Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի եռամսյակային զեկույց (հուլիս-սեպտեմբեր, 2016 թ.)

2016 թվականի երրորդ եռամսյակը ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բազմաթիվ բռնությունների եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումների ժամանակահատված էր։ Ընդ որում՝ այդ բռնարարքների մեծ մասը իրականացրել են իրավապահ մարմինները՝ չարաշահելով իրենց լիազորությունները։

Լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների հերթական ալիքը բարձրացավ հուլիսի երկրորդ կեսին. «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակումից հետո Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ծավալված իրադարձությունների լուսաբանման ժամանակ։ Իսկ դրա գագաթնակետը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերն էր, երբ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին նաեւ լրագրողների ու օպերատորների նկատմամբ։ Այդ օրը ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 16 աշխատակիցներ։ ԶԼՄ-ների եւս 3 ներկայացուցիչներ հարձակման թիրախ են դարձել հուլիսի 17-29-ն ընկած ժամանակահատվածում։

Ֆիզիկական բռնության 1 դեպք էլ գրանցվել է սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։

Այսպիսով, երրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր։ Բացի այդ, ս. թ. երրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 16 փաստ։ Գրանցվել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 9 դեպք։

ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության համար անբարենպաստ քաղաքական միջավայրի մասին են վկայում նաեւ արձանագրված մի շարք դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու այլ հայտնի անձինք արհամարհական ու վիրավորական արտահայտություններ են թույլ տվել լրագրողների հասցեին։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, ապա այս առումով կարեւոր էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ գործընկեր կազմակերպությունների՝ Երեւանի մամուլի ակումբի ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած օրինագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում։ Փաստաթղթի հեղինակները առաջարկում են թվային հեռարձակման պայմաններում ազատականացնել մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը շուկա, ինչպես նաեւ հստակեցնել մարզերում գործող այն տեղական հեռուստաընկերությունների կարգավիճակը, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով։ Օրինագիծը սեպտեմբերի 15-ին ներկայացվել է Ազգային ժողովի 6 խմբակցություններին։

Վերոհիշյալ իրադարձությունների ու խնդիրների մանրամասները՝ զեկույցի համապատասխան բաժիններում:

Կարդալ ավելին

Share