Աշոտ Մելիքյանը` տեղեկատվության ազատության սահմանափակման մասին. «Պայթում է այն ականը, որը դրել էին ՀՀԿ-ականները»

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից մեկնաբանություն խնդրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի բարձրացրած խնդրի վերաբերյալ: Խոսքը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այն շրջաբերականի մասին է, որը, Արմեն Աշոտյանի ձեւակերպմամբ, սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։

«Այսօր փաստորեն պայթում է հենց  այն ականը, որը դրել են ՀՀԿ-ականները: Մենք անցյալ տարվա վերջին եւ այս տարվա սկզբին խոսում էինք, որ  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին»  օրենքն ունի դրույթներ, որոնք սահմանափակում  են տեղեկատվության ազատությունն ու խոսքի ազատությունը, սակայն այն ժամանակ քաղաքական իշխանությունն ուղղակի արհամարհում էր մեր հնչեցրած մտահոգությունը: Հետեւաբար, այսօրվա աղմուկը շատ առումներով տարօրինակ է, որովհետեւ մեծ հաշվով այն կարգը, որը որ հրապարակվել է, տեղավորվում է այդ տխրահռչակ օրենքի շրջանակներում: Չէ՞ որ այդ օրենքը նախատեսում էր, որ կառավարության անդամների ելույթները պետք է համահունչ լինեն կառավարության քաղաքականությանը եւ ընդունված ծրագրերին, դիրքորոշումներին: Չէ՞ որ այդ նույն օրենքում գրված է, որ կառավարության անդամը  կարող է տեղեկություններ հաղորդել ԶԼՄ-ներին կառավարության նիստերի մասին` միայն վարչապետի թույլտվությամբ: Այնպես որ, այս կարգը այն պահանջներն է մանրամասնում, որը որ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին  օրենքն է պահանջում»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Պարոն Մելիքյանը նաեւ շեշտեց. «Այլ հարց է, որ իսկապես այդ օրենքի դրույթները սահմանափակում են տեղեկատվության ազատությունն  ու խոսքի ազատությունը, բարդացնում են ԶԼՄ-ների աշխատանքը, եւ այս օրենքը պետք է փոխել»:

Նա նաեւ հիշեցրեց. «Երբ ընդունում էին օրենքը, նկատի ունեին, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, ուստի իր ճաշակին համապատասխան պայմաններ էին ստեղծում, համարում էին, որ դա նորմալ է: Իսկ հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանություն չէ, համարում են, որ սա խոսքի եւ տեղեկատվության ազատության  սահմանափակում է: Փաստորեն, որպեսզի մեզ հասկանային, ՀՀԿ-ականները պետք է դառնային ընդդիմություն»:

aravot.am

Share