Հեռարձակման թվայնացման անհրաժեշտությունն ու պետության անկազմակերպ մոտեցումը

klor seghan_edited1Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 30-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում` «Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու զարգացումներն ու խնդիրները» թեմայով:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը քննարկումն սկսեց գործընթացի հետ կապված օրենսդրական վերջին փոփոխություններից. հունիսի 23-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` համաձայն որի անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու վերջնաժամկետը հետաձգվեց մինչև 2016 թ. հունվարի 1-ը: Բանախոսը հիշեցրեց, որ լրագրողական երեք կազմակերպություններ` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել էին հեռարձակման ոլորտին վերաբերող օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը 2014թ. նոյեմբերին ներկայացվեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:  23 էջանոց ծավալուն փաստաթղթով առաջարկվում էր լուծումներ ոլորտում առկա բոլոր խնդիրներին: Առանցքային գաղափարը լիցենզավորման պարզեցված ընթացակարգի անցումն է, ինչը կարող է հանգեցնել արմատական փոփոխությունների:

Իշխանության բարձր ատյաններում լրագրողական կազմակերպություններին հավաստիացրել էին, որ առաջարկությունների այդ ծավալուն փաթեթը հիմք կհանդիսանա ՀՀ կառավարության կողմից մշակվող նոր օրինագծի համար։ Սակայն ԱԺ ներկայացվեց ու ընդունվեց ընդամենը մի քանի նախադասությունից բաղկացած փաստաթուղթ: «Հեռարձակման ոլորտի խնդիրները լուծելու փոխարեն պետությունը հերթական անգամ հետաձգեց թվայնացման գործընթացի վերջնաժամկետը», – ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն իր գործառույթը կատարել է. գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանի խոսքով`  հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում ավարտվել են թվային հեռարձակման անցնելու համար անհրաժեշտ 211 հեռուստակայանի մոնտաժման աշխատանքները։ Սահակ Դավթյանը վստահեցրեց, որ հաղորդիչ ցանցն ամբողջությամբ պատրաստ է, որակը գերազանց է, տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` հեռարձակման թվայնացման գործընթացի երեք բաղադրիչներից տեխնիկականը միակն է, որ ամբողջությամբ իրականացվել է: Մյուս երկուսը` օրենսդրականն ու սոցիալականը մնում են առկախ: ԽԱՊԿ նախագահի խոսքով` մնացել է հինգ ամիս, սակայն այսօր էլ հնարավոր չէ համոզված ասել, որ Հայաստանը կկարողանա 2016 թվականի հունվարի 1-ից լիովին անցնել թվային հեռարձակման։ 150000 անապահով ընտանիքի համար ապակոդավորող սարքերի ձեռքբերման և բաշխման գործընթացը պետությունը դեռ չի սկսել, իսկ  օրենսդրական բաղադրիչի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ:

Ո՞ր պետական մարմինն է պատասխանատու ամբողջ գործընթացի համար, ո՞վ է զբաղվելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի բարեփոխմամբ, ո՞ր գերատեսչությունն է իրականացնելու ապակոդավորող սարքերի ներկրման եւ անապահով ընտանիքներին անվճար բաշխելու աշխատանքները… Մի շարք հարցեր այսօր էլ մնում են անպատասխան. «Անալոգայինից թվային  հեռարձակման անցնելու ամբողջ գործընթացը ցույց տվեց մեր պետության անկազմակերպվածությունը այս հարցում», – նշեց Աշոտ Մելիքյանը:

Որքանո՞վ արդյունավետ կլինեն պետության գործողությունները առաջիկա հինգ ամիսների ընթացքում` ժամանակը ցույց կտա: Մի կողմից՝ կրկին հետաձգել գործընթացն արդեն գրեթե անհնար է, քանի որ կա միջազգային պարտավորվածություն, որի ժամանակին չկատարելը  կարող է լուրջ խնդիրներ առաջացնել եւ բացասաբար ազդել երկրի վարկանիշի վրա: Մյուս կողմից՝  հեռարձակման թվային համակարգին ամբողջական անցումը հնարավոր չէ առանց  օրենսդրական փոփոխությունների եւ սոցիալական հարցերի լուծման։ Էլ չենք ասում, որ եթե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը մնա նույնը, ապա այն մարզերում, որտեղ գործում են մի քանի տեղական հեռուստաընկերություններ, կմնա միայն մեկական մարզային հեռարձակող, իսկ մնացածները ուղղակի կփակվեն: Այդպես է նախատեսում այս տխրահռչակ օրենքը։ Իսկ դա հակասում է ոչ միայն հեռարձակման թվայնացման գործընթացի տրամաբանությանը, այլեւ այս ոլորտում ժամանակակից միջազգային միտումներին։

 

Լիլիթ Հովհաննիսյան

 

Share