Գովազդը հայաստանյան ԶԼՄ-ներում. շուկայական հարաբերություննե՞ր, թե կառավարվող ֆինանսական հոսքեր

img_0546-edited

Զանգվածային լրատվամիջոցների եկամտի հիմնական աղբյուրը համարվում է գովազդը։ Ինչպիսի՞ն է Հայաստանում ԶԼՄ-ների գովազդային շուկայի կառուցվածքը։ Մեդիա դաշտում գովազդն ինչպե՞ս է բաշխվում, որքանո՞վ է ազատ այս բիզնեսը, կա՞ն կենտրոնացման միտումներ և գերիշխող դիրք զբաղեցնողներ։ Վերոնշյալ հարցերը քննարկելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 29-ին անցկացրեց «Հայաստանյան ԶԼՄ-ների գովազդի շուկայի կառուցվածքը եվ ազատականացման հնարավորությունները» թեմայով քննարկում։

Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ թեմայի ընտրությունը պայմանավորված է ոլորտում առկա լուրջ խնդիրներով և ԶԼՄ-ների գործունեության վրա դրանց մեծ ազդեցությամբ։ «Մեդիա ոլորտում անընդհատ քննարկվում է՝ կայացե՞լ է արդյոք գովազդի շուկան լրատվական դաշտում, եթե այո, ապա որքանով է այն ազատ։ Թեման քննարկելու համար հրավիրվել են լրատվամիջոցների, պետական կառույցների, գովազդատու ընկերությունների, գովազդային գործակալությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ», – նշեց Աշոտ Մելիքյանը։

Ողջունելով մասնակիցներին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ԶԼՄ-ների ծրագրերի համակարգող Գայանե Մամիկոնյանը նշեց, որ թեմայի շուրջ հիմնադրամի աջակցությամբ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՔՄՀՀԿ) կատարել է ուսումնասիրություն, որի նպատակն է պարզել, թե ինչ վիճակում է գտնվում լրատվամիջոցների գովազդային շուկան, կա՞ արդյոք մենաշնորհացման վտանգ, եթե այո, ապա ի՞նչ քայլեր է հարկավոր կատարել հակազդելու համար։

«Կլոր սեղանին» զեկույցով հանդես եկավ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը, ով ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի ուսումնասիրության արդյունքները՝ Հայաստանում հեռուստատեսային, ռադիո և ինտերնետային գովազդի շուկաների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է տպագիր լրատվամիջոցների գովազդային շուկային, ապա այն, ինչպես տեղեկացրեց զեկուցողը, չի ուսումնասիրվել փոքր ծավալ ունենալու պատճառով։
Ուսումնասիրությունն անցկացվել է Երևանում, 2016թ. հունվար-մայիս ամիսներին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հեռուստատեսային և համացանցային գովազդի շուկաներում կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ։

2013-ին հայաստանյան շուկա մուտք գործած «Մեդիա ինթերնեշնլ Սերվիսիզ» սեյլս հաուսը (միջնորդ ընկերություն հեռուստաալիքների և գովազդատուների միջև), որին պատկանում են հինգ հեռուստաալիքներով՝ «Արմենիա Թ-իՎի», «ԱԹիՎի», «Արմնյուզ», «Երկիր մեդիա», «Շանթ» գովազդային վաճառքի բացառիկ իրավունքները, տիրապետում է Հայաստանի գովազդային շուկայի 74 %-ին։ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ այս ընկերությունը լուրջ ջանքեր է գործադրում իր կառույցի մեջ չընդգրկված հեռուստաալիքների դեմ։ «Օրինակ, միայն իր կազմի մեջ ներառված հեռուստաալիքներով գովազդ հեռարձակելու համար այն կիրառում է մինչև 35 % զեղչի մեխանիզմը, ինչը նշանակում է՝ գովազդատուները վերոհիշյալ 5 հեռուստաալիքներով (որոնց թվում են ամենադիտվողները՝ «Արմենիա ԹիՎի», «Շանթ», ինչպես նաև «Ա- ԹիՎի») գովազդ տեղադրելուց բացի իրենց փաթեթներում չեն ներառի այլ հեռուստաալիքներ։ Այսինքն՝ տնտեսական մեխանիզմներով ընկերությունը չարաշահում է շուկայում իր գերիշխող դիրքը», – նշեց Ենոքյանը։

Նրա ղեկավարած կենտրոնն ուսումնասիրելով գովազդ հեռարձակող հեռուստաալիքները՝  եկել է եզրակացության, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»  հոլդինգի (ՊԱՄԳ) մեջ ընդգրկված հեռուստաընկերություններին բաժին է հասնում  Հայաստանի ամբողջ շուկայի 46 % գովազդը։ Ըստ այդմ՝ այս հոլդինգը գերակշիռ դիրք ունի և թելադրում է որոշակի գովազդային քաղաքականություն։

Ինչ վերաբերում է ռադիոընկերություններին, ապա Աղասի Ենոքյանի խոսքով՝ այստեղ վիճակը բարվոք չէ։ «Ռադիոգովազդի շուկան մեծ չէ և մոտավոր հաշվարկներով կազմում է հեռուստաշուկայի ընդամենը 6,5 %-ը։ Այդ պատճառով էլ այն մոնոպոլիզացնելու ջանքեր չեն գործադրվել», – բացատրեց ՔՄՀՀԿ ղեկավարը։

