Factor.am. «Բիրտ մեթոդ է կիրառվել». Աշոտ Մելիքյան

Yerevan today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանի կարծիքով երեկ խմբագրություն մտած քննիչները ապագայում մարսողական համակարգի հետ խնդիրներ կունենան։ Խմբագրություն ներխուժելը, համակարգիչները և դրանց կրիչները տանելը ճնշում էր խոսքի ազատության հանդեպ։

Քննիչները կայքի խմբագրությունում, ըստ Սևակ Հակոբյանի, նույնիսկ ձայնագրող սարքեր են փնտրել։ Գլխավոր խմբագիրը գիտի, որ իր կայքը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, և հենց նա է քննիչների թիրախը, փորձում են գտնել նրա և ձայնագրության հրապարակման կապը, բայց Քոչարյանը կայքի հետ կապ չունի։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ այս պատմության մեջ միակ քաղաքականն այն է, որ Yerevan touday-ի պատկանելությունը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։
«Ինքը եղել է երկրորդ նախագահ, հիմա հետապնդման տակ է, և եթե ինքն աջակցում է որևէ կերպ աջակցում է լրատվամիջոցի, ապա էդտեղ ենթատեքստեր շատ կարող են լինել, բայց ուղիղ քաղաքական հետապնդում դժվար է գնահատել»,- ասում է պարոն Մելիքյանը։ Տեղի ունեցածը պարոն Մելիքյանը համարում է արտառոց։ Ըստ նրա, իրավապահները վարվել են չափազանց կոշտ։ Նրանք պետք է բացատրեն, թե ինչու են այդքան կոշտությամբ փորձել անցկացնել քննությունը․ «Կոշտ, ես կասեի բիրտ մեթոդ է կիրառվել, և կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, երբ իսկապես շատ ծանրակշիռ փաստեր ի հայտ գան»։

Պարոն Մելիքյանը տեղեկացնում է, որ լրագրողական կազմակերպությունները սպասում են հենց այդ փաստերին, որոնք եթե չլինեն, ոչ ոք ուշադրություն չի դարձնի այն փաստին, թե ում է պատկանում տվյալ կայքը, մեթոդը մնում է դատապարտելի։ «Պետք է ես հատուկ ընդգծեմ, որ Yerevan touday-ի, այլ լրատվամիջոցների պարտքն էր հանրությանը ներկայացնել այն, ինչ իրենց ձեռքի տակ հայտնվել էր»,- ասում է հասարակական գործիչը։

Ի դեպ, պարոն Մելիքյանը նկատում է նաև, որ քննիչների կոշտ գործողությունները Yerevan touday-ի հանդեպ չպետք է վախեցնեն կամ կաշկանդեն լրագրողներին և լրատվամիջոցներին, իրենց սուրբ պարտքն է հրապարակել լուրը։

Factor.am

Share