shantnews.am. Facebook-ը դիտում են որպես քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ. Աշոտ Մելիքյան

Վերջին շրջանում  Facebook սոցիալական ցանցում  առավել հաճախակի դարձած սուր քննադատություններն ու վիրավորանքները մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք են: Նման կարծիք է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Աշոտ Մելիքյանը  հիշեցնում է, որ ընդհանրապես վիրավորանքներն ու սուր քննադատությունները սոցիալական ցանցերում նոր երևույթ չեն,  պարզապես հիմա նոր ալիք է սկսվել, որը անընդհատ թափ է առնում:

 «Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, հասարակությունը գերքաղաքականացված է, և ցանկացած քննադատություն ընդունվում է սվիններով: Բայց սա միակողմանի չէ:  Երկրում գոյություն ունեն քաղաքական ճամբարներ:  Առաջինը հաղթած հեղափոխականների և իրենց համակիրների ստվար զանգվածն է,  մյուսը՝ պարտված քաղաքական ուժի հետևորդներն են, որոնք, այնուամենայնիվ, ուժեղ դիրքեր ունեն խորհրդարանում: Չմոռանանք, որ նրանց խմբակցությունը ամենաբազմամարդն է: Եվ գոյություն ունի ընդդիմություն, որը արհամարհված է եղել թե՛ նախորդ իշխանությունների օրոք, թե՛ հիմա:   Բոլոր այդ ճամբարների համակիրները ֆեյսբուքը դիտում են որպես քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ»,- նշել է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Աշոտ Մելիքյանը անդրադարձել է նաև մի խումբ լրատվամիջոցների կողմից վերջերս հայտնած մտահոգություններին:  8 լրատվամիջոցներ հայտարարություն էին տարածել, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել պետական առանձին գերատեսչությունների և նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքներում:  Մասնավորապես, որ ասուլիսների և այլ միջոցառումների մասին  գերատեսչությունները գերադասում են ծանուցել  ֆեյսբուքյան էջերի գրառումների միջոցով:

«Բարձրաստիճան պաշտոնյաները, երբ ուղիղ եթերով, ֆեյսբուքյան էջում պատմում են իրենց գործունեության մասին, ապա որոշ առումով իրենք իրենց վրա են վերցնում մամուլի քարտուղարների և  հասարակայնության հետ կապերի վարչությունների գործառույթները: Այսինքն՝ հաճախ պետական մարմիններում անտեսվում է այդ օղակների գործունեությունը, կամ դեռ այնպես չի կազմակերպվել, ինչպես որ պետք է կազմակերպվի»,- ասել է Աշոտ Մելիքյանը:

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շեշտել է նաև,  որ ամեն դեպքում մինչև ապրիլի 23-ը որևէ մեկի մտքով չեր կարող անցնել, որևէ մի լրագրող չէր կարող պատկերացնել, որ երկրի առաջին դեմքը՝  լայվով,  ուղիղ եթերով  կպատմեր իր աշխատանքային օրվա մասին, ընդունված որոշումների մասին:
Share