Անդրադառնալով առցանց լրատվամիջոցներին՝ բանախոսը նշեց, որ թեև նրանք դինամիկ զարգանում են, սակայն ֆինանսապես թույլ են, չունեն անհրաժեշտ մարքեթինգային ունակություններ: «2015-ին շուկա մուտք գործած «Դի ջի սեյլզ» ընկերությունն սկսեց գնել որոշ առցանց հարթակներում գովազդի տեղադրման բացառիկ իրավունքները և իրեն հայտարարեց սեյլս հաուս: Այժմ այն առցանց գովազդային շուկայի բարձր վարկանիշ ունեցող հարթակներում՝ «News.am», «Tert.am»,  «Lragir.am», «Panarmenian.net» և այլ կայքերում, գովազդի տեղադրման բացառիկ իրավունք ունի»,- նշեց Աղասի Ենոքյանը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ընկերությունը 2016 թ. մայիսին տիրապետել է առցանց գովազդային շուկայի բյուջեների 41.3 %-ին, ինչն Աղասի Ենոքյանի խոսքով՝ ակնհայտորեն գերիշխող դիրք է համարվում։ Ըստ բանախոսի՝ «Դի ջի սեյլզ» ընկերությունը առցանց մեդիայի շուկայում վարում է նույն քաղաքականությունը, ինչ «Մեդիա ինթերնեշնլ Սերվիսիզ»-ը՝ հեռուստատեսության ոլորտում։ Զեղչերի կոշտ քաղաքականություն կիրառելով՝ «Դի ջի սեյլզ»-ն՝ փորձում է սահմանափակել մյուս կայքերով գովազդի տեղադրման հնարավորությունները։

Ուսումնասիրվել է նաև գովազդային շուկայի մասնակից ընկերությունների սեփականատերերի ցուցակը։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում ակնհայտ շահերի բախում կա։ Մասնավորապես՝ «Շարմ» ընկերության խոշոր սեփականատերերից մեկը նաև Հանրային հեռուստատեսության ղեկավարն է։ Կամ մի քանի գովազդ վաճառող ընկերություններ նույն անձի «ձեռքում են գտնվում». օրինակ, «Դի Ջի Սեյլզ» ընկերության սեփականատերը նաև «Մեդիա ինթերնեշնլ Սերվիսիզ»-ի սեփականատերն է», – նշեց Աղասի Ենոքյանը։

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, հիմնվելով հետազոտության արդյունքում արված բացահայտումների վրա, դիմումներ է ներկայացրել  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հեռուստատեսային և համացանցային գովազդի շուկաներում տիրող մենաշնորհային իրավիճակի վերաբերյալ։

Անդրադառնալով այս խնդրին՝ համազեկուցող՝ ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ, լսումներ և աշխատանքային քննարկումներ են հրավիրվել, որոնց ներկա են եղել նշված ընկերությունների ներկայացուցիչները: «Մեր հանձնաժողովի համար սա միանգամայն նոր խնդիր է, քանի որ նման դիմում առաջին անգամ ենք ուսումնասիրում։ Հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, վարչական վարույթի արդյունքներով  հանձնաժողովն իր որոշմամբ կներկայացնի կատարված ուսումնասիրության արդյունքները», – նշեց Արսեն Հովհաննիսյանը։ Բանախոսը ներկայացրեց նաև հանձնաժողովին օրենքով վերապահված գործառույթները և դիմումների քննարման ընթացակարգը։

«Կլոր սեղանին» վեր հանվեցին ու քննարկվեցին մի շարք խնդիրներ՝ կապված լրատվամիջոցներում գովազդի հոսքի քաղաքականացված լինելու, իշխանությունների վերահսկողության, շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների, նրանց սեփականատերերի հետ։

Այս առումով կարևոր էին ՔՄՀՀԿ հետազոտության արդյունքում մշակված առաջարկությունները, որոնք շուկայի մասնակիցներին կարող են հնարավորություն տալ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես, առաջարկվում է անկախ աուդիտի ենթարկել հեռուստալսարանը չափող «Ադմոսֆեր Արմենիա»  ընկերության գործունեությունը՝ հեռուստաալիքների միջև արդար մրցակցություն հաստատելու նպատակով։ Հաշվի առնելով միջազգային փորձը՝ առաջարկվեց ստեղծել գովազդային ինդուստրիալ կոմիտե, որը կվերահսկի նաև հեռուստալսարանը չափող ընկերության գործունեությունը։ Անհրաժեշտ է համարվում նաև իրականացնել գովազդային շուկայի հետագա հետազոտություն՝ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ, Տելեմեդիակոնտրոլ, Ադմոսֆեր Արմենիա և Մեդիա Ինթերնեշնլ Սերվիսիզ ընկերությունների հնարավոր փոխկապակցվածությունը պարզելու համար։

Քանի որ գովազդային շուկայում առկա են նոր փոփոխություններ, և հեռուստագովազդը վաճառվում է նաև վարկանիշային միավորներով, առաջարկվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», ինչպես նաև «Գովազդի մասին» և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ  օրենքներում։

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Share