«Արմենպրես». Հունիսի 23­ին լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ քրեական գործի նախաքննությունը երկարաձգվել է

Բաղրամյան պողոտայում հունիսի 23­ին ոստիկանության կողմից ցույցը ցրելիս լրագրողների բնականոն
աշխատանքը խոչընդոտելու դեպքի նախաքննությունը երկարաձգվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` նշելով, որ ուշի ուշով հետևում են գործի քննությանը:

«Վերջերս լրացավ օրենքով նախատեսված երկու ամիսն այս գործը քննելու համար: Ժամկետը երկարաձգվեց, հետաքրքիր էր տեսնել, թե այդ ժամանակահատվածում ինչ գործողություններ են կատարվել, ուր է հասել գործի քննությունը, քանի որ այս դեպքն իր ծավալով աննախադեպ էր»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով` քննության սկզբից մի քանի հարցում են ուղարկել Հատուկ քննչական ծառայությանը, բայց բավարարված չեն ստացված պատասխաններով:Աշոտ Մելիքյանը հավելեց, որ չէին ակնկալում ստանալ գաղտնի տվյալներ: «Մեզ հետաքրքրում էր, թե երկու ամիսը լրանալուց հետո այդ գործը երկարաձգվելու է, թե ոչ: Հետաքրքրում էր, թե տուժած լրագրողների մեջ կան անձինք, ովքեր դեռ չեն հարցաքննվել կամ մեղադրյալներ ու կասկածյալներ կան գործում ներգրավված: Հարց էինք ուղղել, թե քանի քննիչ է վարում այս գործը, հարցաքննված ԶԼՄ-­ների ներկայացուցիչներից քանիսն են տուժող ճանաչվել: Սակայն մեզ եկած երկու նամակներում նշվել է, որ հարուցվել է քրեական գործ և հարցումների պատասխանները նախնական քննության տվյալներ են ու հրապարակման ենթակա չեն»,­ նշեց Աշոտ Մելիքյանը` ավելացնելով, որ ՀՔԾ­ից չստանալով տեղեկություններ, իրենք սեփական
հետաքննությունն են իրականացրել:

Նա տեղեկացրեց, որ խորհրդակցել են իրավաբանների հետ ու եկել այն եզրակացության, որ օրենսդրական բաց կա տվյալներ հաղորդելու առումով, քանի որ օրենքը չի սահմանում, թե որն է գաղտնի տեղեկատվությունը: «Դա օրենսդրական բաց է, և մեր գործընկեր իրավաբանների հետ այս պատասխանների
հիման վրա դիմելու ենք ՀՀ դատախազություն ու դատարաններ»,­հայտնեց Աշոտ Մելիքյանը:

Նա հրապարկեց լրագրողական ինը կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Բաղրամյանի դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առնչությամբ: Դրանում ասվում է, որ բռնության կամ տարատեսական այլ խոչընդոտումների ենթարկված 24 լրագրողներից ու օպերատորներից 6­ը հարուցված քրեական գործի երկու ամիսների ընթացքում այդպես էլ չեն հարցաքննվել: Բացի այդ, լրագրողներից մեկի` Հակոբ
Կարապետյանի տեսախցիկի առգրավված հիշողության սարքը չի վերադարձվել:

Հարցին ի պատասխան, թե ինչ հետևանք կունենան այս դեպքերը միջազգային կազմակերպությունների կողմից տրվող խոսքի ազատության վարկանիշի վրա` Աշոտ Մելիքյանը նշեց. «Ես կարծում եմ, որ տարեկան զեկույցներում միջազգային կազմակերպություններն իրենց գնահատականը կտան: Դժվար է ակնկալել, որ Հայաստանի վարկանիշը խոսքի ազատության առումով կբարձրանա, կարելի է ենթադրել, որ կիջնի, ցավոք: Մինչդեռ վերջին գնահատականները հույս էին տալիս, որ բարենպաստ իրավիճակ ստեղծելու պարագայում Հայաստանը ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցողների շարքից կարող էր տեղափոխվել կիսազատ ԶԼՄ­ներ ունեցողների շարքը»,­ եզրափակեց բանախոսը:

http://armenpress.am/arm/news/818196/hunisi-23-in-lragroxneri-gortsuneutyuny-khochyndotelu.htm

Share