Վիրավորանքն ու զրպարտությունը մամուլում. իրավական անորոշությունից մինչեւ ինքնակարգավորում

Qnnarkum

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում`«Վիրավորանքն ու զրպարտությունը լրատվամիջոցների հրապարակումներում. հայաստանյան դատական պրակտիկան եւ Եվրոպական դատարանի նախադեպերը» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլյա Բլեյզիուսը, ողջունելով ներկաներին, կարեւորեց այս ձեւաչափով քննարկումը՝ ԶԼՄ-ների խնդիրները վեր հանելու, լրագրողների մասնագիտական հմտությունները զարգացնելու առումով։ Նա ընդգծեց, որ Էբերտի հիմնադրամի ամենակարեւոր նպատակը տարբեր երկրներում ժողովրդավարությանը սատարելն է։ «Խոսքի ազատությունը մի կողմից մարդու իրավունքն է, մյուս կողմից՝ ժողովրդավարական վերահսկողության կարևոր միջոց: Շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, խոսքի ազատության թեմային անդրադառնալիս երկու խնդրի ենք բախվում. առաջին՝ որքանով է օրենսդրական դաշտը սահմանափակում ԶԼՄ-ների անկախությունը կամ հակառակը՝ նպաստում դրան, երկրորդ՝ քաղաքական և տնտեսական իրավիճակն ինչպես է անդրադառնում ԶԼՄ-ների գործունեության վրա»:

Քննարկումը վարող՝ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը այս առումով հիշեցրեց, թե ինչպես վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունը, լավատեսական սպասելիքներին հակառակ, իսկական մարտահրավեր դարձավ լրատվամիջոցների համար։ «Օբյեկտիվ քննադատությունը քաղաքական գործիչները, գործարարներն ընկալեցին որպես վիրավորանք ու զրպարտություն, եւ դատական հայցերի միջոցով փորձեցին հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցներից», – նշեց Աշոտ Մելիքյանը՝ ասվածը փաստելով վիճակագրական տվյալներով. 2010-ին արձանագրվեց 17 այդպիսի դատական հայց, 2011-ին՝ 37, 2012-ին՝ 17, 2013-ին՝ 24, 2014-ին՝ 22 հայց եղավ, 2015-ի առաջին վեց ամիսների ընթացքում՝ 9 հայց։ «Ընդհանուր առմամբ, վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո տարբեր դատական ատյաններում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ 126 դատական հայց է ներկայացվել», – տեղեկացրեց ԽԱՊԿ նախագահը։ Նրա գնահատամամբ՝ դրանց մեծ մասը լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու, նրանց լռեցնելու փորձ է եղել։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով 2010-2015 թթ. դատական գործերին, հիշեցրեց, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից անմիջապես հետո խուճապ սկսվեց այս ոլորտում։ «Կարծես վերեւներից մի քանի լրատվամիջոց փակելու որոշում կար։ Դատարանները բավարարում էին 1, 2, նույնիսկ 6 միլիոն դրամական պահանջ ներկայացնող հայցերը։ Արդյունքում հանրային բողոքի մեծ ալիք բարձրացավ, օմբուդսմանը դիմեց Սահմանադրական դատարան, ՍԴ-ն որոշում ընդունեց, որից հետո իրավակիրառական պրակտիկան կտրուկ փոխվեց: Լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի քանակը նվազեց»։ Արա Ղազարյանի խոսքով՝ եթե 2010-11-ին հայցվորները 2-3 միլիոն դրամ էին շահում, ապա ՍԴ որոշումից հետո լրատվամիջոցին հաղթելը դժվարացավ, ըստ այդմ էլ նվազեց միլիոններ կորզելու գայթակղությունը։

Փորձագետն անդրադարձավ Եվրոպական դատարանի կայացրած «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով որոշմանը, համաձայն որի՝ լրատվամիջոցները պատասխանատվություն են կրում իրենց կայքում ընթերցողների թողած վիրավորական եւ զրպարտչական մեկնաբանությունների համար: Այնուհետեւ տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը ուղեցույց է մշակել հայաստանյան մեդիայի համար՝ ինչպես խուսափել «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» նախադեպի կրկնությունից Հայաստանում։ «Հիմնական բանաձևը, որ հայաստանյան մեդիան պետք է քաղի այս գործից, հետեւյալն է՝ լրատվամիջոցը այլ հեղինակների՝ ակնհայտ ատելության խոսք, վիրավորանք պարունակող մեկնաբանությունների համար պատասխանատվությունից ազատվում է միայն այն դեպքում, եթե կարող է հիմնավորել, որ տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղյակ լինել նման գրառումների առկայության մասին»:

Արա Ղազարյանը ներկայացրեց նաեւ մի քանի դատական գործեր, որոնք առաջացնում են իրավական անորոշություն։ Իրավաբանի խոսքով՝ այսօր ֆիզիկական անձը կարող է տանը նստել եւ լրատվություն տարածել, բայց միեւնույն ժամանակ վիրավորանք, զրպարտություն պարունակող լրատվության համար նրա դեմ հայց ներկայացնել հնարավոր չէ, քանի որ նա իրավաբանական անձ չէ։ Արա Ղազարյանը նաեւ օրինակներ բերեց, թե ինչպես է միջազգային եվ ազգային իրավունքում պաշտպանություն չունեցող ատելության խոսքը հայաստանյան դատարանի կողմից որակվել որպես գնահատող դատողություն։

Զեկույցից հետո մասնակիցները քննարկում ծավալեցին ներկայացված հարցերի, այդ թվում՝ գրառումը համացանցից հեռացնելու, կեղծանունով վիրավորանք, զրպարտություն պարունակող նյութեր տարածելու, ինչպես նաեւ լրագրողական ազատությանը միջամտելու հարցերի վերաբերյալ։

Լիլիթ Հովհաննիսյան

ԽԱՊԿ փորձագետ

 

Share