ԱԺ Էթիկայի հանձնաժողովը այդպես էլ չքննեց Ռուբիկ Հակոբյանի վարքագիծը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նամակ է ստացել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովից, որով տեղեկացվում է, որ ԽԱՊԿ-ի դիմումը՝  կապված ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ բռնություն կիրառելու հետ, «համարվում է մերժված»։

Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 7-ին Վահե Մակարյանը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Լրագրողի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» կսովորեցնի լրագրողին, իսկ լրագրողն էլ հակադարձել է, թե ինքը կարող է սովորեցնել։ Այս զրույցը շարունակելու համար պատգամավորը լրագրողին առաջարկել է առանձնանալ եւ, ըստ Վահե Մակարյանի՝ վեճի ընթացքում բռունցքով հարվածել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Հարվածի հետքն ակնհայտորեն երեւում էր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, որտեղ լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ։ Պատգամավորն իր պահվածքը հիմնավորել է լրագրողի հանդուգն վարքով։

Լրագրողական 9 կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից՝ ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից եւ ապագայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս բացառել անվայել պահվածք դրսեւորելը, իսկ Աժ Էթիկայի հարցերով ժամանակավոր  հանձնաժողովից՝ քննարկել տեղի ունեցածը եւ հրապարակել եզրակացությունը։

Միջադեպի հաջորդ օրը Ռուբիկ Հակոբյանը ներողություն խնդրեց, բայց ոչ թե Վահե Մակարյանից, այլ՝ խորհրդարանից, որ կատարվածի պատճառով ԱԺ-ի հասցեին բացասական գնահատականներ են հնչել:

Ռուբիկ Հակոբյանի՝ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2016 թ. դեկտեմբերի 21-ին պատվիրված նամակով դիմում ուղարկեց Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, սակայն խորհրդարանից պնդում էին, թե նամակը չեն ստացել։ Ս. թ. փետրվարի 14-ին ԽԱՊԿ-ը կրկին դիմում ուղարկեց Ազգային ժողով։ Այս անգամ նամակը տեղ հասավ, և մարտի 6-ին հանձնաժողովը դիմումի քննությունն սկսելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Մայիսին ԽԱՊԿ-ը, ինչպես արդեն նշեցինք, գրավոր նամակով ծանուցվեց, որ հանձնաժողովը մերժված է համարել դիմումը: Պատասխան նամակում հղում է կատարվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի տարբեր դրույթներին՝ համաձայն որոնց եթե հանձնաժողովը սահմանված ժամկետում չի ավարտում հարցի քննությունը, դիմումը համարվում է մերժված։ Ավելի մանրամասն պարզաբանում ստանալու ակնկալիքով կապ հաստատեցինք հանձնաժողովի քարտուղար Լիանա Սիմոնյանի հետ, ով նշեց.  «Հանձնաժողովի անդամների մեծ մասը նախընտրական քարոզարշավի էր մասնակցում և քվորումի բացակայության պատճառով չհաջողվեց նիստ գումարել: Ըստ օրենքի՝ եթե սահմանված ժամկետում վարույթը չի ավարտվում, որոշում չի ընդունվում, դիմումը համարվում է մերժված»։

Լրագրող Վահե Մակարյանը հանձնաժողովի այս որոշումը գնահատում է որպես  կառույցի անգործության ու անպատասխանատվության հետևանք: ԽԱՊԿ-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ առանձնապես մեծ սպասելիքներ չի ունեցել այս մարմնից՝ հաշվի առնելով դրա՝ սահմանափակ լիազորություններ ունենալու հանգամանքը։ «ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը քննում է ընդամենը պատգամավորի վարքը, սակայն արդյունքում որևէ պատասխանատվություն կամ պատիժ չի սահմանում։ Այն ի սկզբանե ձևական բնույթ կրող, անպտուղ գործառույթներով մարմին է եղել։ Սակայն երբ այդ մարմինն անգամ օրենքով սահմանված իր գործառույթը չի կատարում, ապա դա վկայում է նրա անգործության մասին։ Տեխնիկական պատճառներ բերելով՝ ուզում են արդարացնել դիմումի մերժումը։ Իրականում այսկերպ փորձ է արվում կոծկել հարցը, նիստ չգումարել, ավելորդ աղմուկ չբարձրացնել, քանի որ դա հայտնվելու էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում», – նշեց Վահե Մակարյանը։ Ըստ նրա՝ այսպիսի միտում նկատվեց նաև իրավապահ մարմիններում. ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվեց։ Լրագրողի կարծիքով՝ Էթիկայի հանձնաժողովն էլ իր չափով է ոտնահարում լրագրողի իրավունքն ու անտեսում պատգամավորի անվայել վարքագիծը։

Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ լրագրողի նկատմամբ բռնություն է կիրառվել,  սակայն նա զրկված է իրավական պաշտպանության միջոցից։ «Նախ հարուցված քրեական գործն է կարճվել։ Լրագրողը դատարանում դեռ վիճարկում է այդ որոշումը։ Էթիկայի հանձնաժողովն էլ իր հերթին է մերժում պատգամավորի վարքագիծը քննելու վերաբերյալ դիմումը։ Սահմանված ժամկետում վարույթը չավարտելը ոչ թե լրագրողի, այլ հանձնաժողովի խնդիրն է։ Դիմումը ներկայացվել է փետրվարին, ցանկության դեպքում կարող էին հասցնել քննել այն։ Մինչդեռ սպասել են մինչև լուծարվի Ազգային ժողովը, հետո հիմնավորեն, որ այլևս այդ Ազգային ժողովը, այդ օրենքը չի գործում, ԱԺ-ի այդ անձն էլ՝ սուբյեկտը, այլևս պատգամավոր չէ, այսինքն՝ վարույթը  հնարավոր չէ իրականացնել։ Պարզ է, որ միտումնավոր են ձգձգել», – նշեց իրավաբանը։ Ըստ նրա՝ հարցն այնքան կարևոր է, որ պատգամավորներն իրենք պետք է գիտակցեին ու գային այդ նիստին, քանի որ հասարակական առաքելություն իրականացնող անձի՝ լրագրողի նկատմամբ ոտնձգությունը հատկապես օրենսդիրին պետք է հետաքրքրի։ «Ի վերջո լրագրողն իր սեփական նեղ անձնական կարիքների համար չի մոտեցել ու հարցադրում արել», – նշեց Արա Ղազարյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով ևս պատգամավորներն իրենք պետք է շահագրգռված լինեին Էթիկայի հանձնաժողովի նիստ գումարել և քննել հանրային հետաքրքրություն առաջացրած ու լուրջ քննադատության արժանացած հարցը։ Մինչդեռ այդ հանձնաժողովը զուտ բյուրոկրատական մոտեցում է դրսևորել՝ փորձելով բացատրել, թե ինչու չի անդրադարձել խնդրին։ «Սա հերթական գործոնն է, որը նվազեցնում է հասարակության, տվյալ դեպքում նաև լրագրողական հանրության՝ խորհրդարանի նկատմամբ ունեցած վստահությունը։ Սա շատ վատ նախադեպ է հետագայի համար։ Կարծում եմ՝ հենց խորհրդարանը խստորեն պետք է քննադատի հանձնաժողովի այս գործելաոճը։ Էթիկայի հանձնաժողովը նրա համար չէ, որ ամեն կերպ պաշտպանի պատգամավորների համբավը։ Հակառակը՝ ԱԺ-ն պետք է քննադատաբար տրամադրվի պատգամավորի՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու յուրաքանչյուր դեպքին։ Հենց դա կարող է նպաստել խորհրդարանի նկատմամբ վստահության բարձրացմանը, – նշեց Բորիս Նավասարդյանը։

Նոր խորհրդարանում նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովը կձևավորվի անհրաժեշտության դեպքում՝ ըստ յուրաքանչյուր բողոքի։ Եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը ևս շարունակի աշխատել նույն մոտեցումներով, բողոքները կարող են բյուրոկրատական հնարքներով կոծկվել և գործն այդպես էլ չհասնի հանձնաժողով ստեղծելուն։

Իսկ մեզ մնում է արձանագրել, որ լրագրողի նկատմամբ բռնության ևս մեկ դեպք մնաց անպատիժ…

Լիլիթ Հովհաննիսյան

 

Share