«Newsbook». Ցինիկ պատասխանը հարցի լուծում չի կարող լինել. Աշոտ Մելիքյանը՝ Ոստիկանության պատասխանի մասին

Կարծում եմ` նման ցինիկ պատասխանը հարցի լուծում չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Վերջինս նման գնահատական տվեց լրագրողի ներկայացրած փաստին, համաձայն որի` վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը մի հարցում էր ուղարկել Ոստիկանություն: Հաշվի առնելով, որ հունիսի 23-ին ուժային գործողություններում ամենաակտիվ դերակատարներից մեկը Լևոն Երանոսյանն էր, ով բացի փոխոստիկանապետ լինելուց, նաև ոստիկանական զորքերի հրամանատարն է, Դանիել Հովհաննիսյանը հարց է ուղղել, թե ինչ իրավունքով է ոստիկանական զորքերի հրամանատարը գտնվել այնտեղ, այն դեպքում, երբ, ըստ օրենքի, ոստիկանական զորքերը իրավունք չունեն խաղաղ ցույց ցրել: 

Իսկ պատասխանն այսպիսին է եղել. «Լևոն Երանոսյանն այդ օրը չի գտնվել որպես ոստիկանական զորքերի հրամանատար»:

Աշոտ Մելիքյանն այս առիթով նաև ընդգծեց, որ երբ պետական ատյանը քաղաքացուն կամ հասարակական կազմակերպությանը նման պատասխան է տալիս, ապա տվյալ ատյանը չպետք է ակնկալի որևէ հարգանք ու վստահություն իր նկատմամբ:

«Հարգանքն ու վստահությունն այդքան էլ չեն կարևորում մեր իրավապահ մարմինները` հակառակ դեպքում ՀՔԾ-ն մեր հարցումներին էլ ավելի հարգանքով կմոտենար»,- նկատեց Աշոտ Մելիքյանը:

Վերջինս նաև նշեց, որ հստակ չի կարող ասել, թե վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես Առաջին լրատվականի և Գալայի աշխատակիցների աշխատանքից ազատվելու դեպքերը որքանո՞վ կարող են կապ ունենալ Բաղրամյանի դեպքերի, հարուցված քրեական գործի հետ: 

«Դա ենթադրությունների ոլորտից կլինի: Պետք է այդ հարցը տալ լրատվամիջոցների ղեկավարներին: Մեր աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել նրանց աշխատակիցների հետ, թե արդյոք իրենք հարցաքննվել են հունիսի 23-ի դեպքերի մասով, թե՝ ոչ»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Ասուլիսին ներկա աշխատակիցը՝ Լիլիթ Հովհաննիսյանն էլ արձագանքեց, որ խոսել են նաև աշխատանքից նրանց հեռացնելու մասին:

«Ասել են, որ չգիտեն` ինչն է պատճառը: Իրենց ոչ մի հիմնավորում չեն տվել:
Փորձել ենք կապ հաստատել ղեկավարի հետ, բայց ղեկավարը չի ուզում նշել որևէ հիմնավորում, և այլևս ոչ մի զրույց այդ թեմայով չի ցանկանում ունենալ»,- եզրափակեց Լիլիթ Հովհաննիսյանը: 

http://news-book.am/?p=65736/cinik+patasxany+harci+lucum+chi+karox+linel+ashot+meliqyany%D5%9Dvostikanutyan+patasxani+masin&l=a

Share