Ձեւական ու անարդյունավետ. լրագրողներն այսպես են որակում ՀՔԾ գործողությունները

Nyut_June 23

Նոյեմբերի 3-ին լրացավ հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով  հարուցված քրեական գործի չորս ամիսը։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած ցույցը ցրելիս ոստիկանության ստորաբաժանումները նաեւ աննախադեպ «որս» էին կազմակերպել լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների նկատմամբ, ֆիզիկական բռնության ենթարկել նրանց, կոտրել կամ վնասել շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններ ու լուսանկարներ, առգրավել հիշողության քարտերը: Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների՝ այդ գործողություններից տուժել են տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ։ Դեպքերից 10 օր անց՝ հուլիսի 3-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ։

Ծավալուն այս գործը առաջին երկու ամիսների ընթացքում քննում էր ՀՔԾ-ի ընդամենը մեկ քննիչ։ Արդյունքում այդ ժամանակահատվածում նշված 24 անձանցից 6-ը չէին հարցաքննվել։ Այդ մասին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ով ս. թ. սեպտեմբերի 22-ին ցուցում էր տվել Հատուկ քննչական ծառայությանը ձեւավորել քննչական խումբ՝ վերոհիշյալ գործը քննելու համար։

Հոկտեմբերի 15-ին ԽԱՊԿ-ը հարցում ուղարկեց ՀՔԾ՝ պարզելու հետեւյալ հարցերի պատասխանները՝ դատախազության ցուցումից հետո ձեւավորե՞լ է քննչական խումբ, եթե այո, ապա քանի՞ քննիչ է ներգրավված այդ խմբում, եւ արդյոք այլ իրավապահ կառույցների, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ընդգրկվե՞լ են խմբում։

Եթե ԽԱՊԿ-ի նախորդ նամակներին ՀՔԾ-ն պատասխանել էր, թե պահանջվող տեղեկությունները «նախնական քննության տվյալներ են ու հրապարակման ենթակա չեն», ապա այս անգամ երեք հարցերից պատասխանեցին ընդամենը մեկին՝ հայտնելով, որ վերոհիշյալ գործով նախաքննությունը կատարում է քննչական խումբը։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 1-ին, ԽԱՊԿ-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքէջից տեղեկացավ, որ քննչական խմբում (բացի ՀՔԾ խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանից) ընդգրկվել են ՀՔԾ քննիչ Գ. Միքայելյանը, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնի քննիչ Ա. Օսիպյանը եւ նույն կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս. Հովհաննիսյանը:

Քննչական խումբը ստեղծվեց, բայց գործողությունների արդյունավետությունը գրեթե չբարելավվեց։ Այսպես, հունիսի 23-ի դեպքերի ժամանակ տուժած, բայց առաջին 2 ամիսների ընթացքում չհարցաքննված ԶԼՄ-ների 6 աշխատակիցներից  5-ը հաջորդ երկու ամիսներին էլ չեն հրավիրել ՀՔԾ։  Չգիտես ինչու, անտեսվել են «1in.am» լրատվական կայքի նախկին աշխատակիցներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, ներկա աշխատակից Արեն Մկրտչյանը, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր  Լեւոն Բարսեղյանը։

«ՀՔԾ-ում ինձ չեն սիրում, երեւի այդ պատճառով էլ մինչեւ հիմա չեն հրավիրել հարցաքննության», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում կատակեց Լեւոն Բարսեղյանը։ «1in.am» լրատվական կայքի նախկին աշխատակիցներն էլ խոստովանեցին, որ  քրեական գործը հարուցելուց ի վեր այդ հարցով միայն ԽԱՊԿ-ից են իրենց հետ կապ հաստատել. «Ձեզանից բացի այս գործի առնչությամբ ոչ ոք չի զանգահարել», – նշեցին նրանք։

