Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները Հայաստանում եւ Վրաստանում

Թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ու տարածման պայմաններում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նորանոր մարտահրավերներ են ի հայտ գալիս։ Ընդ որում՝ խնդիրներն այնքան լուրջ են, որ պահանջում են ե՛ւ օրենսդրական, ե՛ւ կառավարման բարեփոխումներ, ինչպես նաեւ տեխնիկական նոր լուծումներ։ Այս առումով կարեւոր է նաեւ ուսումնասիրել միջազգային փորձը, այդ թվում՝ հարեւան Վրաստանի, որտեղ ավելի շուտ, քան Հայաստանում, պետական մակարդակով սկսել են զբաղվել անձնական տվյալների պաշտպանությամբ, դրա համար ստեղծել են անկախ մարմին, որն արդեն իսկ հասել է որոշակի հաջողությունների։

Նկատի ունենալով ոլորտի խնդիրների հրատապությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ դեկտեմբերի 6-ին Երեւանում անցկացրեց «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ» թեմայով հանրային քննարկում: Մասնակիցներն էին պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու համընդհանուր ներդրման պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունը գործունեության համեմատաբար նոր ոլորտ է։ Այսպես, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ընդհամենը մեկուկես տարի առաջ՝ 2015թ. մայիսին, իսկ համապատասխան գործակալությունը, որը ՀՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներից է, ստեղծվել է նույն թվականի հոկտեմբերին։ «Գործունեության այս ոլորտը նաեւ քիչ հետազոտված է, ուստի գերակա ուղղությունների մշակումն ու խնդիրների լուծումները պետք է պետության եւ հասարակության ուշադրության կենտրոնում լինեն», – նշեց Աշոտ Մելիքյանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա  Մինասյանը, ով ընդգծեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք օրենքի վրա հիմնված իրավունքի պաշտպանության մեծ ավանդույթ ունեն, շատ լուրջ տարաձայնությունների են հանդիպում այս ոլորտում։ «Չնայած թվում է մի իրավունքի, նեղ հարցի բնագավառ է, սակայն կապված է բազում խնդիրների հետ. սկսած երկրի սահման հատելուց, վերջացրած առողջապահությամբ, կրթությունով եւ որեւէ անձնական կյանքի փաստով։ Ինչպե՞ս այս ամբողջը պաշտպանել: Քննարկման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի օրինակով կարող ենք իրավիճակի համեմատություն անել ու հասկանալ, թե ինչպես է այս իրավունքը պաշտպանվում երկու երկրներում», – ասաց Լարիսա Մինասյանը։

Քննարկման հիմնական զեկուցողներն էին ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը եւ Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին։

Շուշան Դոյդոյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի աշխատանքները, նշելով, որ թեեւ չկա այնպիսի ոլորտ, որում անձնական կյանքի պաշտպանության խնդիրը չծագի, այդուհանդերձ, գործակալությունն առաջին տարվա գործունեության համար ընտրել է երեք  կարևորագույն ուղղություն։ Դրանք տեսահսկման տվյալների օգտագործման, անցանկալի հաղորդագրությունների տարածման եւ անչափահասների անձնական տվյալների պաշտպանության ոլորտներն են։ Մշակվել եւ ընդունվել է տեսահսկման ուղեցույց, որը չունի պարտադիր կատարման պահանջ, բայց դա խորհրդատվություն է, որին պետք է հետեւի տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր անձ։

Անդրադառնալով անցանկալի հաղորդագրությունների խնդրին՝  Շուշան Դոյդոյանը տեղեկացրեց, որ անձն իր բջջային հեռախոսահամարին չպետք է ստանա որեւէ տեսակի առեւտրային բնույթի հաղորդագրություն, եթե դրա համաձայնությունը չի տվել, իսկ եթե տվել է, այն հետ կանչելու հնարավորություն պետք է ունենա: Այս առնչությամբ մշակվել է օրենքի նախագիծ, որը կառավարությունում է:

Երրորդ կարևոր ուղղությունը՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, Շուշան Դոյդոյանի խոսքով, մեր երկրի, ժողովրդի համար կարեւորագույն խնդիր է։ «Վերջերս եղան խնդրահարույց դեպքեր, երբ երեխաների անձնական տվյալները, ինչպես նաեւ  լուսանկարները հրապարակվեցին մամուլով։ Այս պահին մշակում ենք ուղեցույց, որը վերջնական կընդունվի միայն հասարակական կարծիքը լսելուց, քննարկումներից հետո», – նշեց գործակալության պետը: Ընդգծելով, որ կառույցն ունի վարչական պատասխանատվություն սահմանելու լիազորություն՝ Շուշան Դոյդոյանը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում թեեւ հարուցվել է 8 վարչական վարույթ, սակայն դրանցից որևէ մեկով պատասխանատվության ենթարկելու որոշում չի կայացվել։ «Թեև Հայաստանում ամենաազդեցիկ ու ամենագործող մեխանիզմը տուգանքն է, այդուհանդերձ, մեր գործակալությունը որդեգրեց իրազեկման, խորհրդատվական բնույթ ունեցող քաղաքականություն։ Իրազեկելուց  հետո միայն մահակը կվերցնենք ու կսկսենք պատժելու գործընթաց», – տեղեկացրեց  Շուշան Դոյդոյանը։

