«Aysor.am». Բլոգեր Լապշինի հետապնդման համար հիմք է ծառայել նրա լրագրողական գործունեությունը. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ եթե Մինսկում ձերբակալված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնվի Ադրբեջանում, ապա նրան անհիմն կարող են մեղադրել մի քանի քրեական հոդվածներով, իսկ բանտում նրա համար անտանելի պայմաններ կստեղծվեն:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ Լապշինը հավանաբար կունենա լրագրողական և միջազգային հանրության պաշտպանության կարիքը, քանի որ Բելառուսում ևս ժողովրդավարական բարքեր չեն տիրում:

«Գիտեմ, որ Ադրբեջանում էլ կան որոշ մարդիկ, որոնք արդեն իրենց ձայնը բարձրացրել են՝ ի պաշտպանություն Լապշինի: Կարծում եմ՝ Բելառուսի իշխանություններն էլ պետք է հասկանան, որ այդ կոնֆլիկտային իրավիճակում իր պարտականությունները կատարած անձին չի կարելի այդպիսի հետապնդումների ենթարկել, էլ չեմ ասում, որևէ պայմանով նրան Ադրբեջանին հանձնել», – ասաց նա:

Վերջինիս պնդմամբ՝ Լապշինի դեմ սկսած հետապնդման համար հիմք է ծառայել նաև լրագրողական գործունեությունը:

«Այս անգամ Ադրբեջանի սև ցուցակում հայտնված մարդուն հետապնդում են նաև այլ պետություններում: Սա շարունակությունն է այն միջնադարյան մտածելակերպով վարվող քաղաքականության, որն իրականացնում է Ադրբեջանը», – ասաց Ա.Մելիքյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Լապշինի ձերբակալումը որակել էր որպես Բելառուսի և Ադրբեջանի համագործակցության հետևանք:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ, անդրադառնալով Լապշինի դեպքին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր այն կարծիքը, որ մարդը չի կարող Բաքվի բանտում իրեն անվտանգ զգալ, ինչի լավագույն ապացույցը լրագրողների ու բլոգերների նախորդ ձերբակալումների պատմություններն են:

Share