբ բռնությունները: Տխուր վիճակագրություն. անցած տարի լրագրողների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 9 դեպքերից և ոչ մեկի մեղավորը չի բացահայտվել և չի պատժվել: Նույնը վերաբերում է այս տարվա փաստերին:

Եվ վերջապես, եզրակացություն երրորդ` քիչ հավանական է, որ այս անպատժելիությունը կվերանա, եթե լրագրողական համայնքը (հնարավոր է՝ միջազգային կառույցների աջակցությամբ) չմշակի պաշտպանական մեխանիզմներ և առավել հետեւողական չլինի իր շահերը պաշտպանելիս: Կոնկրետ Մարինե Խաչատրյանի գործով, ինչպես նշվեց, հարկավոր է բողոքով դիմել դատարան, և եթե պետք լինի՝ հասնել Եվրոպական դատարան: Իսկ լրատվամիջոցները պետք է և նույնիսկ պարտավոր են այս գործը պահել ուշադրության կենտրոնում և լուսաբանել դեպքի հետ կապված բոլոր զարգացումները։ Որովհետեւ ոչ մի լրատվամիջոց ապահովագրված չէ նման խնդիրներից, եթե իհարկե այն իրեն թույլ է տալիս քննադատել իշխանությանը:

Աշոտ Մելիքյան

ԽԱՊԿ նախագահ

Share

, , , , , , ,