Մարզերում գործող հեռուստաընկերությունների վիճակը տագնապալի է. ի՞նչ լուծումներ են առաջարկվում

 

original-23-11_edited

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ նոյեմբերի 23-ին  անցկացրեց «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված  մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով «կլոր սեղան»։ Այս քննարկման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում անալոգային հեռարձակումն անջատելուց հետո 11 տեղական հեռուստաընկերություններ շատ արագ սկսեցին կորցնել իրենց լսարանն ու գովազդատուներին եւ հայտնվեցին փակման եզրին։

Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ այս  վտանգի մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ միասին տարիներ շարունակ բարձրաձայնում էր, սակայն այդ նախազգուշացումները, ցավոք, անտեսվեցին, եւ այսօր արդեն շտապ քայլեր է պետք ձեռնարկել այս հեռուստաընկերություններին փրկելու համար։ Նրա խոսքով՝ 2015թ. դեկտեմբերի 18-ին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո իրավիճակը ոչ միայն չշտկվեց, այլ էլ ավելի վատթարացավ։ Թեեւ հեռուստաընկերություններին հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսի ի հայտ գալը, սակայն այս տարի հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չկայացավ, իսկ անալոգային հեռարձակումը, ինչպես նշվեց, անջատվեց։ Բնական է, որ ստեղծված պայմաններում այս հեռուստաընկերություններն ավելի շուտ կփակվեն, քան իրականություն կդառնա մասնավոր մուլտիպլեքսի մուտքը շուկա:

Շարունակելով իր խոսքը՝ ԽԱՊԿ նախագահը տեղեկացրեց, որ այս իրավիճակը քննարկելու եւ հնարավոր լուծումներ գտնելու համար մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ։ Ազգային ժողով է ներկայացվել երկու օրինագիծ, սակայն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրել են, որ սրանք լուրջ օրենսդրական փոփոխություններ են եւ կարող են իրականացվել միայն խորհրդարանական ընտրություններից հետո: «Տեղական հեռուստաընկերություններն արդեն սկսել են կորցնել իրենց լսարանը, եթե սպասենք ընտրությունների ավարտին, դրանք կդադարեն գործել»,- նկատեց Աշոտ Մելիքյանը՝ ընդգծելով, որ մինչ ընտրությունները որպես միջանկյալ լուծում՝ առաջարկվում է դրանց ժամանակավորապես ընդգրկել հանրային թվային ցանց, իսկ հետո զբաղվել օրենսդրական փոփոխություններով եւ մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմամբ։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ տեխնիկապես տեղական հեռուստաընկերություններին հնարավոր է ընդգրկել հանրային ցանց։ Դրա համար անհրաժեշտ է միայն պակաս սարքերի համալրում։ «Եթե օրենսդիր մարմինը որոշում կայացնի այս ընկերություններին ինտեգրել թվային ցանց, այսօրվա մեր մարզային հաղորդակների թողունակությունը դրա հնարավորությունը տալիս է,  ընդամենը պետք է ժամանակավորապես սահմանափակել հանրապետական  սփռման ընկերությունների հաղորդումների HD ձևաչափով հեռարձակումը մարզերում», – նշեց Գրիգոր Ամալյանը։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ այդ միջանկյալ լուծման համար չի կարելի շատ երկար ժամկետ սահմանել, քանի որ մասնավոր մուլտիպլեքսների ծնունդը կդառնա պակաս գրավիչ կամ պակաս հավանական. չէ՞ որ այդ հեռուստաընկերություններն այն պոտենցիալ բաժանորդներն են, որոնք պետք է օգտվեն մասնավորի ծառայություններից: Գրիգոր Ամալյանը նաեւ նշեց, որ հանրային ցանցին ինտեգրվելը ենթադրում է որոշակի նյութական ծախսեր, որոնք պետք է հիմնավորված լինեն, թե ինչ պայմաններով են արվում։

«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը հետաքրքրվել է համաշխարհային փորձով, թե ինչ դժվարություններ են ունեցել հեռուստաընկերությունները թվայնացմանն անցնելու ճանապարհին. ոչ մի նախադեպ չի գտել, որ նրանք հայտնվեն փակման եզրին։ Վստահ է՝ եթե լինի քաղաքական կամք, Հայաստանում նույնպես հեռարձակման ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն։ «Դեռ հավատում եմ, որ ապրում եմ ժողովրդավարական պետությունում, ու որ 21-րդ դարում անթույլատրելի է փակել մարզային մասնավոր հեռուստաընկերություն», – նշեց նա։

