«azatutyun.am». «Բոլոր նախագահների օրոք էլ հայաստանյան մամուլը հետընթաց է ապրել»․ Մելիքյան

Ամփոփելով Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահության շրջանում մամուլի ազատության վիճակը, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստում են՝ Սարգսյանը ոչ միայն չլուծեց նախորդների ստեղծած խնդիրները, այլև նորերը ավելացրեց մեդիա դաշտում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը հիշում է Սարգսյանի նախագահության սկիզբը, երբ նա փորձում էր բաց աշխատել, սակայն դա շատ կարճ տևեց։ Ասուլիսներին հաջորդեց խտրական մոտեցումը՝ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում, հետո արդեն մեկ տարվա ընթացքում երկու հարցազրույց՝ կոնկրետ մեկ լրատվամիջոցի։

«Նույնիսկ եղել է, որ տարօրինակ ֆորմատ եղավ, երբ որոշակի խմբով եղավ ասուլիս, դրանից հետո որոշեցին, որ այդ ասուլիսը ոչ մեկը չի հեռարձակի այնքան ժամանակ, մինչև նախագահականում դա չդրվի», – հիշում է Գեղամ Վարդանյանը: – «Եղել են, իհարկե, հարցազրույցներ, ճեպազրույցներ տարբեր այցերի ժամանակ, ինչ-որ դեպքերում կարողացել են լրագրողները հարցեր սպրդեցնել ՀՀ նախագահի ընտրարշավի ժամանակ, երբ մենք ստացել ենք առնվազն երկու շատ ուրախ պատասխան, որոնցից մեկը հայտնի՝ 2013-ի պատասխանն է՝ ինչքան ուզենք, էնքան կխփենք: Նկատի ունեմ՝ տարիների ընթացքում կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ նրա թիմը աշխատել են հնարավորինս խուսափել ոչ պատրաստի հարցերից և մեծ մասամբ դա նրանց հաջողվել է»:

Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներին նախագահի գործունեությունը լուսաբանվեց այնքան, որքանով դա ձեռնտու էր Նախագահականին, այս և այլ խնդիրներն է թվարկում Գեղամ Վարդանյանը․ – «Հայաստանի մարզեր այցերը նույնիսկ տեսանկարահանվում են և փոխանցվում են հանրությանը լրատվամիջոցների միջոցով ճիշտ այնքան, ինչքան որ ցանկալի է: Զբաղվում են նախագահի կերպարով՝ այսպես ասած: Եվ դա խիստ վերահսկելի է, այդ խաղի կանոնները ընդունված են և այդ «լավագույն փորձը» կամաց-կամաց փոխանցվելու է Կառավարություն և մյուս գերատեսչություններ»:

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները պնդում են՝ Սերժ Սարգսյանը նախորդներից չտարբերվեց։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեց Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որոնց օրոք ևս ճնշումներ և սահմանափակումներ կային։

«Բոլոր նախագահների օրոք էլ հայաստանյան մամուլը հետընթաց է ապրել», – ասում է Մելիքյանը։ – «Ես պետք է նշեմ, որ ամեն մի նախագահի օրոք յուրովի են եղել ճնշումները, և եթե հայացք նետենք 90-ականների կեսերը, հնարավոր չէ չհիշել, թե այդ ազատ պայմաններից հետո ինչպես իշխանությունները որոշեցին ճնշել ընդդիմադիր Դաշնակցության մամուլը ամբողջությամբ և տասնյակ խմբագրություններ ուղղակի ջարդուփշուր արվեցին»:

Գեղամ Վարդանյանը փաստում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության սկզբում լրագրողների նկատմամբ բռնությունները, նախորդների համեմատ, պակասել էին, սակայն 2015-ից սկսած «այդ բացը» լրացվեց։ 2015-ին «էլեկտրիկ Երևանի», իսկ մեկ տարի անց էլ՝ 2016-ին, ՊՊԾ գնդի գրավման օրերը լրագրողական աշխարհում հիշվում են նաև որպես բռնությունների շրջան․ – «Իրականում 2008-ից մինչև 2015 թվականը երևի համեմատաբար ավելի քիչ էին եղել ֆիզիկական ճնշումներն ու բռնությունները, բայց 2015-16-ին «ընկավ իր տեղը» այդ տեսակետից»:

Աշոտ Մելիքյանի ղեկավարած կազմակերպության տվյալներով՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ բռնության ենթարկվեց 22 լրագրող։ Հարուցված քրեական գործերով դատապարտվեց միայն 4 ոստիկան։ Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի գրավման օրերին լրագրողների վրա տեղի ունեցած հարձակումներին, ապա տուժած 20 լրագրողի դեպքում մեղադրյալ է ճանաչվել 9 քաղաքացիական անձ։ Աշոտ Մելիքյանը հիշատակում է նաև 2017 թվականի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ կատարված հարձակումները։ Առնվազն 17 լրագրող բռնության ենթարկվեց։ Բռնության և խոչընդոտումների 29 դեպքից միայն 7-ի վերաբերյալ քրեական գործ հարուցվեց, որոնցից 5-ը կարճվեց «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ, և դատարան հասավ միայն 2 գործ։

«Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումները անհամեմատ ավելի շատ են, քան դրանց համար պատասխանատվության ենթարկված անձինք», – արձանագրում է Մելիքյանը:

Փորձագետները նշում են՝ մի կողմից նախագահության տասը տարիներին Սերժ Սարգսյանն ու նրա թիմը սահմանափակեցին լրագրողների գործունեությունը՝ ընդհուպ Կառավարության և Երևանի ավագանու նիստերը դարձնելով դռնփակ, մյուս կողմից էլ իրենց օնլայն լրատվամիջոցները բացեցին՝ փորձելով այդ կերպ ևս վերահսկել ոլորտը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Կառավարության և Երևանի ավագանու նիստերը դռնփակ դարձնելու օրենսդրության հեղինակներից է։ Անցած շաբաթ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գոհ է իր նախաձեռնությունից։ – «Այո, գոհ եմ: Ընդհանրապես, որևէ քայլ երբ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ՝ փորձում եմ անել այն, ինչ, իմ կարծիքով, կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում՝ ավելի որակյալ որոշումներ ընդունվեն», – հայտարարել էր նախարարը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչում» Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 5 տեղով ավելի ցածր, քան 2016-ին:

Կազմակերպությունն անցած շաբաթ բարձրաձայնել էր Հայաստանում մամուլի ազատության անկման մասին: Փարիզում տեղակայված կազմակերպությունը, մտահոգություն հայտնելով հատկապես Կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու օրենքների առնչությամբ, Հայաստանի խորհրդարանին կոչ էր արել վերանայել դրանք։

https://www.azatutyun.am/a/29156479.html

Share