«Հանրային Ռադիո». Լրագրողական կազմակերպությունները պահանջ են ներկայացրել դատախազությանն ու ՀՔԾ- ին

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքերը շատ բան փոխեցին հայաստանյան լրատվադաշտի ազատության մասին գնահատումներում ու վարկանիշում: Freedom House-ի վերջին գնահատումներով` անցյալ տարի Հայաստանը 61 միավորով անազատ մամուլ ունեցողների ցանկի սկզբում էր: Բավական էր մեկ միավոր` անցնելու կիսաազատ լրատվությամբ երկրների շարքը:

Հայաստանի լրատվադաշտի այս տարվա ցուցանիշերի ամփոփմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խիստ մտահոգված է սպասում: Մտահոգությունների հիմքում փաստերի վրա հիմնված համոզմունքն է` լրագրողների իրավունքները խախտվում են իշխանության թույլտվությամբ եւ աջակցությամբ: «Ցավոք, լրագրողների նկատմամբ իրավախախտումների որեւէ դեպք չի բացահայտվել եւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, եւ դա արդեն խոսում է այդ իրադարձություններին պետության ոչ համարժեք պատասխանի մասին»,- ասում է։

Լրագրողների նկատմամբ իրավախախտումներին պետության ոչ համարժեք պատասխանի վառ օրինակ է Բաղրամյանի դեպքերի հետաքննության ընթացքը: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի զանգվածային ակցիան ուժով ցրելու ժամանակ տուժած լրագրողների գործի քննության համար օրենքով նախատեսված 2 ամիս ժամկետն արդեն լրացել է ու երկարաձգվել: Բայց այս ընթացքում բազմաթիվ լուրջ հարցերից եւ որեւէ մեկին լուրջ պատասխան չի տրվել:

Ավելին` Հատուկ քննչական կոմիտեն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բարձրացրած բազմաթիվ հարցադրումներին պատասխանել է երկունախադասությունանոց նամակով` ընթանում է նախաքննություն:

Օրենքը բաց ունի, հուշում են իրավապաշտպանները, չի հստակեցվում` որ տեղեկատվությունն է նախաքննության փուլում համարվում գաղտնի, դրա համար էլ իրավապահները անում են այն, ինչ հարմար են գտնում: Դրա համար էլ որեւէ կերպ պարզ չի դառնում` ինչ ընթացքում է հարուցված քրեական գործը:

Աշոտ Մելիքյանը, սակայն, հիմնվում է իր ղեկավարած կոմիտեի հավաքած տվյալների վրա: Ծավալուն գործը քննում է ընդամենը մեկ քննիչ, տուժած 24 լրագրողներից ու օպերատորներից մինչ այժմ ոչ բոլորն են հարցաքննվել: Ավելին` ոստիկանները տուժած լրագրողներից մեկին խայտառակ գործարք են առաջարկել: «E-lur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանին դեռ չի վերադարձվել տեսախցիկի հիշողության առգրավված սարքը կամ դրա դիմաց չի փոխհատուցվել: Ավելին` առաջարկվել է վրդովմունք հարուցող գործարք` այդ սարքը կտրամադրվի, եթե լրագրողն իր բողոքը հետ վերցնի»:

Աշոտ Մելիքյանն անթույլատրելի է համարում ՀՔԾ-ում դրսևորվող դանդաղկոտությունը, ավելին, նրա բնորոշմամբ` ցինիկ դրսեւորումները: Համացանցը ողողված է կադրերով, թե ինչպես է բարձրահասակ հաղթանդամ տղամարդը հարձակվում նիհարակազմ լրագրողուհու վրա, այնինչ վերջինիս բողոքն անհիմն է համարվում ու քրեական գործ չի հարուցվում` փաստերի բացակայությամբ պատճառաբանությամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը Բաղրամյանի դեպքերը աննախադեպ է որակում` լրագրողների հանդեպ բռնությունների ծավալով, տուժողների թվով ու գործի հանդեպ իշխանության դրսեւորած անտարբերությամբ ու անհամարժեք արձագանքով: Կոմիտեն լրագողական 9 կազմակերպության հետ այսօր տարածել է հայտարարություն` Հատուկ քննչական ծառայությունից պահանջելով անհապաղ վերանայել մոտեցումները եւ կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ եւ օբյեկտիվորեն քննել քերական այս գործը, իսկ դատախազությանը պատշաճ վերահսկողություն պահանջ է ներկայացվում։

«Հանրային ռադիո»

Share