Հայտարարություն

Ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, արձանագրվել են այդ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։

Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետեւ նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ եւ «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները։

Այդ գործողությունների հետեւանքով, համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախնական տվյալների, դեկտեմբերի 6-ին ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ (Ռաֆայել Աֆրիկյանը՝ «iLur.am» լրատվական կայքից եւ Էդուարդ Ավետիսյանը՝ «Ասպարեզ» օրաթերթից) ենթարկվել են բռնության։ Եվս 13-ը բախվել է  մասնագիտական գործունեության տարբեր բնույթի խոչընդոտումների։ Դրանցից ամենանողկալին մայրաքաղաքի Կոմիտասի 56 հասցեում տեղակայված «Այո»-ի շտաբից դուրս եկած կնոջ արարքն է՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ճանապարհը փակելը, հրելն ու նրա վրա թքելը։

ՀՀ դատախազության տարածքային տարբեր ստորաբաժանումները ուղարկել են ԶԼՄ-ների հրապարակումներն ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումները ոստիկանության համապատասխան բաժինններ՝ նյութեր նախապատրաստելու համար։ Բայց մեր դիտարկումներն ու փորձը ցույց են տալիս, որ այդ քայլերը, որպես կանոն, ձեւական բնույթ են կրում եւ արդյունք չեն տալիս։ Դրա վառ ապացույցներից է հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի դեպքերով հարուցված քրեական գործը, որում իրադարձություններից շուրջ կես տարի անց ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ լրագրողների դեմ բռնարարքներում չկա։

Մենք՝ ներքոստորագրյալներս, վրդովմունք արտահայտելով արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտման փաստերի վերաբերյալ, պահանջում ենք՝

Հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությունից՝

– բացատրություններ տալ երկրի հասարակությանը՝ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների եւ խոչընդոտումների վերաբերյալ,

ՀՀ ոստիկանությունից եւ քննչական մարմնից՝

– մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ, բացառելով իմիտացիոն մոտեցումները,

ՀՀ դատախազությունից՝

– պատշաճ վերահսկողություն սահմանել վերոհիշյալ իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ եւ հետեւողականություն ցուցաբերել լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Share