ՀՌԱՀ նորընտիր անդամ Տիգրան Հակոբյանը վստահեցրեց, որ մարզային հեռուստաընկերությունները փակելու քաղաքական որոշում չկա։ «Չկա ոչ թե նրա համար, որ մենք ազատությանը միտված, ազատ խոսքը պաշտպանող իշխանություններ ունենք, այլ քանի որ մարզային հեռուստաընկերությունների մեջ իշխանությունը վտանգ չի տեսնում», – նշեց նա։ ՀՌԱՀ անդամի խոսքով՝ հարկավոր է հստակ առաջարկների փաթեթ կազմել և մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը փորձել գտնել մարզային հեռուստաընկերություններին փրկելու միջանկյալ լուծում։

Քննարկմանը մասնակից մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներին մտահոգում է դաշտում տիրող անորոշությունը։ Նրանք համոզմունք հայտնեցին, որ մասնավոր մուլտիպլեքսորի մուտքը շուկա շատ դժվար է լինելու, քանի որ այսօր գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հանրային ցանցում են։ Միայն մարզերում գործող տեղական հեռուստաընկերւթյուններն են, որ առանց թվային հեռարձակման հնարավորության են մնացել։ Եվ դժվար է պատկերացնել, որ միայն նրանց համար ամբողջ Հայաստանն ընդգրկող խոշոր մասնավոր մուլտիպլեքս կստեղծվի։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը եւս կարծում է, որ մասնավոր մեծ մուլտիպլեքսի մոդելը որքան էլ ցանկանանք, չի կարող իրականություն դառնալ։ «Բոլոր հարցերը տեխնիկական տեսակետից լուծված են: Ո՞վ պետք է գնա մասնավոր մուլտիպլեքսի հետ աշխատի, հատկապես եթե այդքան հսկայական ներդրումներ լինեն սահմանված, և այդ ի՞նչ ծախսերի առջև պետք է կանգնեցնեն մասնավոր հեռուստաընկերություններին, որ նրանք կարողանան վճարել», – նշեց Նունե Սարգսյանը՝ քննարկման մասնակիցներին հիշեցնելով Վրաստանի փորձը։ – Ինչո՞ւ է այս երկրում հաջողվել մասնավոր մուլտիպլեքսների մուտքը շուկա. քանի որ հանրային մուլտիպլեքսով սփռվում է միայն հանրային հեռուստատեսությունը, իսկ մասնավորներով՝ մնացած հեռուստաընկերությունները: Մեր տեղական հեռուստաընկերությունների հարցը լուծելու համար հարկավոր է աշխատանքային խումբ ստեղծել, բոլորին տալ հավասար իրավունքներ։ Հետո նրանք կփակվեն, թե չեն փակվի, դա արդեն իրենց գործն է», – նշեց Նունե Սարգսյանը։

Ոլորտի մասնագետներն ընդգծեցին, որ թեև բոլոր քննարկումների ժամանակ պատկան մարմինները հավաստիացնում են, թե մարզային անալոգային հեռուստաընկերությունները փակելու վերաբերյալ քաղաքական որոշում չկա, սակայն ստեղծված պայմաններն ու իրավիճակը, օրենքն ու գործընթացներն ակնհայտորեն տանում են դեպի այս հեռուստաընկերությունների գործունեության դադարեցում, ինչն անթույլատրելի է։ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ խնդրի առնչությամբ հանդիպում է եղել նաև նախագահական նստավայրում։ Խոստացել են՝ առաջիկա 10 օրերի ընթացքում հարցի որոշակի լուծումներ գտնել։ «Ինչպիսին դա կլինի՝ ցույց կտա ժամանակը։ Մենք շարունակում ենք պնդել, որ ոլորտը բարեփոխելու համար լուրջ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Բայց քանի որ իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր կլինի միայն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, ապա, որպես ժամանակավոր լուծում,  մարզերում գործող տեղական հեռուստաընկերությունները պայմանագրային հիմունքներով պետք է ընդգրկվեն հանրային հեռարձակման թվային ցանց մինչև մասնավոր մուլտիպլեքսի գործունեության սկիզբը», – նշեց նա։ ԽԱՊԿ նախագահը նաեւ ընդգծեց, որ միայն այսպես կարելի է փրկել այդ հեռուստաընկերություններին, ու դրա համար պայքար է իրականացվելու բոլոր օրինական միջոցներով։

 

Լիլիթ Հովհաննիսյան

 

Share