«168.am». «Գալիք ընտրություններին իրենց քարոզչությունը տեղ հասցնելու համար իշխանություններն ամեն ինչ կանեն, որ բոլորն ունենան հեռուստացույց»

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն առհասարակ որևէ ֆունկցիա իր վրա չվերցրեց և չկատարեց, ավելին՝ մի միջազգային կոնֆերանսի ժամանակ այդ հանձնաժողովի նախագահին հարց ուղղեցի, թե ի՞նչ է արվում հեռուստատեսության թվայնացման առումով իրենց հանձնաժողովում, նա պատասխանեց, որ դա իրենց ֆունկցիան չէ, այլ Տրանսպորտի և կապի նախարարության: Շատ ֆունկցիաներ կան, որ օրենքը չի արգելում, և կարող էին անել: Կարող էին իրենց վրա վերցնել բնակչության իրազեկման խնդիրը, հոլովակների ու բուկլետների պատրաստման խնդիրը: Ինչ-որ առումով՝ մենք (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե) այդ ֆունկցիան վերցրինք մեզ վրա:

Այս տարվա ընթացքում շրջեցինք մարզերով և հեռուստահաղորդումներ պատրաստեցինք թվային հեռարձակման մասին: Ուզում եմ ասել, որ եթե պետությունը խելացի մոտեցում ցուցաբերեր, կարող էր օգտագործել նաև հ/կ-ների հնարավորությունները»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մասնագետների կարծիքը մեկն էր՝ հանրությունը պատշաճ իրազեկված չէ, եթերում առկա գովազդային հոլովակներն էլ, որոնք պետք է իրազեկեին, արդեն հնացել են:

Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը նկատեց՝ առայժմ կատարվածը միայն տեխնիկական է և օրենքի հետ, ըստ էության, կապ չունի. «Այսինքն՝ կապ ունի այնքանով, որ օրենքն ասում է՝ 2015թ. հուլիսի 1-ից պետք է անցնենք թվային հեռարձակման: Այդ մասով համապատասխան կառույցը՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ը, իր ֆունկցիան արեց, այսինքն՝ օրենքը կատարվել է: Բայց կա նաև երկրորդ մասը՝ ինչո՞ւ հուլիսի 1-ին անցումը չեղավ: Որովհետև դրա համար պետք է բոլորն իմանան, թե ինչ հեռուստացույց գնեն: Եթե հուլիսի 1-ին, մեղմ ասած, անջատիչը իջեցնեին՝ անալոգայինը անջատեին, և մնար միայն թվային հեռարձակումը, հանրապետության բնակչության եթե ոչ՝ 90, ապա՝ 80 տոկոսը հեռուստացույց չէր ունենա: Այսինքն՝ այս գործընթացի սոցիալական բաղադրիչը (որն օրենսդրությանը չեմ ամրագրում) պատրաստ չէր:

Ցանկացած երկիր այս անցումն արել է այն ժամանակ, երբ չի եղել ընտանիք, որը պատրաստ չլինի ընդունելու այդ ազդանշանը: Մարդիկ պետք է իմանան, որ հեռուստացույցը կամ պետք է ունենա DVB-T2 թվային ընդունիչ, կամ պետք է ձեռք բերել ապակոդավորող սարք: Սոցիալական մասն ապահովելուց հետո, եթե օրենսդրությունը չփոխվի, մենք կունենաք հեռուստաընկերություններ, որոնք փակվելու են, ու չգիտենք իրենց կարգավիճակը, օրինակ՝ «Հրազդան» հեռուստաընկերությունը: Այդ ալիքի լիցենզիան մեխանիկորեն ևս 6 ամիս երկարացրել են, իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու: Պետք է հնարավորություն տալ, որ հեռուստաընկերությունը մտնի մասնավոր մուլտիպլեքսի մեջ և ընտրի՝ կամ կաբելային, կամ դուրս գա արբանյակ: Հիմա, եթե ուզենա դուրս գալ արբանյակ, չի կարող, որովհետև օրենքն ասում է՝ արբանյակային հեռարձակում կարող է իրականացնել հեռուստաընկերությունը, իսկ հեռուստաընկերություն սահմանված է նա, ով ունի եթերային հեռարձակման լիցենզիա: Իսկ այդ հեռուստաընկերությունը լիցենզիա չունի այս պահին, նրա լիցենզիան պարզապես երկարացված է: Օրենքն արգելում է, որ որևէ մարզում երկրորդ հեռուստաընկերություն լինի»:

Մեդիափորձագետի կարծիքով՝ գալիք ընտրություններին իրենց քարոզչությունը տեղ հասցնելու համար իշխանություններն ամեն ինչ կանեն, որ բոլորն ունենան հեռուստացույց, որովհետև դա ամենամեծ զենքն է:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ անապահով ընտանիքների համար 150.000 ապակոդավորող սարք է ներկրվելու:

http://168.am/2015/07/30/521354.html

Share