«Առավոտ». Աշոտ Մելիքյան. Հարգանքը լրատվամիջոցների գործունեության նկատմամբ նվազել է

«2015 թվականի առաջին կիսամյակը ծայրահեղ լարված եւ բարդ ժամանակահատված է եղել լրատվամիջոցների եւ լրագրողների համար»,- հուլիսի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա ներկայացրեց ««Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» 2015 թվականի առաջին կիսամյակի զեկույցը: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ 2015 թվականի առաջին կիսամյակն աննախադեպ էր բռնությունների եւ լրատվամիջոցների նկատմամբ տարբեր ճնշումների առումով. «Դրա գագաթնակետը հունիսի 23-ի դեպքերն էին, երբ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ցրելիս որպես թիրախ ընտրեց նաեւ լրագրողներին եւ լրատվամիջոցների մյուս ներկայացուցիչներին՝ օպերատորներին մասնավորապես: Կարծում եմ՝ այդտեղ, իսկապես, հրաման էր եղել նվազագույնի հասցնել ինֆորմացիայի արտահոսքը»:

Ըստ զեկույցի՝ 2015 թվականի հունիսի 23-ին բռնության են ենթարկվել 13 լրագրող, ու եւս 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ ճնշումների են ենթարկվել. «Եթե մենք համեմատենք նաեւ այլ տարիների հետ, պետք է ասենք, որ 2015 թվականի առաջին կիսամյակի տվյալները՝ ֆիզիկական բռնությունների առումով գերազանցում են նույնիսկ տխրահռչակ 2008 թվականի տվյալները, ներառյալ մարտի 1-ի դեպքերը: Որովհետեւ մինչեւ այս տարվա հունիսի 30-ը մենք արձանագրել ենք 20 լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ, այն դեպքում, երբ 2008 թվականի ընթացքում, այդ թվում նաեւ, եթե մարտի 1-ի դեպքերը հաշվենք՝ 18 լրագրողների նկատմամբ էին ֆիզիկական բռնություններ կիրառել»:

Աշոտ Մելիքյանի կանխատեսմամբ՝ Հայաստանի վարկանիշն իջնելու է. «Զավեշտալի են հնչում իշխանությունների այն պնդումները, թե ազատ խոսքի եւ ազատ մամուլի երկիր է: Մասնավորապես՝ տարբեր միջազգային ատյաններում եւ ֆորումների ընթացքում այդպիսի արտահայտություններ են արել երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը: Մինչդեռ նույն միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, չենք խոսում «Freedom house»-ի, «Human rights watch» եւ այլ միջազգային կազմակերպությունների մասին, նրանց գնահատականները տրամագծորեն հակառակն են: Եվ մեր այս տվյալները ցույց են տալիս, որ վիճակն, իսկապես, վատթարացել է, հարգանքը խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության նկատմամբ նվազել է, եւ դա չի կարող չհանգեցնել նոր բացասական գնահատականների միջազգային կազմակերպությունների կողմից, դա շատ ցավալի է»:

http://www.aravot.am/2015/07/31/597809/

Share