«Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները». լրագրողական կոնֆերանս Ծաղկաձորում

IMG_9197Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ  նոյեմբերի 28-ից 29-ը Ծաղկաձորում անցկացրեց կոնֆերանս՝ «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով։ Այն ԽԱՊԿ-ի՝ այս տարի կազմակերպած յոթ «կլոր սեղանների» ամփոփումն էր։

Կոնֆերանսին մասնակցում էին հեռարձակող, տպագիր և առցանց լրատվամիջոցների լրագրողներ՝ Երևանից և մարզերից, մեդիա փորձագետներ, իրավապաշտպաններ։ Նրանց ողջույնի խոսքով դիմեցին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը։ Մասնակիցները քննարկեցին լրագրողական հանրությանը հուզող մի շարք կարեւորագույն խնդիրներ։

Բորիս Նավասարդյան, Աշոտ Մելիքյան

Բորիս Նավասարդյան, Աշոտ Մելիքյան

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանում ԶԼՄ-ների գործունեության հիմնական մարտահրավերներին ու դրանց դիմակայելու հնարավորություններին։ ԵՄԱ նախագահը, մասնավորապես, խոսեց սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունների գործունեության մասին՝ ընդգծելով, որ նրանք իրենց եթերում հիմնական շեշտադրումն արել են խորհրդարանական վեց ուժի քարոզչության համար հավասար պայմաններ ապահովելու վրա, իսկ հնարավոր այլ սուբյեկտները (քաղաքացիական նախաձեռնություններ, անկախ փորձագետներ եւ այլն) անտեսվել են։

Բորիս Նավասարդյանը անդրադարձավ նաև հեռարձակման թվայնացման գործընթացին, դրա արդյունքում մարզային մի շարք հեռուստաընկերությունների եթերից զրկվելու վտանգին, տնտեսական ոչ բավարար ռեսուրսների պատճառով ԶԼՄ-ների անկախության սահմանափակման, իշխող ուժի՝ լրատվամիջոցների վրա ազդեցության, ԶԼՄ-ներին քարոզչական գործիքների վերածելու և այդպիսով հասարակական դիրքորոշման ձևավորման վրա ազդելու խնդիրներին։

Արա Ղազարյան

Արա Ղազարյան

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն էլ խոսեց լրատվամիջոցների գործունեության օրենսդրական կարգավորման, ինքնակարգավորման զարգացումների ու դրանց հեռանկարների մասին։ Իրավաբանն ընդգծեց, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո այս ոլորտում լուրջ առաջընթաց է նկատվում։

Նա անդրադարձավ նաեւ առցանց լրատվամիջոցների՝ ոչ իրավաչափ գործելու արատավոր պրակտիկային։ Նրա խոսքով՝ կայքերը չեն հրապարակում իրենց՝ որպես իրավաբանական անձի տվյալները, սակայն շարունակում են լրատվություն տարածել, շատ հաճախ դիմելով ոչ իրավաչափ քայլերի։ «Եթե կայքն իրավունք է վերապահել լրատվություն իրականացնել, ապա պետք է ստանձնի նաև պարտականություններ», – նշեց բանախոսը։

Արա Ղազարյանը լուրջ խնդիր համարեց նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի (սահմանում է քրեական պատասխանատվություն լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար) չկիրառելը դատական համակարգում։ Իրավաբանի խոսքով՝ դատավորներն իրենք էլ խոստովանում են, որ այս հոդվածով գործեր գրեթե չեն ստանում։ «Մինչդեռ ԽԱՊԿ-ը տարիներ շարունակ գրանցում է բազմաթիվ նման դեպքեր։ Ստացվում է՝ դեպքերը կան, չկան դրանց արձագանքները։ Այսինքն՝ լրագրողի աշխատանքի խոչընդոտումը պատշաճ արձագանք չստանալու միտում է նկատվում Հայաստանում», – նշեց Արա Ղազարյանը եւ ավելացրեց, որ ԽԱՊԿ-ի տվյալների հիման վրա հնարավոր է դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե և Եվրոպական դատարան։

Narine Avetisyan

Նարինե Ավետիսյան

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն իր ելույթում խոսեց հեռարձակման թվայնացման ու դրա արդյունքում մարզային հեռուստաընկերությունների առջեւ ծառացած մարտահրավերների մասին։ Նա ընդգծեց, որ գործող օրենքը բարենպաստ պայմաններ չի ստեղծում տեղական  հեռարձակողների համար, գովազդատուները «երես են թեքել» իրենցից, ինչի արդյունքում այս հեռուստաընկերությունները կանգնել են լուրջ վտանգի առաջ։ Նարինե Ավետիսյանը նշեց, որ անհրաժեշտ է լրագրողական երեք կազմակերպությունների (ԽԱՊԿ, ԵՄԱ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) առաջարկած նախագծի հիման վրա կատարել համապատասխան փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում։ «Հարկավոր է վերանայել լիցենզավորման կարգը, գործողը չի ենթադրում ազատականացում ու մրցակցություն», – ընդգծեց բանախոսը։

Աշոտ Մելիքյան

Աշոտ Մելիքյան

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի զեկույցը նվիրված էր 2015թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների պաշտպանության խնդրին։ Նրա խոսքով՝ ԽԱՊԿ-ը շարունակում է հետեւել այդ դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ պարբերաբար հարցումներ է ուղարկում պետական ատյաններին: «Մեր հարցումները նամակագրության ժանրի զարգացման պատմություն են հիշեցնում «ՀԿ – իրավապահ մարմին»  հարաբերություններում. սկզբում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ոչ մի տեղեկություն չէր ցանկանում տալ։ Բայց չորս նամակից հետո, հինգերորդին ՀՔԾ-ն իրեն ոչ հատուկ պահվածք դրսևորեց եւ որոշ տվյալներ տրամադրեց», – նշեց Աշոտ Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ հունիսի 23-ի դեպքերից տուժած ԶԼՄ 24 աշխատակիցներից 4-ը անցած ամիսների ընթացքում այդպես էլ չեն հրավիրվել հարցաքննության։  ԽԱՊԿ նախագահը նաև նշեց, որ ցանկության դեպքում գործը միանգամից կբացահայտվեր եւ մեղավորները կպատժվեին։ «Բայց մենք, իհարկե, մեծ սպասելիքներ չունենք հայաստանյան իրավապահ համակարգից. Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ կիրառողները, որպես կանոն, ոչ նախորդ տարիներին են պատասխանատվության ենթարկվել, ոչ էլ հիմա կենթարկվեն։ Ամեն դեպքում կոմիտեն շարունակելու է պայքարել. ներպետական ատյանները սպառելուց հետո բողոք ենք ներկայացնելու  Եվրոպական դատարան», – ասաց Մելիքյանը։

Երկօրյա կոնֆերանսի ընթացքում յուրաքանչյուր թեմատիկ զեկույցից հետո հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին։

Լիլիթ Հովհաննիսյան

ԽԱՊԿ փորձագետ

Share