Հեռարձակման թվայնացման գործընթացը չի ավարտվում. անապահով ընտանիքների մեծ մասը ապակոդավորող սարքեր դեռ չի ստացել

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2016 թ. հունվարի 1-ից երկրում պետք է անջատվեր անալոգային հեռուստահեռարձակումը և ամբողջական անցում կատարվեր թվայինին, սակայն տարիներ շարունակ ձգձգված այս գործընթացը երկարաձգվում է անորոշ ժամանակով։

Նույն օրենքով ի սկզբանե նախատեսվում էր, որ հեռարձակման հանրապետական թվային ցանցի կառուցման ողջ ընթացքում անալոգային և թվային հեռարձակումներն իրականացվելու էին զուգահեռաբար, իսկ 2015թ. հունվարի 1-ին անցումային ժամանակահատվածը պետք է ավարտվեր ու գործեր միայն թվայինը: Այդուհանդերձ, տեխնիկական աշխատանքները դանդաղ էին ընթանում, եւ վերոհիշյալ ցանցն ամբողջությամբ պատրաստ էր 2015-ի հունիսի վերջին միայն, իսկ գործընթացի օրենսդրական ու սոցիալական բաղադրիչները ուղղակի անտեսվում էին։ Դա էր պատճառը, որ իշխանությունները երկու անգամ ստիպված եղան 6 ամսով հետաձգել հեռարձակման թվայնացման վերջնաժամկետը. նախ այն տեղափոխվեց 2015 հուլիսի 1-ին, հետո՝ 2016 թ. հունվարի 1-ին։

Սակայն այդ ժամկետներն էլ խախտվեցին։ Հիմա 2016-ի ապրիլն է, սակայն Հայաստանն այդպես էլ ամբողջական թվային հեռարձակման չի անցել։ Օրենքում այդ առումով որևէ փոփոխություն չի կատարվել, այսինքն՝ այսօր չանջատելով անալոգային հեռարձակումը՝ խախտվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը: Ոչինչ չէր խանգարում վերջնաժամկետը կրկին օրենսդրորեն հետաձգելուն, բայց դա չարվեց։ Փոխարենը բերվում են փաստարկներ, թե անալոգային հեռարձակումը չի անջատվում, որպեսզի չխախտվի անվճար ապակոդավորող սարքեր չստացած անապահով ընտանիքների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Բայց դա որեւէ քննադատության չի դիմանում, քանզի օրենքը պետք է համապատասխանի Սահմանադրությանը եւ երկուսի պահանջներն էլ իրականացվեն։

Այնուամենայնիվ, եթե իշխանությունները այսպես են աշխատել, տարիներ շարունակ չեն զբաղվել աղքատ ընտանիքներին անվճար թվային կցուրդներ տրամադրելու խնդրով եւ միայն հիմա են դա անում, ապա ավելի լավ է օրենքը խախտվի, քան տասնյակ հազարավոր մարդիկ զրկվեն հեռուստացույց դիտելու հնարավորությունից։ Այդպես կլինի, եթե անալոգային հեռարձակումն անջատվի այսօր, առավել եւս դա անթույլատրելի կլիներ հունվարի 1-ին։

Դեռ 2009 թվականին ընդունված թվային հեռարձակմանն անցնելու հայեցակարգով կառավարությունն ստանձնեց սոցիալապես անապահով ընտանիքներին ապակոդավորող սարքեր տրամադրելու ծախսը: Այս տարվա սկզբին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ 2015 թվականին հաշվառվել է 136160 սոցիալապես անապահով ընտանիք, որից ընտանեկան կամ սոցիալական  նպաստ ստացող ընտանիքների միջին թիվը կազմել է 105408։

Չնայած սրան, տարեսկզբին բնակչության այս խավի համար երկիր ներկրվեց ընդամենը 48.733 սարք, որից 2000-ը տրամադրվեց ԼՂՀ-ին։ Այսքանով կառավարությունը կարծես թե նախատեսում էր ավարտել գործընթացը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցումներին էլ ի պատասխան՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին, թե այլևս չկա գումար. ձեռք բերված սարքերը բաժանել են ամենակարիքավորներին: Մինչդեռ, պարզ հաշվարկով երևում էր, որ եթե կառավարությունը այս սարքերի նոր խմբաքանակներ չգնի եւ չբաշխի, տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռուստացույց դիտելու հնարավորություն չեն ունենա:

Մարտի սկզբին, երբ արդեն անալոգային հեռարձակումը որոշվել էր անջատել, պարզվեց, որ կառավարությունը, այնուամենայնիվ, անսալով բազմաթիվ հորդորներին, որոշել է ձեռք բերել եւ բաժանել եւս 61 433 սարքեր. ընդլայնել անվճար ապակոդավորող սարքերի քանակը եւ լրացուցիչ խմբաքանակներ ներկրել։ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը «Jnews.am» կայքին տված հարցազրույցում նշել է, որ ընդհանուր առմամբ 108 հազար անապահով ընտանիքներ անվճար կստանան ապակոդավորող սարքեր: Իսկ ԽԱՊԿ-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ բացի արդեն բաշխված առաջին խմբաքանակից, արդեն Հայաստան է ներմուծվել եւս 20 հազար սարք, մնացածը ձեռք կբերվի եւ կբաժանվի ավելի ուշ։ Ըստ այդմ՝ դժվար է ասել, թե երբ կավարտվի արդեն մի քանի անգամ երկարաձգված թվայնացման գործընթացը։

… Վերջերս ԽԱՊԿ-ի փորձագետները Արմավիրի մարզում էին, որպեսզի այս թեմաները հեռուստահաղորդմամբ լուսաբանեն, եւ պարզվեց, որ առաջին փուլով այս մարզին տրամադրվել է 2423 ապակոդավորող սարք։ Մինչդեռ 2015 թ. դեկտեմբերի տվյալներով՝ Արմավիրի մարզում հաշվառված է 4680 նպաստառու ընտանիք։ Երբ այստեղ կհասնի սարքերի հաջորդ խմբաքանակը՝ տեղեկություն դեռ չկա։ Ահա փոքրիկ օրինակ, որը պատկերացում է տալիս ընդհանուր իրավիճակի մասին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Share