«Առավոտ». Մեսրոպ Հարությունյան. «Հեղինակային իրավունքի պահպանմանումը անհատական խնդիր է»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:

Կլոր սեղանի ընթացքում մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը նկատեց, որ հաճախ գրագողություն եւ հեղինակային իրավունքի խախտում հասկացողությունները իրարից չեն տարբերակվում. «Թումանյանի «Անուշ»-ը վերցնում եմ իմ անունով հրապարակում եմ, սա գրագողություն է: Տարբերությունը հետեւյալն է, երբ ինչ-որ մեկի հեղինակային գործը վերցնում եմ, ոչ մի բան չեմ խախտում անունը գրված է, հրատարակում եմ, վաճառում եմ շահույթ ստանալու նպատակով, այսինքն՝ խախտում եմ հեղինակային իրավունքը: Սրանք երկու տարբեր հասկացություններ են, եւ միշտ խոսելիս պետք է տարբերակել սա՝ գրագողությո՞ւն է, թե՞ մարդու հեղինակային իրավունքի խախտում»:

Ըստ նրա՝ եթե այսօրվա մտածողությունը գործեր 5-րդ դարում, ապա այսօր ոչ ոք չէր իմանա, որ օրինակ՝ «Հայոց պատմությունը» գրել է Մովսես Խորենացին. «Կարող ես տանը դնել մեկ համակարգիչ, մեկ աշխատող, բացել քեզ համար հասցե, անունը դնել լրատվական կայք եւ վերջ, միացնել ինտերնետ, առանց որեւէ ծախս անելու եւ փորձել քո այդ լրատվական կայքը բուն գրաբարով ասած «ռասկրուտկա» անել: «Ռասկրուտկան» էլ սկսում ես, որ ուրիշի նյութերը վերցնում ես Control C, Control V-ի միջոցով, այսինքն՝ copy paste-ով, դնում ես քո կայքում եւ սկսվում է տարածվել: Սա է, որ բերում է մարտահրավերների»:

Մեդիափորձագետը նկատեց, որ լրատվական տեքստերի հետ զուգահեռ բարձրանում է նաեւ լուսանկարների հրապարակման խնդիրը. «Իհարկե՛, լուսանկարներն այսօր պաշտպանվում են ջրանշանների միջոցով, բոլորն իրենց լուսանկարների վրա դնում են այդ ջրանշանները, որոնք հնարավոր չէ ջնջել: Գուցե ինչ-որ ձեւով պահպանված է, պաշտպանված չէ տեքստայինը, եւ ցավոք, անընդհատ տեսնում ենք դա»:

Մեսրոպ Հարությունյանը հեղինակային իրավունքի պահպանմանումը անհատական խնդիր է համարում. «Չի կարող լինել մի մարմին, որը վերահսկի, որը կարողանա, նախ հնարավոր չէ, երկրորդը՝ պետք էլ չէ, որ լինի, որ վերահսկի հեղինակային իրավունքի պահպանումը: Յուրաքանչյուր մարդ ինքը պիտի կարողանա դա հսկել, ինչը շատ դժվար է: Ես չգիտեմ, թե այսօրվա կատարած իմ գրառումը, ես չգիտեմ՝ իմ բլոգում հրապարակած նյութը, ես դժվար եմ պատկերացնում որեւէ լրատվամիջոցում իմ նյութը, որտեղ կարող է հայտնվել եւ ինչ եղանակով: Իհարկե՛, մեծ լրատվամիջոցները հնարավորություն ունեն մարդ պահել, որը հետեւի, տեսնի, թե արդյոք իրենց նյութերը տիրաժավորվո՞ւմ են այլ տեղ, թե՞ ոչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

http://www.aravot.am/2015/08/28/603670/

Share

, ,