Ի դեպ, այս լրատվամիջոցի չորս աշխատակիցներից երեքն այլևս չեն աշխատում այնտեղ։ Միայն մեկը՝ Արեն Մկրտչյանն է շարունակում աշխատել, նա էլ ԽԱՊԿ-ի հարցին ի պատասխան նշեց. «Իսկ ինչու՞ պետք է հրավիրեին ինձ ՀՔԾ։ Ես հունիսի 23-ին ներկա եմ եղել որպես ակտիվիստ, ոչ թե լրագրող»… Հիշեցնենք, որ նախորդ հրապարակումներում Արեն Մկրտչյանը երբևէ չի նշել, թե հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ներկա է եղել որպես ակտիվիստ։ Լրագրողներից միակը, ով ի սկզբանե հայտարարել է, որ դեպքի վայրում է գտվել որպես ակտիվիստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Հրանտ Գալստյանն է։

Բացի այդ, անկախ այն հանգամանքից, որ Արեն Մկրտչյանի խոսքով՝ ինքը Բաղրամյան պողոտայում եղել է որպես ակտիվիստ, ՀՔԾ-ն պարտավոր էր նրան հրավիրել հարցաքննության, քանի որ հունիսի 23-ի դեպքի առնչությամբ հարուցվել է մեկ ընդհանուր քրեական գործ, որում ներգրավված են նաեւ տուժած ակտիվիստները։ Ինչո՞վ է պայմանավորված այն, որ չհրավիրված հինգ անձանցից չորսը «1in.am» լրատվական կայքի նախկին ու ներկա աշխատակիցներն են, դժվար է ասել։ Այս փաստը, պարզվում է, զարմանալի է նաեւ վերոհիշյալ կայքի խմբագիր Արման Բաբաջանյանի համար։ «Տեղյակ չեմ ու զարմացած եմ», – ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումից երկու շաբաթ անց իրեն է զանգահարել ՀՔԾ-ի մի քննիչ, տեղեկացրել է, որ կայքի աշխատակիցներին հրավիրելու են հարցաքննության։ «Բայց այդպես էլ չհրավիրեցին՝ ոչ աշխատակիցներին, ոչ մեր փաստաբանին», – նշեց Արման Բաբաջանյանը։

Վերջին 2 ամիսների ընթացքում հունիսի 23-ի դեպքերից տուժած տարբեր ԶԼՄ-ների 24 ներկայացուցիչներից 18-ը ՀՔԾ են հրավիրել քննչական խմբի կազմավորման մասին տեղյակ պահելու եւ փորձաքննության եզրակացություններին ծանոթացնելու համար։  Ի դեպ, որոշ լրագրողների ոչ թե անձամբ են ծանոթացրել քննչական խմբին, այլ ընդամենը կարդացել են քննիչների անուն ազգանունները։  Անկախ լրագրող Գեւորգ Ղազարյանն, օրինակ, ԽԱՊԿ-ի հետ զրույցում նշեց. «Ընդամենը մեկ քննիչ էր ներկա, կարդաց մյուս երեքի անունները, հարցրեց՝ արդյո՞ք բացարկ ունեմ, պատասխանեցի, որ այդ քննիչներին դեմքով չեմ տեսել, իսկ անուն-ազգանուններն էլ ինձ ոչինչ չեն ասում, ինչպե՞ս կարող եմ առարկել, եթե նրանց չեմ ճանաչում։ Ներկա քննիչը ոչինչ չպատասխանեց, հասկացա, որ այդ ամենն ընդամենը իմիտացիոն բնույթ է կրում»։

«Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանն էլ ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ դեռ երկու ամիս առաջ տեսանյութ է տրամադրել ՀՔԾ-ին, որպեսզի այն կցեն քրեական գործին։ Հետաքրքրվել է՝ ուսումնասիրե՞լ են տեսանյութը, քննիչները պատասխանել են, թե իրենք տեղյակ չեն՝ ինչ տեսանյութի մասին է խոսքը։ «Ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ անորոշություն է այս գործի առումով», – նշեց Թեհմինե Ենոքյանը։

Ի դեպ, լրագրողներից ոմանք խոստովանեցին, որ այլեւս չեն պատրաստվում ժամանակ ծախսել ու ներկայանալ ՀՔԾ, քանի որ այս մարմնի քայլերը ձեւական ու անարդյունավետ են համարում։

Խոսքի ազատության  պաշտպանության կոմիտե

Share