Լրագրողները պետք է համախմբվեն ու հակազդեն իրենց դեմ բռնություններին

Klor seghan_nkarIԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ հունիսի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում «ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները Հայաստանում. լրագրողական հանրության ու պետության արձագանքը» թեմայով:  Մասնակցում էին լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավապաշտպաններ,   միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրը  չափազանց հրատապ է դարձել վերջին տարիներին: Պատճառը մեկն է` իշխանությունները լրագրողների նկատմամբ տեղի ունեցող ֆիզիկական բռնությունների փաստերը, որպես կանոն, անտեսում են, իսկ եթե չեն անտեսվում, ապա իրավապահների կողմից ցուցաբերվում է զուտ ձեւական, իմիտացիոն մոտեցում: Որպես ասվածի ապացույց` Մելիքյանը հիշեցրեց 2014 թվականի վիճակագրությունը. լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ինը դեպքերից ոչ մեկը չի բացահայտվել, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: Այսինքն` Հայաստանի ներսում լրագրողի ու լրատվամիջոցի իրավունքները պաշտպանել չի հաջողվում:

ԽԱՊԿ նախագահի խոսքով` սա արդեն բավական հիմք էր անպատժելիության մթնոլորտի մասին խոսելու համար: Սակայն հունիսի 23-ին տեղի ունեցածն էլ ավելի անտանելի իրավիճակ ստեղծեց: «Այն, ինչ կատարվեց հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյանի պողոտայում, աննախադեպ էր: Այդ օրը լրագրողների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնություններն ու  ճնշումները կարող եմ համեմատել տխրահռչակ 2008 թվականի ճնշումների հետ, ավելին՝ ծավալով դրանք գերազանցեցին մարտի 1-ի դեպքերին», – ասաց Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով ուշագրավ վիճակագրություն. եթե 2008 թվականին ամբողջ տարվա ընթացքում 18 լրագրող է ֆիզիկական բռնության ենթարկվել, ապա 2015-ի միայն առաջին վեց ամիսների ընթացքում բռնություններ են արձանագրվել տարբեր ԶԼՄ-ների 19 աշխատակիցների նկատմամբ, որոնցից 13-ը տուժել են հունիսի 23-ի դեպքերի ժամանակ:

Մելիքյանի դիտարկմամբ` Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցածը նպատակաուղղված որս էր լրագրողների նկատմամբ: Ընդ որում` ԶԼՄ-ների աշխատակիցներին բռնություններից զերծ չի պահել նույնիսկ լրագրողական տարբերանշաններ կրելը. «Եթե քաղաքակիրթ երկրում տարբերանշաններ կրելը բարենպաստ պայմաններ է ստեղծում լրագրողների համար, նրանց զերծ պահում բռնություններից, Հայաստանում հակառակն է` այն թիրախավորում է լրատվամիջոցների աշխատակիցներին եւ օգնում իրավապահներին ճնշել նրանց   գործողությունները: Հունիսի 23-ի իրադարձությունները եւս մեկ անգամ դա ապացուցեցին»:

ԽԱՊԿ նախագահի խոսքով` այս ամենից հետո Հայաստանի իշխանությունները չպետք է զարմանան, որ միջազգային կազմակերպությունները Հայաստանում հետընթաց արձանագրեն մամուլի ազատության հարցում: Չնայած, ըստ Մելիքյանի` նույնիսկ միջազգային կազմակերպությունների խիստ քննադատական, բացասական գնահատականներն ազդեցություն չեն ունենում իշխանությունների վրա:

Այս իրավիճակում ԽԱՊԿ նախագահն անհրաժեշտություն է համարում լրագրողական հանրության համախմբումն ու բողոքի իր ձայնը բարձրացնելը: Նա լրագրողներին ու իրավապաշտպաններին առաջարկեց միասին քննարկել ու հակազդեցության մեխանիզմներ մշակել իրավիճակի փոփոխության համար:

Քննարկման մասնակից իրավապաշտպանները լրագրողներին խորհուրդ տվեցին ավելի հետեւողական պայքարել իրենց իրավունքների համար, օգտագործել բոլոր հնարավոր իրավական միջոցները: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն առաջարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի դիմել նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե` ընդգծելով, որ այն կիսադատական մարմին է ու քաղաքական առումով ավելի ազդեցիկ է, քան Եվրոպական դատարանը:

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանն էլ գործընկերներին հորդորեց հետեւել իր օրինակին ու պայքարել մինչեւ վերջ, թույլ չտալ, որ քրեորեն պատժելի արարքը տեղափոխվի բարոյական դաշտ ու լրագրողին ֆիզիկական  բռնության ենթարկածը սահմանափակվի մեկ «ներողություն» բառով:

Քննարկման ավարտին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը հորդորեց լրագրողներին հետեւողական լինել թե իրենց, թե գործընկերների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի բացահայտման առումով` շեշտելով, որ չդիմակայելու արդյունքում նրանք պարարտ հող են ստեղծում նոր ճնշումների համար:

 

 

Share

, ,