«Առավոտ». Տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա թվային հեռարձակման անցնելուն. փորձագետ

«Հայաստանի Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության փոխտնօրեն Սահակ Դավթյանի տեղեկացմամբ, արդեն 211 հեռուստակայան է վերազինվել թվայնացման հեռարձակման համար նախատեսված տեխնիկական սարքավորումներով:

«Հաղորդիչ ցանցն ամբողջությամբ պատրաստ է եւ տեխնիկական առումով ոչ մի խնդիր չենք տեսնում թվային հեռարձակման անցնելուն»,- այսօր «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասաց պարոն Դավթյանը:

Նրա խոսքով, հատկապես մարզերի բնակիչներն են ոգեւորված թվային հեռարձակման լուրից, որովհետեւ. «Բացի որակի բարձրացումից ունենք նաեւ ալիքների քանակի աճ: Ժամանակին մեկ-երկու ալիք էին նայում, հիմա հնարավորություն ունեն ութ-իննը ալիք ընդունել»:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն էլ վերհիշեց 2010 թվականը՝ ռադիոյի ու հեռուստատեսության մասին օրենքի փոփոխության ժամանակահատվածը: Նա հիշեցրեց, որ օրենքը փոխվեց հենց անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու պատճառով. «Ընդունվեց մի օրենք, որը լուրջ խնդիրներ էր պարունակում, ընդունվեց այնպիսի պայմաններում, երբ միջազգային ու հասարակական կազմակերպությունների մոտեցումները ու հորդորները, առաջարկությունները գրեթե հաշվի չառան: Հենց այդ օրենքի պատճառով է , որ այն ժամանակ Երեւանում տեղակայված 22 համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններից մնացին 18-ը, իսկ մարզերում նախատեսվեց թողնել ընդամենը մեկ հեռուստաընկերություն, այն պարագայում, որ տարբեր մարզերում գոյություն ունեն երեքից չորս հեռուստաընկերություններ: Սահմանափակման պատճառով մնացածը կանգնեցին փակման եզրին, հիմա էլ ունեն նույն վտանգը, եթե օրենքը չփոխվի»:

http://www.aravot.am/2015/07/30/597536/

Share