«Զրկանքների ու կորուստների հաշվին փորձում ենք գոյատևել…». մտահոգ է Ալավերդու հեռուստաընկերության տնօրենը

Sos-Siradeghyan

Այսօր յուրաքանչյուր մարզում միայն մեկ հեռուստաընկերություն ունի թվային հեռարձակման արտոնագիր: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերություններին 2015թ. դեկտեմբերի 18-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը։     

Սրանով պետությունը փորձեց ցույց տալ, թե լուծում է թվային հեռարձակման արտոնագիր չունեցող հեռուստաընկերությունների խնդիրը։ Արդյո՞ք իրականում սա փրկություն էր անալոգային եղանակով գործող հեռուստաընկերությունների համար։

Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաալիքը դրանցից մեկն է։ Ինչպե՞ս է ընկերությունը կազմակերպում իր աշխատանքը, ի՞նչ մարտահրավերների է հանդիպում՝ գործելով մրցակցային անհավասար պայմաններում։ Զրուցում ենք «Անկյուն+3»-ի տնօրեն Սասուն Սիրադեղյանի հետ։

  -Պարոն Սիրադեղյան, Ձեր հեռուստաընկերության օրինակով կներկայացնե՞ք հեռարձակման թվայնացման գործընթացն ինչպե՞ս ազդեց անալոգային եղանակով հեռարձակվող հեռուստաալիքների գործունեության վրա։

Թվային եղանակով հեռարձակվող հեռուստաընկերությունների եթերի որակը լավացավ, անալոգային եղանակով հեռարձակվողներինը՝ մնաց նույնը։ Զուտ տեսողական առումով հեռուստադիտողին հաճելի է դիտել թվային եթերը, իսկ անալոգայինը դիտում են ըստ անհրաժեշտության։ Օրինակ, եթե ալավերդցին ցանկանում է դիտել տեղական լուրեր, միայն այդ ժամանակ է նայում մեր եթերը, իսկ ֆիլմ կամ հաղորդում դիտելու համար, բնական է, նախընտրում է ավելի որակյալ եթեր ունեցող թվայինը։ Այսինքն՝ առաջինը հեռուստադիտող կորցնելու խնդրին բախվեցինք։ Ի դեպ, հեռուստադիտողի անտեղյակության խնդիր ևս առաջացավ. նրանց մեծ մասը թվային սարքերը տեղադրելով՝ փնտրում էր նաև մեր հեռուստաալիքը ու երբ չէր գտնում, մտածում էր՝ վերջ, «Անկյուն+3»-ը փակվել է: Քչերն էին տեղյակ, որ թվայինին զուգահեռ կարող են նայել նաև անալոգայինը։ Ու այդ քչերը, նկատելով թվային եթերի առավելությունը, զանգահարում էին մեզ ու հետաքրքրվում՝ երբ է «Անկյուն+3»-ը ևս ընդգրկվելու թվայինների ցանկում: Ունեցանք նաև գովազդատուների կորուստ. նախկինում մարզային հեռուստաընկերությունն ամբողջ մարզը չէր ծածկում, մեր հաղորդումների շնորհիվ մրցակցությանը կարողանում էինք դիմանալ։ Հիմա, երբ, օրինակ, «Ֆորտունա» հեռուստաընկերությունը թվային է ու ծածկում է ամբողջ մարզը, բնական է, որ գովազդատուին ձեռնտու է վճարել թվային արտոնագիր ունեցող այդ հեռուստաընկերությանը, որպեսզի իր գովազդն ամբողջ մարզում նայեն։ Իսկ գովազդատուի կորուստն էլ իր հերթին առաջացրեց ֆինանսական խնդիրներ։ Անցյալ տարի ստիպված ենք եղել 4 աշխատակցի կրճատել: Ինքս բացատրել եմ իրավիճակը ու ասել, որ այլ աշխատանք գտնեն իրենց համար:

Օրենքի փոփոխությունից հետո թվային արտոնագիր չունեցող հեռուստաընկերություններին հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը։ Սա հստակություն մտցրե՞ց ձեր հեռուստաընկերության ապագայում, թե՞ կարծում եք, այն շարունակում է մնալ անորոշ։

-Իրականում թվային եթերին զուգահեռ գործելը լրացուցիչ աշխատելու խթան եղավ մեզ համար. եթերի որակի բացը սկսեցինք լրացնել մեր հաղորդումների որակով։ Ալավերդու բնակչությունը մեր հեռուստաալիքը նայում է տեղական լուրերին ծանոթանալու համար: Այսինքն՝ փորձեցինք մեր հեռուստադիտողին տալ այն տեղեկատվությունը, որը նա չի ստանում այլ հեռուստաընկերություններից` ո՛չ երեւանյանից, ո՛չ մարզայինից, ոչ համացանցից։ Դրա համար մեր հիմնական մեխը դարձան տեղական լուրերն ու հաղորդումները: Միևնույն ժամանակ վաղվա անորոշ լինելու հանգամանքը մեզ թույլ չի  տալիս լրացուցիչ ծախս անել, լրացուցիչ ծրագիր ունենալ… Ի՞նչ է լինելու անալոգային եղանակով հեռարձակվողների ապագան՝ ոչ ոք չգիտի։ Այսօր մեր հեռուստաընկերությունը զրկանքների է գնում, ինչ-որ կորուստների հաշվին փորձում է դիմանալ մինչև լավ լինի։ Բայց հարց է՝ արդյո՞ք լավ կլինի։ Եթե այդ զրկանքների արդյունքում վաղվա պայծառ օրն այդպես էլ չի գալու, այդ դեպքում ինչի՞ համար ենք դրանց գնում, ավելի լավ չէ՞ հեռուստաընկերությունը փակենք հենց այսօր։ Ես կարող եմ որոշակի ծախսեր անել՝ մեր եթերի  որակը բարձրացնելու համար, բայց կրկին ոչ մի երաշխիք չունեմ, որ ապագայում լավ կլինի։ Մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը հայտարարվել է, բայց որքանով տեղյակ եմ՝ ոչ ոք հայտ դեռ չի ներկայացրել։