Իսկ ահա Վրաստանում, ինչպես նշեց հարեւան երկրի Անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին, մահակն արդեն վերցրել են: Անձնական տվյալների պաշտպանության խնդիրներով այստեղ զբաղվում են շուրջ 4 տարի: Ինչպես իր ելույթում նշեց Թամար Կալդանին, վարույթների  ու տուգանքների միջոցով բավական մեծ արդյունքների են հասել: Բանախոսը տեղեկացրեց, որ տեսուչի գործառույթը շատ կարեւոր է Վրաստանում. տրված են բավական մեծ լիազորություններ: «Օրինակ, օրենսդրական փոփոխությունների շնորհիվ սահմանափակել ենք ծպտված գործառույթները, մասնավորապես՝ գաղտնալսումները։ Եթե իրավապահ մարմինները նախաձեռնում են այդպիսի գործառույթ, պարտավոր են ստանալ մեր թույլտվությունը, իսկ մինչ մեր համաձայնությունը տալը, ստուգում ենք՝ ունե՞ն նրանք դատական վճիռ, թե ոչ», – ասաց Թամար Կալդանին: Ըստ նրա՝ իրավապահ մարմինները պետք է հիմնավորեն, որ այլ միջոց չկա ապացույց հավաքելու, եւ ծպտված գործողությունը միակ հնարավորությունն է։ Նա նաև տեղեկացրեց, որ շատ դատավորներ Վրաստանում մերժում են գաղտնալսումը՝ դա համարելով անընդունելի։ Թամար Կալդանիի խոսքով՝ տեսչությունը կատարում է «նախահսկողություն» եւ «հետհսկողություն»։ Օրինակ, ունեցել են դեպք, երբ առկա է եղել գաղտնալսումը սահմանափակող դատական վճիռ, սակայն գաղտնալսումը, այդուհանդերձ, արվել է: «Եթե մենք բացահայտում ենք, որ սխալներ կան գաղտնալսման ընթացքում, կարող ենք ընդհատել այն և սկսել մեր տեսչական ստուգումը: Իսկ եթե խախտումը քրեական բնույթի է լինում, այդ մասին տեղեկացնում ենք նաև դատախազությանը», – նշեց տեսուչը:

Նա պատմեց նաեւ, թե ինչպես են ստուգումներ անցկացրել այնպիսի վայրերում, որտեղ ապօրինաբար տեսաձայնագրել են քաղաքացիներին։ Օրինակ, պարզվել է, որ դեղատներում ձայնագրում են այցելուների զրույցները։ Հարցին՝ ինչու՞ եք ձայնագրում, պատասխանել են՝ իբր սպասարկման որակն են ցանկանում բարելավվել։ «Արգելել ենք տեսաձայնագրումը, տույժեր ենք նշանակել և պահանջել ենք, որ նախկինում արված ձայնագրությունները ոչնչացվեն: Հիմա կարող են իրականացնել տեսահոսկողություն, բայց ոչ ձայնահսկողություն», – նշեց Թամար Կալդանին՝ ընդգծելով, որ Վրաստանում բոլորը գիտեն՝ եթե տեսուչը եկավ՝ վարույթից խուսափելն անհնար է։

Քննարկման ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մտահոգություն հայտնեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ հայաստանյան Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի հասանելիություն ունենալու առումով: «Մեր երկրում մարդկանց անձնական տվյալների ամենամեծ բազաներից մեկը սահմանային անցակետերում քաղաքացիների ելումուտի մասին տեղեկությունների պարունակությունն է: Հայաստանի ԱԱԾ-ից մենք գրություն ենք ստացել, համաձայն որի՝ ռուսական անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը մուտք ունի ՍԷԿՏ համակարգ: Սա նշանակում է, որ ՌԴ անվտանգության ծառայությունը տեսնում է, թե վերջին յոթ տարում ՀՀ-ից ով է սահմանը հատել, որ անցակետով, որ ուղղությամբ, ինչ փաստաթղթով, ինչ տրանսպորտային միջոցով և ում հետ: Սա մտահոգիչ է, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ միայն ՀՀ պետական մարմիններն են, որ կարող են մուտքի իրավունք ունենալ ՍԷԿՏ համակարգ ու որևէ օտարերկրյա մարմին այդտեղ թվարկված չէ», – նշեց Դանիել Իոաննիսյանը։ Նա նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մտադիր է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ի պատասխան՝ Շուշան Դոյդոյանը խոստացավ, որ այս ահազանգը կուսումնասիրեն, որից հետո կսկսեն գործընթաց: «Երկու դեպքում է դա օրինական՝ եթե կա անձանց համաձայնություն կամ առկա է միջազգային պայմանագիր: Հակառակ դեպքում գործընթացն անօրինական է, հետևաբար՝ կսկսենք օրենքով սահմանված մեր լիազորությունների իրականացումը», – նշեց նա:

Հանրային քննարկման մասնակիցները վեր հանեցին նաև խնդիրներ՝ կապված բուժհաստատություններում պացիենտների անձնական տվյալների պաշտպանության, ավտոմեքենաների անօրինական կայանման դեպքում մեկ անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն սահմանելու համար այլոց անձնական տվյալներ ապօրինի հավաքելու, մշակելու և պահպանելու պրակտիկայի և այլ խախտումների հետ:

Ի դեպ, հանրային քննարկմանը չմասնակցեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի նա պետք է ողջույնի խոսքով հանդես գար։ Ավելին՝ նա նույնիսկ անհրաժեշտ չհամարեց նախապես զգուշացնել, որ ներկա չի գտնվելու միջոցառմանը։

 

Լիլիթ Հովհաննիսյան

Share