Անցում թվային հեռարձակման. կառավարություն – քաղաքացիական հասարակություն համագործակցությունն այդպես էլ չկայացավ

qnnarkum

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոկտեմբերի 18-ին կազմակերպեց «Անցում թվային հեռարձակման համակարգին. մարտահրավերներ, խնդիրներ եւ հնարավոր լուծումներ» թեմայով հանրային քննարկում:

Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 20-ից կմեկնարկի անալոգային հեռուստահեռարձակման անջատման գործընթացը, որով կավարտվի թվային հեռարձակման անցումը։ Ըստ նրա՝ թեև տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է թվային հեռարձակմանը, սակայն դեռ լուծված չեն որոշ օրենսդրական և բացառված չէ՝ նաև սոցիալական հարցեր։ «Տարիներ շարունակ երեք լրագրողական կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, տարբեր տեսակի առաջարկություններ են պատրաստել, որոնք  հիմնականում մնացել են անհետևանք։ Այս տարի որոշել ենք այլ մարտավարություն ընտրել և փոքր օրինագծերով լուծել ամենահրատապ խնդիրները։ Աշխատանքային խումբ ենք ստեղծել, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» երկու օրինագիծ ենք մշակել։ Մեկն արդեն ներկայացվել է ԱԺ 6 խմբակցություններին, մյուսը կներկայացվի առաջիկայում», – նշեց Աշոտ Մելիքյանը։

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեյզիուսը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց ԽԱՊԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագրի մանրամասները։ Մասնավորապես՝ նա կարևորեց օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների, ինչպես նաև թվային հեռարձակման հետ կապված խնդիրների մասին մարզերի բնակչության իրազեկվածության բարձրացմանը նպաստող հեռուստահաղորդումների պատրաստումը։

Քննարկմանը ներկա Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ լրագրողական կազմակերպությունների պատրաստած օրինագծերից մեկն արդեն շրջանառության մեջ է դրված և խոստացավ՝ «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում անպայման կանդրադառնանք հարցին։ Կարծում եմ՝ դուք էլ ձեր առաջարկություններով կօգնեք, որպեսզի օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս գանք ընդհանուր հայտարարի»։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը քննարկման ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց աշխատանքային խմբի պատրաստած երկրորդ օրինագիծը, որի առանցքային գաղափարը հեռուստաընկերությունների պարզեցված լիցենզավորման ընթացակարգին անցնելն է։ «Այս գաղափարը շուրջ 5 տարի շրջանառվում է փորձագիտական շրջանակներում։ Մարզերի այն հեռուստաընկերությունների համար, որոնք ստիպված են շարունակել գործել  անալոգային ռեժիմով, պարզեցված լիցենզավորումը փրկություն կլինի: Այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք նաև նախորդ տարիներին», – նշեց Աշոտ Մելիքյանը։

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը խոսեց հեռարձակման թվայնացման տեխնիկական խնդիրների լուծումների մասին։ Ըստ նրա՝ այս ծրագրի ամբողջական իրականացումը Հայաստանի համար արժեցել է շուրջ 16 միլիոն դրամ։ «11 միլիոն դրամը հատկացվել է արտերկրի գործընկերներից ձեռք բերված սարքավորումներին, 2.5 միլիոնը տրամադրվել է անապահով քաղաքացիների համար կցուրդ սարքերի ձեռքբերմանը, իսկ մնացածը՝ հարկերին ու տուրքերին», – նշեց Գրիգոր Ամալյանը։ Նա տեղեկացրեց, որ անալոգային հեռարձակման անջատման գործընթացը կիրականացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց աշխատանքային խմբի մշակած օրինագծերը։ Անդրադառնալով թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզային հեռուստաընկերությունների խնդրին՝ նա ասաց, որ հոկտեմբերի 20-ից, երբ մեկնարկի անալոգային հեռարձակման անջատման գործընթացը, այս հեռուստաընկերությունները կշարունակեն գործել, սակայն առանց լսարանի։ «Բոլորն ընդունելու են թվային ազդանշաններ, իսկ մասնավոր մուլտիպլեքսորները դեռ հայտնի չէ, թե երբ մուտք կգործեն շուկա։ Մեր պատրաստած առաջին նախագիծը խթանելու է փոքր և միջին մուլտիպլեքսերի ստեղծումը։ Դրանք առաջին հերթին պետք են վերոհիշյալ հեռուստաընկերություններին։ Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ թվային դարաշրջանում անցում կատարվի հեռուստաընկերությունների լիցենզավորման պարզեցված ընթացակարգին, ինչը նախատեսվում է աշխատանքային խմբի մշակած 2-րդ օրինագծով», – նշեց Մեսրոպ Հարությունյանը։