-Ի վերջո վերջերս՝ օգոստոսի 2-ին, այդ մրցութը չկայացած հայտարարվեց՝ դիմում չներկայացվելու հիմքով։ Ըստ օրենքի՝ մեկ տարի հետո պետք է հայտարարվի նոր մրցույթ։ Այնուամենայնիվ, կարծում եք՝ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալու դեպքում որոշակիություն կլինի՞:

-Հույս ունեմ՝ այդ դեպքում գոնե մարզերում գործող հեռուստաընկերություններին այլևս դեն չեն գցի: Գուցե պարտադրեն, որ սոցիալական փաթեթում ամեն մարզից գոնե մեկ-երկու հեռուստաընկերություն ընդգրկվի: Հնարավոր է՝ մասնավոր մուլտիպլեքսորը մարզային հեռուստաընկերություններին առաջարկի ամսական որոշակի գումար վճարել ու ընդգրկվել ցանցում:

-Իսկ ի՞նչ կլինի, եթե մասնավոր մուլտիպլեքսորն այդպես էլ ի հայտ չգա: Արդյո՞ք սա չի հանգեցնի թվային արտոնագիր չստացած հեռուստաընկերությունների դանդաղ մահվան:   

-Իհարկե կհանգեցնի, անալոգային եղանակով հեռարձակվող  հեռուստաընկերությունները չեն կարող այսկերպ երկար գործել: Մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ չգալու դեպքում նրանց փրկության երկրորդ տարբերակը 2020 թվականին անցկացվելիք նոր մրցույթն է: Հնարավոր է՝ մեր հեռուստաընկերությունը մասնակցի ու հաղթի այդ մրցույթում: Բայց այդ օրվան հասնելու ու դրան մասնակցելու համար հեռուստաընկերությունը պետք է պահի իր բազան, պետք է գումարներ ծախսենք, հնարավորին ամեն ինչ անենք՝ նույն մակարդակի վրա մնալու ու մրցույթին պատշաճ կերպով ներկայանալու համար: Սակայն դառը փորձից ելնելով՝ գիտենք, որ ոչ ոք երաշխիք չունի, որ այդ մրցույթը նախորդների նման անարդար ու ձևական չի անցկացվի, ու հաղթողը նախապես չի ընտրվի: Ամեն դեպքում ես չարչարվում եմ, որպեսզի հեռուստաընկերությունը պատշաճ մակարդակի վրա պահեմ: Դեռ հաջողվում է, բայց մինչև երբ՝ չգիտեմ։ 1999 թվականից մենք եթերում ենք, ու այս տարիների ընթացքում դարձել էինք ընտանեկան հեռուստաընկերություն: Այն, ինչ ստեղծել ենք, ափսոս է։ Մեր լսարանն է ափսոս: Հեռուստադիտողի հետ կապն է ափսոս: Ամեն ինչ այլ կլիներ, եթե մարզային հեռուստաընկերությունների շրջանում ինքնամաքրման գործընթաց տեղի ունենար:Այսպես թե այնպես հասկանալի է, որ եթե մեր գովազդային շուկան սահմանափակ է, հեռուստաընկերությունների քանակը չի կարող շատ լինել։ Բայց այդ ամենը թող բնական ձևով լիներ, թող մրցակցություն լիներ: Այդ դեպքում հեռուստաընկերությունները կաշխատեին իրենք իրենց վրա: Մեկը կմնար, մյուսը կփակվեր, ու դաշտում կմնային ամենաուժեղներն ու դիմացկունները: Իսկ այսպես պետությունը մեր փոխարեն ընտրություն կատարեց: Եթե ասեն ընդհանրապես ձեռքներդ լվացեք մեզանից կամ փակեք հեռուստաընկերությունը, ավելի ձեռնտու է, քան այս անորոշ վիճակը: Ցավալին այն է, որ պաշտոնատար անձինք ևս չեն կարողանում պատասխանել մեր ապագայի վերաբերյալ հարցին: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մինչև 2020 թվականը. այսինքն նա էլ չգիտի՝ այն ժամանակ ի՞նքը կլինի, թե՞ ոչ։ Իսկ եթե մեկ ուրիշը լինի, ի՞նչ քաղաքականություն է իրականացվելու։ Ընդհանրապես ես չեմ բացառում, որ շատ բան կփոխվի հենց գալիք խորհրդարանական ընտրություններից հետո: 

 

Լիլիթ Հովհաննիսյան

ԽԱՊԿ փորձագետ

 

 

Share