Ընտրություններից առաջ «թաքնված գրաքննությունը» հեռուստաեթերում կսաստկանա՞

Վերջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերի եւ հասարակության ակտիվ հատվածի ուշադրությունը կենտրոնացած է ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի եւ դրա քննարկումների գործընթացի վրա: Սակայն, ընդսմին, գրեթե աննկատ են մնում առաջիկա ընտրություններին վերաբերող փաստաթղթերի ընդհանուր փաթեթում ներառված մյուս օրինագծերը, որոնք նույնպես խորհրդարանը պետք է քննարկի: Դրանց թվում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ընտրարշավներ լուսաբանելու ընթացքում կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել հեռարձակող ԶԼՄ-ների համար եւ սպառնալ նրանց ազատությանը:

Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է ընդլայնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պատժիչ գործառույթները` նրան վերապահելով ընտրությունների ժամանակ կրկնակի խախտում թույլ տված հեռուստահեռարձակողի լիցենզիան կասեցնելու իրավունք։ Մինչդեռ, ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային փորձագետների կարծիքով` դա կարելի է անել միայն դատարանի որոշմամբ` ՀՌԱՀ-ի համապատասխան դիմումի քննարկման արդյունքում: Ընդ որում` նման միջոցը կիրառելի է միայն այն դեպքում, երբ կարգավորող մարմնի նախորդ երկու քայլերը` նախազգուշացում եւ 1 մլն դրամի չափով տուգանք, ազդեցություն չեն ունեցել:

Ինչպես պարզ է դառնում այս օրինագծի հիմնավորման տեքստից, լրացուցիչ լիազորությունները հայցել է հենց ինքը` ՀՌԱՀ-ը՝ իբր, հաշվի առնելով 2012-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ծագած խնդիրները: Հիշեցնենք՝ այն ժամանակ քվեարկության օրը թույլ տված խախտման համար «Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվեց 1 միլիոն դրամով: Դա գործող հեռարձակողի նկատմամբ ընտրությունների շրջանում կիրառված ամենախիստ պատիժն էր (ի դեպ, այն առաջացրեց հակասական գնահատականներ, այդ թվում` օրենքի ընտրովի կիրառման մեղադրանքներ): Դրանից խիստ պատժամիջոցների անհրաժեշտություն չառաջացավ: Այսինքն՝ խախտումների հայտնաբերման դեպքում միանգամայն բավականացնում էր ներազդելու առկա զինանոցը:

Հարց է ծագում`ինչի՞ համար Ազգային հանձնաժողովին անհրաժեշտ եղավ լրացուցիչ «մտրակը» եւ ինչո՞ւ է այս մարմինը ցանկանում իր վրա վերցնել նաեւ դատարանի գործառույթը: Ակնհայտ է, որ դա արվում է անցանկալի անակնկալներից ապահովագրվելու համար: Հաշվարկը պարզ է. եթե հանկարծ ոչ այնքան վստահելի հեռուստաընկերություններից որեւէ մեկը ընտրությունների ընթացքում անհնազանդություն ցուցաբերի, հնարավոր կլինի արագ կասեցնել նրա հեռարձակումը: Բացառված չէ, որ գործը դրան չհասնի: Բայց եթե լիցենզիայի կասեցման սպառնալիքը «դամոկլյան սրի» պես կախվի հեռարձակողների գլխին, ապա նրանք ավելի հնազանդ կլինեն: Իսկ դա, եթե իրերն իրենց անուններով կոչենք, «թաքնված գրաքննություն» է:

Բացի այդ, ՀՌԱՀ-ին լիցենզիայի կասեցման իրավունքի տրամադրելը վիճելի հարցերի դեպքում հեռարձակողներին կզրկի դատարանում իրենց փաստարկները ներկայացնելու եւ պաշտպանվելու հնարավորությունից: Եթե օրինագիծն ընդունվի, նմանատիպ վեճերի պարագայում հեռուստաընկերություններն իրենց շահերը դատական կարգով պաշտպանելու հնարավորություն կունենան միայն պոստֆակտում, եւ այդ գործընթացը կարող է ավելի երկար տեւել, քան բուն քարոզարշավը, հետեւաբար՝ անիմաստ դառնալ: Մինչդեռ, կարգավորող մարմնի որոշումներն ու գնահատականները ժամանակին վիճարկելու հնարավորությունը չափազանց կարեւոր է, հատկապես՝ եթե հաշվի առնենք նրա գործունեության մեջ նկատվող սուբյեկտիվիզմի դրսևորումները եւ օրենքի ընտրովի կիրառումը:

Բացարձակապես անընդունելի են նաեւ օրինագծում առկա մյուս սահմանափակումները: Օրինակ, այն սահմանումը, որ մալուխային հեռուստաընկերությունները կարող են վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը։ Իսկ ինչ վերաբերում է արբանյակային կապուղիներով կամ համացանցով հեռարձակվող հեռուստահաղորդումներին, ապա դրանցից պետք է հրաժարվել:

Ո՞րն է մալուխային հեռուստաընկերությունների գործունեությանը կոպիտ միջամտելու եւ անհիմն սահմանափակելու իմաստը` դժվար է ասել: Հնարավոր է` այստեղ նույնպես առկա է անակնկալներից ապահովագրվելու տարր: Բայց այն, որ առաջարկվող լրացումից «թաքնված գրաքննության» սուր հոտ է գալիս, ակնհայտ է: Ինչպես, ի դեպ, այն, որ հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական քարոզչության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է զերծ լինի գնահատականներից: Օրինագծի հեղինակները նախընտրական քարոզչական ելույթները երեւի շփոթել են նախընտրական քարոզարշավի վերաբերյալ խմբագրական նյութերի հետ: Առաջիններն իսկապես եթերում պետք է ներկայացված լինեն առանց գնահատականների: Բայց ոչ ոք իրավունք չունի լրագրողներին արգելել լրատվական ծրագրերի սյուժեներում եւ ռեպորտաժներում վերլուծել եւ մեկնաբանել քաղաքական ուժերի նախընտրական արշավի ընթացքը եւ, համապատասխանաբար, տալ որոշակի գնահատականներ:

Մի խոսքով, առաջարկվող լրացումներն իրենց էությամբ հետադիմական են եւ կծառայեն հեռարձակող ԶԼՄ-ների ազատության սահմանափակմանը եւ ոչ թե թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Հենց այդ պատճառով էլ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն լրագրողական գործընկեր կազմակերպությունների հետ միասին պնդում է, որ այդ օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Share