Իրավաբան, ԽԱՊԿ աշխատանքային խմբի անդամ Արա Ղազարյանն էլ ներկայացրեց, թե մասնավոր մուլտիպլեքսների գործունեությունն ինչպես է կարգավորվում միջազգային, մասնավորապես՝ եվրոպական նորմերով։ Իրավաբանը զուգահեռներ անցկացրեց Ռումինիայում և Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման համար հայտարարված մրցույթների միջև։ Ըստ նրա՝ Ռումինիայում մրցույթը տեղի է ունեցել աճուրդների տեսքով։ «Մեկ աճուրդի ընթացքում տրվել է 2 հանրային, 40 շրջանային և 19 տեղական մուլտիպլեքսորների համար լիցենզիա, որոնք վճարել են շատ ցածր պետական տուրք,  ընդհանուր առմամբ՝ 86 հազար եվրո։ Մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար սահմանում է 100 միլիոն դրամ», – նշեց Արա Ղազարյանը։ Ըստ նրա՝ պետք է ստուգել՝ արդյո՞ք դա չափազանց բարձր պայմանը չէ ու արդյո՞ք բխում է Սահմանադրության, հանրային իշխանության պահանջից, թե ոչ։ Իրավաբանը խոսեց նաև մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթի համար սահմանված հաջորդ բարձր պայմանի մասին։ «Ըստ մրցույթի՝ մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը։ Սա ինքնին սահմանափակում է, քանի որ ոչ բոլորը կարող են նման պայմաններով մասնակցել մրցույթի։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք այս սահմանափակումն ունի օբյեկտիվ հիմքեր, թե՞ բխում է տնտեսվարող սուբյեկտի տնտեսական շահերից և շուկայում գերիշխող կամ մենաշնորհ դիրք գրավելու մղումից», – ասաց Արա Ղազարյանը։ Նրա խոսքով՝ կան սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է գնահատել՝ որքանով են իրավաչափ 2015-ի դեկտեմբերի 18-ին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները. անհրաժե՞շտ են դրանք  ժողովրդավարական հասարակարգում, թե՞ այլ նպատակ են հետապնդում։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այս առումով ընդգծեց, որ վերոհիշյալ օրենքը, ցավոք, ընդունվել է ծայրահեղ փակ պայմաններում։ «Բոլոր հնարավոր մեթոդներով փորձեցինք մասնակցել օրինագծի մշակման աշխատանքներին, ներկայացնել նաև մեր առաջարկությունները, սակայն ջանքերն ապարդյուն էին։ Փակ պայմաններում ստեղծված օրենքում տեղ գտան անընդունելի դրույթներ»,- նշեց Աշոտ Մելիքյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործընթացում կարևոր կլիներ նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ակտիվությունը, որը, ցավոք, այդպես էլ չնկատվեց։

ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն օրենքի նման պայմաններում ընդունելը պայմանավորեց «ժամկետների սղությամբ»։ Նրա խոսքով՝  2015-ի դեկտեմբերը շատ հագեցած ամիս է եղել, և քանի որ 2016-ի հունվարի 1-ից պետք է անցում կատարվեր թվային հեռարձակման, ժամկետների հետ կապված խնդիր է առաջացել։ «Իսկ ինչո՞ւ էիք վերջին րոպեին ցանկանում կազմակերպել քննարկումները այն դեպքում, երբ հարցը բարձրացվել է տարիներ առաջ», – ՀՌԱՀ նախագահի տեղակալին հակադարձեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը՝ ընդգծելով, որ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի և օրենսդրության վերաբերյալ քննարկումները վաղուց «դեժավյու» են դարձել։ Այդուհանդերձ, Նունե Սագսյանը ներկայացրեց հարևան երկրի՝ Վրաստանի թվային հեռարձակման անցում կատարելու հաջող փորձը։ «Բոլոր մարզային հեռուստաընկերությունները Վրաստանում  թվային հեռարձակման համար լիցենզիաներ և մուլտիպլեքս լինելու հանրավորություն են ստացել։ Լիցենզավորումն էլ  իրականացվել է պարզ ընթացակարգով: Վրաստանում այս ոլորտում հաջողությունը պայմանավորված է եղել նաև կառավարություն – քաղաքացիական հասարակություն հարաբերությունների «մեղրամսով»։  Մեր երկրում այդպես էլ այդ «մեղրամիսը» տեղի չունեցավ», – ասաց Նունե Սարգսյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ իր ելույթում ներկայացրեց, թե միջազգային փորձը նկատի ունենալով՝ կարգավորող մարմնի գործունեությունից ինչ սպասելիքներ կարող էինք ունենալ թվային հեռարձակմանն անցնելու ժամանակահատվածում։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ըստ նրա, աչքի չի ընկնում իր ակտիվ  կարգավորող գործառույթներով։ «Որոշ հեռուստաընկերությունների գործունեությունը չի համապատասխանում ՀՀ օրենքներին ու միջազգային պարտավորություններին, կան հեռարձակողներ, որոնք թեմատիկ առումով չեն ապահովում  իրենց արտոնագրի պահանջները. ամենադասական օրինակը «Արմնյուզ» հեռուստաընկերությունն է», – նշեց Նավասարդյանը։

ԵՄԱ նախագահը նշեց, որ ոլորտի փորձագետներն ակնկալում են ՀՌԱՀ-ի ավելի ակտիվ դերակատարությունը հատկապես օրենսդրության ձևավորման գործում։ «ՀՌԱՀ-ի հետ արդյունավետ ու կառուցողական համագործակցություն չի հաջողվել, եթե հաջողվեր, այնպիսի օրենսդրական փոփոխություն, ինչպիսին 2015-ի դեկտեմբերի 18-ինն էր, չէր կատարվի։ Այդպիսի օրենքները չեն կարող նպաստել ոլորտի զարգացմանը», – եզրափակեց Նավասարդյանը։

Քննարկմանը ներկա մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները ևս արտահայտեցին իրենց մտահոգությունը՝ նշելով, որ անալոգային ռեժիմով գործունեությունը շարունակելու թույլտվությունը իրենց տանում է ոչ թե զարգացման, այլ «դանդաղ մահվան»։ Ընդգծելով, որ այս հիմնահարցի լուծման թիվ մեկ ճանապարհը քաղաքական է, նրանցից շատերը հարց բարձրացրեցին՝ ի վերջո իշխանությունների կողմից կդրսևորվի՞ արդյոք քաղաքական կամք՝ խնդիրը կարգավորելու համար։ Այդ հարցն առայժմ մնում է առկախ։

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Share